The Jerusalem Post-ն՝ ընդդեմ Նժդեհի, Դրոյի եւ հայերի - Mediamax.am

4596 դիտում

The Jerusalem Post-ն՝ ընդդեմ Նժդեհի, Դրոյի եւ հայերի


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ The Jerusalem Post թերթի ամենամյան դիվանագիտական կոնֆերանսում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ The Jerusalem Post թերթի ամենամյան դիվանագիտական կոնֆերանսում

Լուսանկարը` The Jerusalem Post


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան մամուլում ժամանակ առ ժամանակ Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի դեմ հրապարակվող հոդվածների «վարակը» հասել է Իսրայել:

Անգլիալեզու The Jerusalem Post թերթն այսօր «Օսվենցիմի ազատագրման հերթական տարեդարձի օրերին Իսրայելը պետք է ուսումնասիրի երկու հուշարձանների պատմությունը» հոդված է հրապարակել: Հեղինակը Մաայան Յաֆե-Հոֆմանն է՝ The Jerusalem Post-ի լրատվական բաժնի խմբագիրը եւ թերթի օնլայն բովանդակության եւ ռազմավարության պատասխանատուն:

 

Տպավորություն է ստեղծվում, որ Գարեգին Նժդեհին եւ Դրաստամատ Կանայանին վերաբերող տեղեկությունները պարզապես առիթ են հանդիսացել հակահայկական հոդված գրելու համար: 

 

Մասնավորապես, հեղինակը գրում է, որ մինչեւ 1991 թվականը Հայաստանի հրեական համայնքը 5 000 անդամ ուներ, իսկ այսօր Հայաստանում 100 քիչ հրեա ապրում: Հոդվածում խոսք չկա այն մասին, որ հրեաները հեռացել են ոչ թե խտրական վերաբերմունքի, այլ ԽՍՀՄ փլուզման եւ Արցախյան պատերազմի հետեւանքով վատթարացած սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով:

 

Մաայան Յաֆե-Հոֆմանը զուգահեռներ է անցկացնում Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի եւ 2019 թվականին Բաքվում բացված Ալբերտ Ագարունովի արձանների միջեւ: Ադրբեջանում ծնված ազգությամբ հրեա Ագարունովը մասնակցել էր Արցախյան պատերազմին եւ զոհվել էր 1992 թվականին՝ հետմահու ստանալով Ադրբեջանի Ազգային հերոսի կոչումը:

 

Հատկանշական է, որ 15 տարի առաջ, 2005 թվականի հունվարի 24-ին, հանդես գալով Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորների ազատագրման 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան ասել էր.

 

«Հիտլերն ընդմիշտ իրար կապեց հայերին եւ հրեաներին: «Ո՞վ է այսօր, ամենից հետո, հիշում հայերի կոտորածի մասին» - ասել էր Հիտլերը` Լեհաստան ներխուժելուց մի քանի օր առաջ: Հիտլերի այս ցինիկ հիշատակումը հայերի մասին մեջբերված է Վաշինգտոնի Հոլոքոստի Հուշահամալիրում, քանի որ մեկնաբանում է ցեղասպանության կանխման գործում երրորդ ուժերի առանցքային դերի մասին:

 

 

Այն, ինչ նշում ենք այսօր, հնարավոր դարձավ, որովհետեւ խորհրդային զորքերը 60 տարի առաջ մտան Օսվենցիմ: Ես գտնվում եմ այսօր այստեղ, որովհետեւ 90 տարի առաջ արաբներն ապաստան տրամադրեցին արտաքսված հայերին»:

 

Կարելի է ենթադրել, որ The Jerusalem Post-ի հոդվածը պատահաբար չէ հրապարակվել հենց այսօր՝ մի քանի օրից Իսրայել է այցելելու Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Բացի դրանից, առաջիկա ամիսներին Իսրայելում պետք է բացվի Հայաստանի դեսպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին