Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 27-ին նոր որոշում է ստորագրել, որով Հայաստան ժամանող որոշ անձինք կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից։
«Ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետեւյալ անձինք.
1. պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները,
3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով ժամանողները,
5. այլ բացառիկ հիմքերով՝ պարետի թույլտվության հիման վրա:
Վերոնշյալ դեպքերում արտերկրից Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն»,- ասած է որոշման մեջ:
Նշվում է, որ վերոնշյալ անձանց տվյալները Հայաստան ժամանելուց հետո ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվելու հատուկ նշումով եւ լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում նրանք ենթակա են լինելու ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:
Մինչեւ լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանալու է ինքնամեկուսացման ցուցում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: