Գ. Մարգարյանի սպանությունը ցույց տվեց, որ ադրբեջացիների հետ համակեցությունն անհնար է, ասել է Հայկ Դեմոյանը - Mediamax.am

3931 դիտում

Գ. Մարգարյանի սպանությունը ցույց տվեց, որ ադրբեջացիների հետ համակեցությունն անհնար է, ասել է Հայկ Դեմոյանը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր ասել է, որ 8 տարի առաջ Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից եւ դրան հաջորդած զարգացումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայերի համակեցությունն ադրբեջանական հասարակության հետ «ուղղակի անհնար է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայկ Դեմոյանը, ով ՀՀ ՊՆ ներկայացուցիչն էր     Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության ընթացքում Բուդապեշտում, ասել է, որ Սաֆարովը եւ նրա նման մյուս սպաները բնութագրում են Ադրբեջան պետությունը, որի հասարակությունը տառապում է “մասսայական պսիխոզով”:

 

“Համակեցություն այդ հասարակության հետ չի կարող լինել: Ադրբեջանը նախ պետք է առողջացնի իր հասարակությունը, ապահովի հանդուրժողականություն հայերի հանդեպ, եւ դրանից հետո միայն նրա հետ կարելի է բանակցել ինչ-որ հարցերի շուրջ”,- ասել է Հայկ Դեմոյանը:

 

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե հունգարական բանտում Ռամիլ Սաֆարովը զբաղվում է մտավոր գործունեությամբ` Հայկ Դեմոյանն ասել է, որ դա քարոզչական քայլ է` նրան Ադրբեջան վերադարձնելու համար:

 

2004-ի փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանել էր 26-ամյա Գուրգեն Մարգարյանին` կացնահարելով քնած հայ սպային: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում:

 

2004-ի ապրիլին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին