Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-21
«Հսկայական հիասթափություն»
Փետրվարի 15-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեռ Լինդենը հայտարարել էր, որ «խորապես հիասթափված է» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների վերջին փուլի ընթացքում «ճեղքման» բացակայությամբ:

Լուսանկարը` REUTERS
«Պետք է մեկ անգամ եւս կրկնեմ, որ առանց այս խնդրի կարգավորման տարածաշրջանում չի լինի կայուն զարգացում եւ բարեկեցություն, իսկ երեխաները չեն ունենա ապագա», - հայտարարել էր ԵԽԽՎ նախագահը` հորդորելով կողմերին «հնարավորինս շուտ վերսկսել քննարկումները` նոր վճռականությամբ»:
Սեմնեբիի նշանակումը
Փետրվարի 21-ին Եվրամիության Խորհուրդը հաստատել էր շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբիին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Լուսանկարը` ԵԱՀԿ
Պիտեր Սեմնեբիի մանդատը նախատեսում էր, որ նա պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին` օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, աղքատության կրճատման ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու հարցում:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-21
Կոալիցիայի հայտարարությունը
Փետրվարի 17-ին Հայաստանի նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ ստորագրվել էր «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Փաստաթղթում, մասնավորապես ասված էր, որ «քաղաքական կոալիցիան 2013 թվականի նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:
Օսկանյանի մտահոգությունը
Փետրվարի 18-ին Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն հայտարարել էր, որ «մենք կարող ենք կորցնել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Ակնհայտ է Ղարաբաղի շուրջ անորոշությունը, չկա այն բանակցված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդյունքում հաջողվեց ամրագրել բանակցվող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել», - ասել էր Օսկանյանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-21
«Զսպման համակարգը»
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 18-ին Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարում ասել էր, որ հայկական զինված ուժերը «Ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «Սանձահարման/Զսպման համակարգին»:
«Հայաստանի անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ձեւավորելու նպատակադրմամբ՝ նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար»,- ասել էր Դավիթ Տոնոյանը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
Նրա խոսքով՝ «Սանձահարումը/Զսպումը» Հայաստանի ԶՈՒ դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգը, որը «հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական:
«Իրականում, 25 տարվա պաշտպանողական քաղաքականությունը հանգեցրել է հակառակորդի կողմից սադրիչ գործողությունների ավելացմանը: Այնպես որ՝ Հայաստանը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»,- նշել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: