Լուսավորչի սուրբ Աջը՝ համաճարակի դեմ - Mediamax.am

exclusive
20990 դիտում

Լուսավորչի սուրբ Աջը՝ համաճարակի դեմ


Լուսանկարը` Մայր Աթոռ

Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում
Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում

Լուսանկարը` Մայր Աթոռ


Հայաստանի հանրապետության անսասանության եւ հայ ժողովրդի բարօրության համար մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանք է կատարվելու: Այդ առիթով դուրս է բերվելու հայ եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը:

 

Աջ ձեռքի տեսքով մասունքարանում պահվում է Լուսավորչի ձեռքը: Սրբի մասունքները մեզ են հասել 4-րդ դարից, բայց արծաթյա ոսկեջրված աջաձեւ մասունքարանը, որում այսօր էլ պահվում է Լուսավորչի մասունքը, 17-րդ դարում պատրաստել է Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսը: Այն, որ մասունքարանի մեջ հենց Լուսավորչի աջ ձեռքն է ամփոփված, վկայում է նրա ժամանակակից պատմիչ Առաքել վարդապետ Դավրիժեցին:

 

Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է, եւ նրա մասունքները սփռված են ամբողջ քրիստոնյա աշխարհում: Նա Հայ եկեղեցու միակ սուրբն է, որի հիշատակը տոնում են թե՛ կաթոլիկ, թե՛ ուղղափառ եկեղեցիները: Հայտնի են սրբին իրենց պահապան հռչակած կաթոլիկ քաղաքներ, ինչպես նաեւ նրա անունով կոչված կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներ:

Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանում

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը կաթողիկոսական իշխանության խորհրդանիշն է եւ միշտ գտնվել է հայոց կաթողիկոսների անմիջական հսկողության ներքո: Սուրբ Գեղարդի եւ Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչի հետ՝ այն դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնության համար: Բացի այդ, Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Լուսավորչի Աջը հատուկ առիթներով դուրս է բերվում իր պահպանության վայրից: 

 

«Վկայությունները բազմաթիվ են, բայց կուզեմ հիշատակել 5-րդ դարի դեպքերը, երբ Հայոց Հովսեփ Հողոցմեցի եւ Հակոբ Մանդակունի կաթողիկոսներն ու հոգեւորականները սպարապետին, նախարարներին ու զորքերին ընդառաջ էին ելնում եւ օրհնում նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հրաշագործ մասունքներով: 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կարեւորագույն տեղ է ունեցել նաեւ հայոց իշխանությունների կյանքում, քանզի որպես Հայոց հավատքի հայր՝ նա իր առաքելությամբ անփոխարինելի նպաստ է բերել հայկական պետության ու հայ ազգի անկախության ամրապնդման ու հոգեմտավոր վերելքի սուրբ գործին: Հետեւաբար, Լուսավորչի Աջը մեզ համար ոչ միայն հավատքի ու հոգեւոր կյանքի սրբազան առարկա է, այլեւ՝ պետական խորհրդանիշ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես եւ Սուրբ Տրդատ արքան, անդադար բարեխոս են առ Աստված, որ միշտ կանգուն եւ հզոր մնա աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, մեր Հայաստանը»,- Մեդիամաքսին ասել է Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:

 

Անհանգստության ու տագնապի այս օրերին՝ դուրս կբերվի Հայաստան աշխարհի հավատքի հոր՝ Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջը: Մարտի 28-ին Լուսավորչի չարչարանքների եւ Վիրապ մտնելու հիշատակի օրն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, կատարվելու է Հանրապետական մաղթանք:

Լուսանկարը` Մայր Աթոռ

«Այս տագնապի օրերին՝ համաճարակի տարածման իրողության առջեւ, ամենքի հոգու աչքերը հառում են նաեւ մեր սուրբ մասունքներին: Սրբոց նշխարները կրողն են աստվածային հրաշագործ զորության: Վեհափառ Հայրապետը կամեցավ մեր ժողովրդին օրհնել ու մխիթարել նաեւ Սուրբ Գրիգորի Աջով: Նա, ով իր աղոթքով հոգեւոր ու մարմնավոր բժշկություն պարգեւեց հայոց ազգին, այսօր էլ իր բարեխոսությամբ ու իր սուրբ մասունքներից ճառագող Սուրբ Հոգու շնորհաբաշխությամբ կամրացնի մեզ հոգեպես եւ մեր սրտաբուխ հավատքի օգնությամբ կփարատի թագավարակը: 

 

Իսկ վասն Հանրապետության մաղթանքը մի կարգ է, որը հաստատվել է դեռեւս Առաջին հանրապետության տարիներին՝ Գեւորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի կողմից: Եկեղեցին աղոթում է, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, կարողություն ու իմաստություն պարգեւի հայրենի իշխանություններին եւ շնորհներով զորացնի հավատավոր ժողովրդին՝ գործելու եւ ապրելու այնպես, որ անսասան մնա Հայոց պետությունը, հզորանա ու բարգավաճի եւ ազգը մեր ապրի ազատ ու բարօր: 

 

Ամենազոր Աստված մեր սրտերին է նայում, իսկ մենք մեր անձերի ողջ զորությամբ աղոթելու ենք: Հավատում ենք, որ այսօր եւ միշտ հրաշագործելու է Սուրբ Լուսավորչի Աջը եւ հալածվելու է այս համաճարակը: Նրանք, որոնք չարախնդում են ու կարծում, թե համաճարակի ժամանակ աղոթքն անզոր է, չարաչար սխալվում են: Աղոթքը, սրբությունները գերբնական ուժ ունեն: Իսկ մենք այն ժողովուրդն ենք, որը դարերի ընթացքում միշտ վայելել է աղոթքի ու սրբոց մասունքների հրաշագործությունները»,- նշել է հայր Ասողիկը:

 

Ավանդական քրիստոնեական եկեղեցիները հատուկ վերաբերմունք ունեն սրբերի բարեխոսության, նրանց մասունքների նկատմամբ: Քանի որ հայտնի են կենդանության օրոք նրանց գործած հրաշքները, եկեղեցին հավատում է, որ վախճանից հետո այդ շնորհը փոխանցվել է նրանց մասունքներին: Հրաշագործ զորությունը հայտնվում է սրբությանը հավաքով մոտեցողների կյանքում:

 

«Վաղ միջնադարից՝ մարդիկ ուխտի են գնացել նահատակների դամբարանների վրա հիմնված սրբատեղիներ, իրենց հավատքի կարողությամբ ստացել են նաեւ հոգու եւ մարմնի բժշկություն: Քրիստոնեական Ընդհանրական սուրբ եկեղեցին հոգեշահ է համարել սրբոց նշխարների գյուտ կատարել. դամբարաններից դուրս են բերվել սրբերի մասունքները եւ տարբեր առիթներով բաշխվել զանազան վայրերի եկեղեցիներին: Այդ ամենի շնորհիվ է, որ Մայր Աթոռում ունենք Հովհաննես Մկրտչի, Ստեփանոս Նախավկայի, Պետրոս ու Պողոս առաքյալների եւ այլոց մասունքները: Այդ նշխարները դրվել են տարբեր մասունքարաններում, սերնդեսերունդ փոխանցվել եւ պարբերաբար դուրս են բերվել, որպեսզի մարդիկ նրանց կյանքի օրինակով ու կենդանի ներկայությամբ գոտեպնդվեն ու մխիթարվեն, այլեւ նրանց բարեխոսությամբ Տիրոջից շնորհ ընդունեն»:

 

Հանրապետական մաղթանքը հեռարձակվելու է Հանրային եւ «Շողակաթ» հեռուստաընկերություններով՝ մարտի 28-ին, ժամը 18:00-ին:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին