Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր չի բացառել, որ հնարավոր է գա մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվի միայն միջին եւ բարձր ծանրության պացիենտներով, իսկ թեթեւ ծանրությամբ պացիենտներին պարզապես ցուցվի բուժվել տանը:
«Կարող է նման կետ գա, երբ այլեւս հնարավոր չի լինի ցանկացած նոր դեպքի հետեւից գնալ, գտնելու՝ թե նա որտեղից է առաջացել եւ ում հետ է շփվել: Այստեղ կարող են լինել տարբեր օբյեկտիվ պատճառներ: Քանի որ վիրուսը շատ հաճախ տարածվում է ասիմպտոմ եղանակով, դժվար է լինելու հայտնաբերել բոլոր կոնտակտավորներին»,- ասել նա:
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ դեռեւս իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու շեմից շատ հեռու են գտնվում, եւ կառավարության խնդիրն է ամեն ինչ անել՝ դրան չհասնելու համար:
Նախարարը հայտնել է, որ բացի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, նախատեսնում է մահճակալներ տեղադրել բոլոր մարզերում, որտեղ առանձնացվել են մարզադահլիճներ ու դահլիճներ. «Անհրաժեշտության դեպքում դրանք վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար»:
Արսեն Թորոսյանը հավելել է նաեւ, որ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան կբերվի թոքերի արհեստական օդափոխության ավելի քան 100 սարք: Ունեն եւս 50 սարքի պատվեր, որի մի մասը Հայաստանում կլինի ապրիլի, մյուսը՝ մայիսի կեսին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: