Covid-19-ը, կենսաբանական հեղափոխությունն ու Պանդորայի արկղը - Mediamax.am

exclusive
5192 դիտում

Covid-19-ը, կենսաբանական հեղափոխությունն ու Պանդորայի արկղը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ McKinsey-ի Համաշխարհային ինստիտուտի գործընկեր Մայքլ Չուի եւ Համբուրգում McKinsey-ի գրասենյակի ավագ գործընկեր Մաթիաս Էվերսի հոդվածից, որը գրվել է Project Syndicate-ի համար:

 

Կենսաբանության հեռանկարները երբեք այսքան չեն գրավել համաշխարհային ուշադրությունը, որքան այսօր՝ Covid-19-ի ճգնաժամի ընթացքում։ Այս իրավիճակում, երբ նոր կորոնավիրուսը վարակում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում եւ սնանկացնում համաշխարհային տնտեսությունը, համաճարակի հաղթահարման մեր հիմնական հույսերը կապված են արագ զարգացող նոր սերնդի կենսաբանական գործիքների եւ միջոցների հետ: Այնուամենայնիվ, Covid-19-ի խնդրի լուծումը պարզապես կենսաբանական նորարարական հնարավորությունների սառցասարի գագաթն է։

 

Կենսաբանական գիտություններում առաջընթացը սկսեց մեծ թափ հավաքել այն պահից, երբ կազմվել էր մարդու գենոմի ամբողջական քարտեզը։ Այդ գործընթացը, որը տեւեց 13 տարի, ավարտվեց 2003-ին։ Ինչպես նշվում է McKinsey Համաշխարհային ինստիտուտի (MGI) նոր ուսումնասիրության մեջ, արդյունքում դա հանգեցրեց կենսաբանական հեղափոխության, որին նպաստում է համակարգիչների, ավտոմատացման եւ արհեստական ​​բանակցության արագ առաջընթացը։

 

MGI-ի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է կենսատեխնոլոգիաները կիրառելու շուրջ 400 եղանակ՝ նորարարական զարգացումների այս կամ այն ​​փուլում։ Հավաքականորեն առաջիկա մեկ կամ երկու տասնամյակի ընթացքում դրանք կարող են տարեկան գեներացնել մինչեւ 4 տրիլիոն դոլար: Այդ մեթոդների կեսից ավելին կապված չէ մարդու առողջության հետ, այլ առնչվում է գյուղատնտեսության եւ պարենի, սպառողական մթերքի եւ ծառայությունների, ինչպես նաեւ նյութերի, քիմիկատների եւ էներգիայի արտադրության ոլորտների հետ:

 

Այնուամենայնիվ, կենսաբանական հեղափոխության վերջնական ազդեցությունը կլինի մի քանի անգամ ավելի ծավալուն։ Օրինակ՝ համաշխարհային տնտեսության համար անհրաժեշտ ֆիզիկական ռեսուրսների մինչեւ 60%-ը հիմնականում կարող է արտադրվել կենսաբանական միջոցներով: Դա ներառում է ոչ միայն կենսաբանական նյութեր (մեկ երրորդը), այլեւ նորարարական կենսաբանական պրոցեսների միջոցով արտադրված ապրանք, օրինակ ՝ բիոպլաստիկ (երկու երրորդը): Նման արտադրանքներն ի վիճակի են առաջարկել գերազանցող աշխատանքի որակ եւ կայունություն:

Լուսանկարը` REUTERS

Բացի այդ, առաջիկա 10-20 տարիների ընթացքում կենսաբանական նորարարությունները 1-3%-ով կարող են նվազեցնել հիվանդությունների գլոբալ բեռը, ինչը մոտավորապես հավասար է թոքերի, կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի ընդհանուր բեռին: Եթե ​​այդ նորարարությունների ամբողջ ներուժն իրականացվի, հիվանդությունների գլոբալ բեռը հնարավոր կլինի կրճատել 45%-ով:

 

Այդպիսի մակարդակի հասնելու համար մենք ստիպված կլինենք հաղթահարել ինչպես գիտական բնույթի, այնպես էլ նորարարությունների առեւտրայնացման եւ ընդլայնման հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Բայց այստեղ էլ կան խոստումնալից միտումներ: Սկսենք նրանից, որ կտրուկ նվազել է մարդու գենոմի քարտեզագրման արժեքը՝ շուրջ 3 միլիարդ դոլարից (2003 թ.) մինչեւ 1000 դոլարից ցածր (2016 թ.): Եվ առաջիկա տասնամյակում գինը կարող 100 դոլարից էլ իջնել:

 

Covid-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի ամբողջ գենոմը սեքվենավորվել եւ հրապարակվել է հայտնաբերումից մի քանի շաբաթ անց: Մինչդեռ, ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV-1 վիրուսի գենոմի սեքվենավորման եւ հրապարակման համար պահանջվեց մի քանի ամիս:

 

Ապրիլի կեսերին՝ Covid-19-ի պաշտոնական նույնականացումից չորս ամիս անց, աշխարհի լաբորատորիաներում արդեն կար ավելի քան 150 թեկնածու-պատվաստանյութ: Իսկ երբ 2015-ին սկսվեց Զիկայի համաճարակը, ավելի քան մեկ տարի պահանջվեց հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսելու համար:

 

Գենոմային (եւ միկրոբիոմային) տվյալներից եզրակացություններ անելու եւ բջիջների, հյուսվածքների եւ օրգանների ինժեներիայով զբաղվելու մեր հնարավորությունները դառնում են ավելի բարդ ու պրոգրեսիվ, իսկ այդ տեխնոլոգիաների օգտագործումն ամենեւին չի սահմանափակվում մարդու առողջությամբ։ Արդեն այսօր այդ տեխնոլոգիաներն օգտագործվում են այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տեքստիլի ու վառելիքի արտադրությունը։ Իսկ հորիզոնում երեւում է նոր հեռանկար՝ ուղեղի եւ մեքենայի փոխգործողության ինտերֆեյսը։ Ուղեղի ազդանշաններով ուղղակիորեն աշխատող ծրագրերը ոչ միայն կդառնան հեղափոխության շարժիչը պրոթեզավորման մեջ, այլեւ հնարավոր կդարձնեն տվյալների պահպանումը ԴՆԹ-ում:

Լուսանկարը` REUTERS

Նման հեղափոխական նորարարությունների ռիսկերը չպետք է թերագնահատել։ Գոնե այն պատճառով, որ կենսաբանական նորարարությունների անհավասար հասանելիությունը կարող է խորացնել սոցիալ-տնտեսական անհավասարությունը՝ երկրների ներսում եւ միջեւ։ Բացի այդ, կենսաբանական համակարգերը հիմնավորապես ինքնաապահով եւ վերարտադրվող են: Էկոհամակարգերին խառնվելու հետեւանքները կարող են լինել խորը, երկարատեւ եւ հաճախ անկանխատեսելի: Երբ Պանդորայի արկղը բաց է, ամեն ինչ կարող է մեր վերահսկողությունից դուրս գալ։ 

 

Կենսաբանական նորարարությունների մեջ ներդրումների արժեքը երբեք այնքան ակնհայտ չի եղել, որքան համաճարակի ժամանակ: Բայց նման ներդրումները պետք է ուղեկցվեն ռիսկերի մեղմացման լուրջ ջանքերով, եւ այդ ջանքերը լավագույն դեպքում պետք է իրականացվեն գլոբալ համակարգված եղանակով։

 

Copyright: Project Syndicate, 2020.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին