Microsoft-ի համահիմնադիր եւ Bill & Melinda Gates Foundation-ի համանախագահ Բիլ Գեյթսը ֆրանսիական Le Monde թերթում հրապարակել է «Covid-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ է գլոբալ մոտեցում» հոդվածը, որում համաշխարհային առաջնորդներին առաջարկել է մի շարք միջոցառումներ ձեռնարկել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ հոդվածից:
Համաշխարհային ռեսուրսների արդյունավետ բաշխում
Համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է համաշխարհային ռեսուրսների արդյունավետ բաշխման ապահովում. խոսքը դիմակների, ձեռնոցների եւ թեստերի մասին է:
Ինչպե՞ս որոշել, թե որ տարածաշրջաններ կամ երկրներ է հարկավոր առաջնահերթ կարգով դիմակներ եւ թեստեր ուղարկել: Մինչ այժմ ամեն ինչ որոշվել է հետեւյալ տագնապալի սկզբունքով. ո՞վ է վճարում ավելին:
Ես անվերապահորեն հավատում եմ կապիտալիզմին, բայց որոշ շուկաներ համավարակի ժամանակ պարզապես չեն գործում, եւ կենսական անհրաժեշտություն ունեցող մատակարարումները դրա վառ օրինակն են: Մասնավոր հատվածը կարեւոր դեր է խաղում, բայց եթե Covid-19-ի դեմ պայքարի մեր ռազմավարությունը հիմնված է առավելագույն առաջարկի օրենքի վրա, ապա զոհերի թիվը կլինի ավելի մեծ, քան կարող էր լինել:
Էբոլայի համաճարակի եւ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի շատ փորձագետներ կարող են օգնել մեզ մշակել անհրաժեշտ կանոնները: Զարգացած եւ զարգացող երկրների ղեկավարները պետք է աշխատեն ԱՀԿ-ի եւ նրա գործընկերների հետ` դրանք պաշտոնապես ուժի մեջ մտցնելու համար: Այս դեպքում մասնակից բոլոր երկրները պետք է ընդունեն այդ կանոնները եւ խոստանան հետեւել դրանց: Այս համաձայնագրերը կդառնան հատկապես կարեւոր, երբ վերջապես մշակվի Covid-19 պատվաստանյութը, քանի որ միայն համընդհանուր իմունիզացիան թույլ կտա մեզ վերջ տալ համավարակին:
Պատվաստանյութը ստեղծելու համար բավարար միջոցների հատկացում
Ծայրաստիճան կարեւոր է բավարար միջոցներ հատկացնել պատվաստանյութերի մշակման վերաբերյալ հետազոտությունների համար:
Երեք տարի առաջ մեր «Wellcome Trust» հիմնադրամը եւ մի շարք կառավարություններ ստեղծեցին Հանուն համաճարակային պատրաստվածության ոլորտում նորարարությունների կոալիցիա (CEPI): Այսօր CEPI-ն աշխատում է ութ հնարավոր կորոնավիրուսային պատվաստանյութերի մշակման ուղղությամբ, եւ գիտնականները վստահ են, որ մեկուկես տարվա ընթացքում նրանք կարող են մշակել առնվազն մեկը:
Բայց այդ ժամանակացույցը կախված է ֆինանսավորումից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ երկրներ միջոցներ են փոխանցել CEPI-ին, սակայն աշխատանքները ֆինանսավորելու համար կոալիցիային առնվազն 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ: Նորարարությունները լի են անակնկալներով, բայց G20-ի երկրներն այսօր պետք է ակտիվ մասնակցություն ունենան այս գործընթացում:
Պատվաստանյութի արտադրություն եւ բաշխում
Պատվաստանյութի արտադրությունն ու բաշխումը կպահանջի նույնիսկ ավելի շատ գումար ու պլանավորում եւ այն երրորդ միջոցառումն է, որի մասին G20-ը պետք է սկսի մտածել:

Լուսանկարը` REUTERS
Նախ եւ առաջ, մենք դեռ չգիտենք, թե որ պատվաստանյութն է առավել արդյունավետ, եւ դրանցից յուրաքանչյուրը պահանջում է արտադրության հատուկ տեխնոլոգիա: Սա նշանակում է, որ երկրներն այժմ պետք է ներդրումներ կատարեն արտադրական ենթակառուցվածքների տարբեր տեսակների մեջ՝ գիտակցելով, որ ի վերջո որոշները չեն օգտագործվելու:
Գինը նույնպես հանդիսանում է մի գործոն, որը չի կարելի անտեսել: Նույնիսկ եթե մասնավոր հատվածը պատրաստ է ջանքեր գործադրել պատվաստանյութ արտադրելու համար, այն չպետք է գումարներ կորցնի: Բացի այդ, Covid-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութ պետք է համարել «համաշխարհային հանրային բարիք», այսինքն ՝ այն պետք է հասանելի լինի բոլորի համար:
Ներդրումներ աղքատ բնակչության առողջության մեջ
Արդեն 20 տարի է, ինչ ես աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին կոչ եմ անում ներդրումներ կատարել աշխարհի ամենաաղքատ մարդկանց առողջության մեջ, փորձում եմ համոզել նրանց, որ սա ճիշտ քայլ է: Մյուս կողմից՝ համավարակները հիշեցնում են, որ մեր մերձավորին օգնելը ոչ միայն ճիշտ, այլեւ հեռատես քայլ է:
Ի վերջո, մարդկությունը միավորվում է ոչ միայն ընդհանուր արժեքների եւ սոցիալական կապերի միջոցով: Մենք կենսաբանորեն կապված ենք միմյանց հետ մանրէների ցանցով, որոնք մի մարդու առողջությունը կապում են մյուսների առողջության հետ: Այս համավարակի մեջ մենք բոլորս փոխկապակցված ենք: Հետեւաբար, մեր պատասխանը նույնպես պետք է այդպիսին լինի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: