Ամերիկան նմանվել է փլուզվող Խորհրդային Միությանը - Mediamax.am

exclusive
6145 դիտում

Ամերիկան նմանվել է փլուզվող Խորհրդային Միությանը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փրինսթոնի համալսարանի Պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածը, որը գրվել է Project Syndicate-ի համար:

 

Խորհրդային Միությունը բարենպաստ միջավայր էր քաղաքական կատակների ձեւավորման համար, որոնք նույնքան առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ԽՍՀՄ մշակույթում, որքան ուշ գիշերային կատակերգությունները՝ ԱՄՆ-ում։ Հայտնի անեկդոտներից մեկի համաձայն՝ երիտասարդը, որը Կարմիր հրապարակում բղավել էր, թե խարխլվող Խորհրդային Միության առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւն ապուշ է, դատապարտվել էր 25,5 տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ Գերագույն խորհրդի նախագահության նախագահին վիրավորելու, իսկ 25 տարին՝ պետական գաղտնիքը բացահայտելու համար:

 

Թրամփի վարչակազմի կատաղի արձագանքը՝ ուղղված ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նոր գրքին, համանման սցենար է հիշեցնում: Գիրքը վտանգավոր է համարվում ոչ այնքան Դոնալդ Թրամփին վիրավորելու, որքան բացահայտելու համար, որ նախագահը կատարյալ ոչ կոմպետենտ է եւ «շշմեցնող անտեղյակ»: Եթե դա դեռ ակնհայտ չէր, ապա այժմ արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ը ռազմավարական հստակ կողմնորոշման կամ գործադիր միասնական առաջնորդության կարիք ունի։

Լուսանկարը` REUTERS

Իրականում, ԱՄՆ-ի ներկայիս «սարսափելի տարվա» (annus horribilis) շատ դրվագներ հիշեցնում են Խորհրդային Միության վերջին տարիները։ ԽՍՀՄ դեպքում երկար ժամանակ զսպված էթնիկ բախումներն ու մրցակցային ազգային նկրտումներն արագորեն ջրի երես դուրս եկան՝ երկիրը մղելով բռնությունների, պառակտման եւ կազմալուծման: ԱՄՆ-ի դեպքում ռասիզմի, ոստիկանության դաժանության եւ անհավասարության դեմ ուղղված համաժողովրդական բողոքի ցույցերին Թրամփի պատասխանն ավելի խորացրեց երկրի պատմական ռասայական բաժանումը: Եվ ինչպես Խորհրդային կայսրության փլուզման ժամանակ Լենինի արձանները, այնպես էլ ԱՄՆ-ում Կոնֆեդերացիայի առաջնորդների արձանները գրեթե ամենուր տապալվում են։

Լուսանկարը` REUTERS

Հաջորդ զուգահեռը վերաբերում է տնտեսությանը։ Խորհրդային Միությունն ուներ ռեսուրսների պլանավորման ու բաշխման բարդ մեխանիզմ, որը ներգրավում էր հասարակության ամենալավ կրթված հատվածին՝ տալով նրանց անարդյունավետ եւ հաճախ կործանարար առաջադրանքներ: Միացյալ Նահանգներն էլ Ուոլ Սթրիթ ունի: Բնականաբար, ԱՄՆ ֆինանսական ծառայությունների հսկայածավալ ոլորտը Պետպլանի (ԽՍՀՄ պետական պլանավորման հանձնաժողով) համարժեքը չէ, սակայն այն ավելի հաճախ օգուտներ է քաղում, քան ստեղծում՝ այդպիսով դառնալով ռեսուրսների բաշխման վերաբերյալ ցանկացած քննարկման անբաժանելի մաս:

 

Ընդհուպ մինչեւ Խորհրդային համակարգի փլուզման պահը շատ քչերն էին կարծում, որ իրականում դա կարող է տեղի ունենալ: Ամերիկյան համակարգի վիճակը գնահատելիս անհրաժեշտ է հիշել, որ տնտեսագետներն այնքան էլ լավ չեն կանխատեսումների հարցում: Ամբողջ դիսցիպլինան հիմնվում է ժամանակակից պայմանների արտարկման (էքստրապոլացիա) վրա՝ ենթադրելով, որ վերլուծության հիմքում ընկած տարրերը չեն փոխվի: Լիովին գիտակցելով, որ սա անիրատեսական եւ աբսուրդ ենթադրություն է, տնտեսագետները հաճախ ընդօրինակում են միջնադարյան աստվածաբաններին՝ իրենց կանխատեսումները ներկայացնելով առեղծվածային լեզվով եւ ժարգոնով: Ընդ որում, պարտադիր չէ լատիներեն իմանալ՝ ceteris paribus-ը («մնացած բոլոր պայմանները պահվում են կայուն») որպես կանխատեսման նախապայման վկայակոչելու համար։

Լուսանկարը` REUTERS

Հաշվի առնելով այս ստանդարտ պրակտիկան՝ պետք է մեծ ուշադրություն դարձնենք երկարաժամկետ անտրամաբանական կանխատեսումներին, որոնք գործնականում իրականանում են: 1960-ականների վերջին տնտեսագետ Ռոբերտ Ա. Մունդելը երեք կանխատեսում արեց. Խորհրդային Միությունը կազմալուծվելու է, Եվրոպան միասնական արժույթ է ընդունելու, եւ դոլարը պահպանելու է գերիշխող միջազգային արժույթի իր կարգավիճակը: Հաշվի առնելով, որ դրանից անմիջապես հետո անվանական արժեքային համակարգը (ոսկու ստանդարտը) կոլապսի ենթարկվեց՝ հանգեցնելով դոլարի արժեզրկմանը, այս կանխատեսումները խելահեղ էին թվում: Հետագայում պարզվեց, որ Մունդելը ճիշտ էր բոլոր երեք կանխատեսումների հարցում:

 

Սակայն այն հանգամանքները, որոնց շնորհիվ դոլարը պահպանում է իր երկարատեւ գերիշխանությունը, այժմ փոփոխվում են: COVID-19 համավարակի պայմաններում ի հայտ է գալիս գլոբալիզացիայի ավելի թվայնացված ձեւը: Մինչ մարդկանց եւ ապրանքների միջսահմանային տեղաշարժը կտրուկ անկում է ապրում, տեղեկատվությունը փոխանցվում է ավելի արագ, քան երբեւէ՝ մուտք գործելով ավելի ու ավելի անկշիռ տնտեսություն:

Լուսանկարը` REUTERS

Ավելին, անցած երեքուկես տարիների ընթացքում Թրամփի վարչակազմի կողմից դոլարը քաղաքական նպատակների համար որպես զենք օգտագործելը հանգեցրել է վերջնական դժգոհության։ Ֆինանսական եւ երկրորդական պատժամիջոցները չափազանց արդյունավետ էին իրենց նախնական տեսքով, երբ ուղղված էին փոքր, մեկուսացված վատ խաղացողների դեմ, ինչպիսին Հյուսիսային Կորեան էր: Սակայն այդ պատժամիջոցների լայն տարածումն Իրանի, Ռուսաստանի եւ չինական ընկերությունների դեմ հակառակ արդյունք ունեցավ։ Ռուսաստանից ու Չինաստանից բացի, Եվրոպան եւս արագորեն սկսեց քայլեր ձեռնարկել միջազգային վճարումների եւ հաշվարկների այլընտրանքային մեխանիզմներ մշակելու համար:

Լուսանկարը` REUTERS

Ոչ պետական թվային վճարումների համակարգերը նույնպես արագորեն զարգանում են, մասնավորապես այն տեղերում, որտեղ պետությունը թույլ է կամ վստահություն չի վայելում: Վճարումների հետ կապված հեղափոխությունը, ըստ ամենայնի, ամենաարագը տեղի կունենա աղքատ երկրներում, օրինակ՝ Աֆրիկայում կամ հետխորհրդային որոշ հանրապետություններում: Թվային նոր տեխնոլոգիաներն այս հասարակություններին արդեն իսկ առաջարկում են աղքատությունից եւ ինստիտուցիոնալ թերզարգացումից ինստիտուցիոնալ բարդ համակարգեր տեղափոխվելու միջոցներ, ինչպես նաեւ նորարարությունների եւ բարգավաճման հնարավորություն ընձեռում։

Լուսանկարը` REUTERS

Դոլարի երկարատեւ հանգուցային դերը վկայում է չափազանց լիկվիդային, ապահով ակտիվի պահանջարկի մասին։ Սակայն այդ պայմանը կվերանա, երբ այլընտրանքային անվտանգ ակտիվներ ձեւավորվեն, մասնավորապես, եթե դրանք վայելեն ոչ պետական մատակարարների աջակցությունը: Ավելին, միջազգային ֆինանսական համակարգում դոլարի երկարատեւ գերիշխանությունը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ը շարունակում էր մնալ տնտեսապես կայուն, ֆինանսապես վստահելի եւ մշակութային առումով բաց: Այժմ, երբ ի հայտ են գալիս ամերիկյան համակարգի խնդրահարույց կողմերը, չի բացառվում, որ աշխարհի մնացածը հատվածը սկսի կասկածի տակ առնել դրա տարրական կոմպետենտությունն ու պետության արդյունավետությունը:

 

COVID-19 ճգնաժամը դրա վառ օրինակն է։ Վարակի հաստատված դեպքերի, մահերի թվի, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից ԱՄՆ-ը երկրների մեծ մասի եւ զարգացած բոլոր երկրների համեմատ վատ ցուցանիշներ է արձանագրել։ Նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք Ամերիկան միջազգային խայտառակություն է դարձել:

Լուսանկարը` REUTERS

Այս պայմաններում դոլարը միջազգային ասպարեզում չի կարող այնքան գնողունակություն ունենալ, որքան նախկինում, եւ նույնիսկ կարող է սկսել հին սովետական ռուբլուն նմանվել, անգամ եթե ղեկավարությունն ու ռազմավարությունը կտրուկ փոխվեն: Ի վերջո, Միխայիլ Գորբաչովն անմիջապես չփոխարինեց Բրեժնեւին, եւ այն ժամանակ, երբ նա իշխանության եկավ եւ «վերակառուցում» սկսեց, շատ ուշ էր: Հիվանդությունն արդեն մահացու էր։

 

Copyright: Project Syndicate, 2020.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին