Փաշինյան. Հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել - Mediamax.am

4261 դիտում

Փաշինյան. Հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի կամ թիմի պատկերացումներն սպասարկելու հետ։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է կառավարությունում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին: 

 

«Եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ շատ խնդիրներ ցույց են տալիս, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ: 

 

«Կարեւորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, եւ սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարեւոր, հայեցակարգային, փիլիսոփայական եւ բովանդակային պրոբլեմն է: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Վարչապետի խոսքով՝ կառավարման համակարգի փոփոխություն չպետք է անել, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում դեռ կայանա: 

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ դատական համակարգին: 

 

«Գիտեմ, որ հանձնաժողովում քննարկումներ կան միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով ե՛ւ ընդհանուր դատական համակարգը, ե՛ւ սահմանադրական դատական համակարգը: Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկ դատարանի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին