COVID-19. պատմական ընդհանրություններն ու տարբերությունները - Mediamax.am

exclusive
1508 դիտում

COVID-19. պատմական ընդհանրություններն ու տարբերությունները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար, Տոլեդոյի խաղաղության միջազգային կենտրոնի փոխնախագահ Շլոմո Բեն-Ամին Project Syndicat-ի համար գրել է «Ինչով է բացառիկ է այս համավարակը» հոդվածը, որում վերլուծել է COVID-19-ի եւ այլ համավարակների նմանություններն ու ընդհանրությունները: 

 

Մինչ մարդկանց եւ ապրանքների անընդմեջ տեղաշարժի մեկնարկը համավարակներն արդեն իսկ մեր քաղաքակրթության անբաժանելի մասն էին դարձել եւ դրանց հետեւանքները մարդկության համար ոչ միշտ են ողբերգական եղել: Ընկալվելով որպես խորհրդավոր մետապատմական իրադարձություններ՝ համավարակները հաճախ հեղաշրջել են հին հավատալիքներն ու մոտեցումները՝ առաջ բերելով կենսակերպի նոր մոդելներ: COVID-19-ը կարող է խախտել այս օրինաչափությունը։ Այնուամենայնիվ, շատ առումներով այն նման է նախորդ համավարակներին:

 

Իշխանությունների արձագանքը

 

Նախ եւ առաջ, հիվանդությունների բռնկումները միշտ հանկարծակիի են բերել իշխանություններին՝ զրկելով արագ եւ վճռական արձագանքի հնարավորությունից: 

 

Ալբեր Քամյուի «Ժանտախտ» վեպում մի պաշտոնյա ասում է, որ «ժանտախտը ոչ այլ ինչ է, քան տենդի հատուկ տեսակ»:  COVID-19-ի դեպքում անլուրջ վերաբերմունքի միտումը կրկնվեց. Չինաստանի կառավարությունը սկզբնական շրջանում թաքցրեց կորոնավիրուսային վարակի մասին ինֆորմացիան, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատեց այն սեզոնային գրիպի հետ: 

 

Համավարակը կանխատեսելու առաջնորդների անկարողության պայմաններում մարդիկ ստիպված եղան ապավինել հիվանդությունից պաշտպանվելու միակ միջոցին՝ սոցիալական հեռավորությանը: 1665 թվականին Լոնդոնում բռնկված բուբոնային ժանտախտին նվիրված «Ժանտախտային տարվա օրագիրը» վեպում Դանիել Դեֆոն գրում է, որ քաղաքային իշխանություններն արգելել էին հավաքների եւ միջոցառումների անցկացումը, փակել էին դպրոցները եւ հայտարարել պարտադիր կարանտին: 

 

«Տակնուվրա եղած» ծեսը

 

Լոնդոնի Մեծ ժանտախտից գրեթե երկու հազարամյակ առաջ, երբ Պելոպոնեսյան պատերազմի ավարտին բռնկված համաճարակը խլեց աթենացիների առնվազն մեկ երրորդի կյանքը, հույն պատմաբան Թուքիդիդեսը գրել էր, որ մարդիկ «զրկվում էին կյանքից», երբ կապ էին հաստատում վարակվածների հետ: 

 

Արդյունքում «տակնուվրա եղան» հուղարկավորության ծեսերը, իսկ մահերի մեծ թվի պատճառով հանգուցյալներին թաղում էին «հնարավոր ամեն կերպ»:

Լուսանկարը` REUTERS

COVID-19 ճգնաժամի պատճառով մարդիկ չկարողացան վերջին հրաժեշտը տալ իրենց ննջեցյալ հարազատներին եւ կատարել թաղման բոլոր ծեսերը: Չինաստանում ընտանիքներին կոչ էին անում հանգուցյալներին թաղել արագ եւ առանց մեծ աղմուկի: Նյու Յորքում քաղաքային իշխանությունները կազմակերպեցին զանգվածային հուղարկավորություններ հարազատներ չունեցողների եւ կարիքավորների համար: 

 

Բուժման ոչ միանշանակ մեթոդները

 

Փորձնական բուժման մեթոդների կիրառումը եւս մեկ զուգահեռ է: Մեկ դար առաջ այսպես կոչված «իսպանական գրիպի» համաճարակի ընթացքում գիտնականները դիտարկում էին հիվանդությունը որպես բակտերիալ ինֆեկցիա եւ համապատասխան բուժում էին կիրառում: Հիմա մենք արդեն գիտենք, որ այդ գրիպը պայմանավորված էր վարակով, եւ ոչ մի բակտերիալ պատվաստանյութ չէր կարող պայքարել դրա դեմ: 

 

COVID-19-ի բուժման ընթացքում քլորոքուինի կիրառումը մտահոգություն է առաջացրել այն բանից հետո, երբ որոշ հիվանդների մոտ առաջացել են որոշակի բարդություններ՝ սրտի աշխատանքի հետ կապված: Եվս մեկ ընդհանրություն են բուժման կեղծ եղանակները: Այսօր, օրինակ, սոցցանցերում շրջանառվում են տարատեսակ «բուժման մեթոդներ»՝ կոկաինից մինչեւ սպիտակեցնող հեղուկ:

 

Տնտեսական անկումը եւ սոցիալական անհավասարությունը

 

COVID-19-ի հետեւանքով առաջացած տնտեսական անկումը նույնպես պատմական նախադեպեր ունի: Երկրորդ դարի Անտոնինի ժանտախտը առաջացրեց Հռոմեական կայսրության պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը: Հուստինիանոսի ժանտախտը, որը ժայթքեց 541-542 թվականներին եւ ընդմիջումներով կրկնվեց հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում, նույն վնասը հասցրեց Բյուզանդական կայսրությանը:

Լուսանկարը` REUTERS

Համավարակները փորձության են ենթարկում ոչ միայն տնտեսությունը, այլեւ սոցիալական անհավասարության հիմնախնդիրները՝ առավել խոցելի դարձնելով աղքատ բնակչությանը: 1527 թվականին Ֆլորենցիայում տեղի ունեցած ժանտախտի ականատես Նիկոլո Մաքիավելին հիվանդության բռնկումը դիտարկեց որպես սխալ կառավարման ուղղակի արդյունք: Դոնալդ Թրամփի, Բորիս Ջոնսոնի եւ այլոց հասցեին հնչող քննադատությունը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ:

 

Դավադրության տեսությունները եւ Ջորջ Սորոսը

 

Դավադրության տեսությունները նույնպես ակտուալ են եղել նախորդ համավարակների ժամանակ: Մարկոս Աուրելիուս Անտոնին ժանտախտի համար մեղադրում էր քրիստոնյաներին: 14-րդ դարում Եվրոպայում մոլեգնող ժանտախտի համաճարակի՝ Սեւ մահվան համար մեղադրում էին հրեաներին: 

 

COVID-19 ճգնաժամի երեւակայական մեղավորների թվում են 5G տեխնոլոգիան, ԱՄՆ-ի կամ Չինաստանի զինված ուժերը եւ հրեաները: Իրանի պետական լրատվամիջոցները կոչ են արել չկիրառել հրեա գիտնականների կողմից մշակված որեւէ պատվաստանյութ: Թուրքիայում եւ Պաղեստինում COVID-19-ը անվանել են իսրայելական կենսաբանական զենք: Ավստրիայում, Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում որոշ խմբեր մեղադրում են հրեա ֆինանսիստ եւ բարերար Ջորջ Սորոսին: 

 

Խիստ կործանարար միտումները

 

Չնայած այս ընդհանրություններին, COVID-19 համաճարակը, ամենայն հավանականությամբ, կունենա մի շարք սկզբունքային տարբերություններ. այն դժվար թե գլխիվայր շուռ տա գոյություն ունեցող կարգը: Անտոնինի եւ Հուստինիանոսի ժանտախտները խրախուսեցին քրիստոնեության տարածումը Եվրոպայում: Սեւ մահը մարդկանց դարձրեց պակաս կրոնասեր եւ ավելի մարդասեր. հենց այս փոփոխությունը հետագայում նպաստեց Վերածննդին: Իսպանական գրիպը հարուցեց ապստամբություններ, աշխատավորների զանգվածային գործադուլներ եւ հակաիմպերիալիստական բողոքներ։ 

Լուսանկարը` REUTERS

COVID-19-ը, ընդհակառակը, կուժեղացնի անցյալից եկող եւ խիստ կործանարար երեք միտումներ` դեգլոբալիզացիա, ունիլատերալիզմ (միակողմանիություն) եւ ավտորիտար կապիտալիզմ: Եվրամիության կողմից ընդհանուր ռազմավարություն մշակելու ջանքերը կրկին ջրի երես հանեցին դաշինքի հին խնդիրները: Թրամփը որոշել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացվող ԱՄՆ ֆինանսավորումը: Վարակի դեմ պայքարի քողի ներքո իշխանությունները խախտում են գաղտնիության իրավունքը եւ ներխուժում մարդկանց անձնական տարածք:

 

Երկու համաշխարհային պատերազմները ցույց տվեցին, որ եսակենտրոն ազգայնամոլության վրա խարսխված աշխարհակարգն անհամատեղելի է խաղաղության եւ անվտանգության հետ: Համաճարակն ընդգծեց ազգ-պետությունների եւ վերազգային կառույցների միջեւ նոր հավասարակշռություն սահմանելու հրատապ անհրաժեշտությունը: Հաշվի առնելով դա՝ COVID-19-ի պատճառած վնասները միայն կավելանան:

 

Copyright: Project Syndicate, 2020.

www.project-syndicate.org 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին