Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հայաստանում փակ են թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու գրադարանները: Մշակութային հաստատությունները փակել են դռներն ու տեղափոխվել օնլայն հարթակ:
#Մնատանը հորդորում են նրանք ու առաջարկում #Տնիցթանգարան գնա, #Զբաղվիր_ինքնակրթությամբ, #Ֆիլմդիտիր, #ՄնաՏանըՀեքիաթԼսիր, #ՄնաՏանըԿարդա:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է հանդիսատեսին դիտելու խաղացանկային ներկայացումներն ու համերգները՝ տնից դուրս չգալով: Ներկայացումների տեսաձայնագրությունները հեռարձակվում են թատրոնի ֆեյսբուքի էջում:

«Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին եւ հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,- գրել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
#ՄնաՏանը #online
Պատանի հանդիսատեսի թատրոնն արդեն 2 օնլայն ներկայացում է ցուցադրել ֆեյսբուքի իր էջում: Նախապես տեսագրված «Շունն ու կատուն» եւ «Փայտե մարդը» ավելի քան 20 հազար դիտում են ունեցել: Երեկոյան 8-ին live հեռարձակված ներկայացումները կարելի է նաեւ ավելի ուշ դիտել: Տեսագրությունները պահպանվում են թատրոնի էջում:

Ֆոտոմրցույթի հեղինակը Հովհաննես Թումանյանի թանգարանն է: Մինչեւ ապրիլի 10-ը թանգարանի ֆեյսբուքի էջում ամենաշատ հավանում հավաքած լուսանկարը հատուկ մրցանակի է արժանանալու:

#Մնատանը #Աբովյանկարդա
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն սկսել է «Պարապ վախտի ընթերցումներ» նախագիծը: Թանգարանն իր ֆեյսբուքի էջում ամեն օր առաջարկում է կարդալ Խաչատուր Աբովյանի ստեղծագործություններից՝ ընթերցանության համար նախատեսված նյութեր:
Ավետիք Իսահակյանի թանգարանն էլ շատ հետաքրքիր մրցանակ է խոստանում իր կազմակերպած խաղ-մրցույթի հաղթողին: Թանգարանն առաջարկում է կարդալ Իսահակյանի որեւէ ստեծագործություն, դրա մոտիվներով անել հեղինակային նկար, տեղադրել ֆեյսբուքում եւ մարտահրավերն ուղարկել ընկերներին:

Նրանց, ովքեր հետաքրքրված են ուսուցողական խաղերով, սպասում են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքի էջում: Կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանն առնչվող հարցերի պատասխանները գտնելու համար խաղի մասնակիցները պետք է այցելեն Սպենդիարյանի վիրտուալ թանգարան ու համապատասխան ցուցանմուշի օգնությամբ գուշակեն պատասխանը: Թանգարանն իր այցելուներին հրավիրում է նաեւ միասին ֆիլմեր դիտելու:
Եթե արվեստասերները չեն կարող գնալ թանգարան, թանգարանը կայցելի նրանց: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բոլորին հրավիրում է վիրտուալ շրջայցի՝ հնարավորություն տալով առացանց դիտելու ցուցանմուշները: Իսկ երեկոյան հրավիրում է ընտանիքով վայելելու համերգներ:
Ազգային պատկերասրահը շարունակում իր կրթական ծրագրերը օնլայն: «Ստեղծում ենք գունեղ նատյուրմորտ» նախագիծը բոլորի համար է՝ առանց տարիքային սահմանափակման: Արվեստասերները ստեղծում են իրենց գլուխգործոցները՝ օգտագործելով պատկերասրահի ֆեյսբուքի էջում տեղադրված նկարներից առարկաներ:
Ազգային պատկերասրահն առաջարկում է ոչ միայն ստեղծագործել, այլեւ սովորել՝ առանց տնից դուրս գալու: Ֆեյսբուքի էջում տեղադրվում են ճանաչված նկարիչների աշխատանքներ ու դրանց առնչվող հարցեր, որոնց պատասխանները պետք է թողնել մեկնաբանություններում:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը փոքրիկ ընթերցողների հետ հանդիպումներն ու ավանդական դարձած հեքիաթապատումը տեղափոխում է օնլայն հարթակ: Գրադարանը հրավիրում է միանալ «Լինում է, չի լինում» խորագրով հեքիաթի ժամ նախաձեռնությունն ու ամեն երեկո՝ 21:00, օնլայն լսել հեքիաթներ:

#Կարդանք_ու_քննարկենք
Հայաստանի ազգային գրադարանը բացում է իր առցանց շտեմարանները՝ ընթերցողներին հնարավորություն տալով կարդալ գրքեր, շարունակել հետազոտություններ եւ ուսումնասիրություններ կատարել տնից:
Գրադարանն ընթերցողներին առաջարկում է նաեւ իր #Ամենամսյա_գրքերի_տասնյակ՛ի ամենապահանջված հեղինակների գրքերը:
Հայաստանի այլ թանգարաններ եւս առաջարկում են վիրտուալ շրջայցեր, ներկայացնում են ցուցանմուշներն ու դրանց առնչվող նյութեր:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: