Հայաստանը EBU-ին անվտանգության հատուկ պայմաններ չի ներկայացրել`Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար - Mediamax.am

exclusive
9891 դիտում

Հայաստանը EBU-ին անվտանգության հատուկ պայմաններ չի ներկայացրել`Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը /Հ1/ չի դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով:

Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Եվրատեսիլի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերը (Sietse Bakker):

 

Ավելի վաղ Հ1-ի պաշտոնական ներկայացուցիչ Գոհար Գասպարյանն ասել էր, որ Երեւանում դեռ վերջանական որոշում չի կայացվել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցության կապակցությամբ: Նրա խոսքերով, Հ1-ը դիմել է EBU-ին հայաստանյան պատվիրակության անվտանգության երաշխիքների համար եւ սպասում է պատասխանի:

 

Սիետսե Բաքերն ասել է, որ «մենք նախորդ տարվա հունիսից երկխոսություն ենք վարում Հ1-ի հետ` Եվրատեսիլ-2012 մրցույթում իրենց մասնակցության առնչությամբ»:

 

«Ներկայումս չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել իրենց մասնակցության հարցը, քանի որ մտադիր ենք մասնակիցների ամբողջական ցուցակը հրապարակել հաջորդ շաբաթ եւ չենք մեկնաբանում առանձին պետությունների մասնակցության հարցը», - ասել է Սիետսե Բաքերը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

 

«EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա մեր գործառույթը չէ: Սակայն մենք անվտանգության երաշխիքներ եւ ծառայություններ ստանալու հայտով դիմում ենք տեղական հեռարձակողին կամ համապատասխան իշխանություններին/գործընկերներին: Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, մենք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիք ենք ստացել բոլոր պատվիրակությունների համար: Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ քննարկվել է հայաստանյան պատվիրակության հավանական մասնակցության հարցը, որի նպատակն էր հաստատել, որ անվտանգության երաշխիքները տարածվելու են նաեւ հայաստանյան պատվիրակության վրա: Բոլոր հավանական մասնակիցները, այդ թվում `Հ1-ը, տեղեկացվել են Ադրբեջանի վարչապետի կողմից տրված երաշխիքների մասին», - ասել է Սիետսե Բաքերը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

 

Եվրատեսիլյան կրքեր
դոսյե
Եվրատեսիլյան կրքեր

 

Վերջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում քննարկվում  է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հարցը: Հասարակության մեջ հնչում են տարբեր կարծիքներ, արժե արդյո՞ք մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցույթին, թե` ոչ:

 

Միակարծիք չեն նաեւ հայաստանյան կատարողները: Օրինակ երգիչ Ռազմիկ Ամյանն ասել էր, որ առաջարկ ստանալու դեպքում չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին Բաքվում: Իսկ «Ռեինկարնացիա» խմբի երգիչ Ռոլանդը www.Bravo.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հենց այսօր պատրաստ եմ մեկնել եւ ելույթ ունենալ Բաքվի կենտրոնում, խնդիր չեմ տեսնում»:

 

Հայաստանը պետ՞ք է մասնակցի Եվրատեսիլին Բաքվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին