Հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ - Mediamax.am

3233 դիտում

Հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրը ընթանում է սխալ ուղղությամբ, իսկ 24 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել հարցին:

Հարցվածների 31-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

 

Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացված հարցման արդյունքները, որն իրականացվել է Breavis ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1 510 քաղաքացիների շրջանում:

 

Հարցվածների 33 % ասել է, որ պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (3 %), երրորդ տեղում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

Հարցվածների միայն 1 տոկոսն է պատրաստ ձայն տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, «Լուսավոր Հայաստան»-ին, «Սասնա Ծռերին»:

 

Հարցվածների 25 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: ԲՀԿ-ի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 17 %, «Իմ քայլի» դեպքում՝ 14 %, ՀՅԴ դեպքում՝ 10 %, «Լուսավոր Հայաստանի» դեպքում՝ 8 %, Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ 1 %:

 

Հարցվածների 42 տոկոսն ասել է, որ չի քվեարկելու որեւէ ուժի օգտին, 12 տոկոսը՝ չի կողմնորոշվել: Երեւանում այդ ցուցանիշը կազմում է, համապատասխանաբար, 50 եւ 13 տոկոս:

 

Հարցվածների 28 %-ը որպես իրենց առաջնային խնդիր են նշել տնտեսական վիճակն ու գործազրկությունը: Երկրորդ տեղում բնակարանային պայմաններն են՝ որպես խնդիր դրանք մատնանշել են հարցվածների 8%-ը: Հարցվածների միայն 2 տոկոսն է որպես առաջնային խնդիր նշել ֆիզիկական անվտանգությունը կամ ռազմական հարձակման հավանականությունը:

 

Երբ հարցվածներին խնդրել են մատնանշել Հայաստանի առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրը, պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ.

 

Քաղաքական անկայունություն՝ 12 %

Տնտեսություն եւ գործազրկություն՝ 11 %

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 %

Զինված ուժերի բարեփոխման անհրաժեշտություն՝ 8 %

Կառավարության վատ աշխատանք՝ 6 %

Գերիներին վերադարձնելու անհրաժեշտություն՝ 6 %

Տարածքային եւ սահմանային խնդիրներ՝ 5 %

Հայաստանի ազգային անվտանգություն՝ 3 %

 

Հարցման ամբողջական արդյունքները (անգլերեն լեզվով) հասանելի են այս հղմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին