2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակեց Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության հաշվետվությունը Ամուլսարի հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության արդյունքներով:
Օգոստոսի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2,5 ժամանոց քննարկում, որին տեսակապի միջոցով մասնակցում էին ELARD-ի ներկայացուցիչները:
Եթե մինչեւ այդ քննարկումը ընդհանրացված հանրային տպավորությունն այն էր, որ ELARD-ի հաշվետվությունը «կանաչ լույս» է վառում Ամուլսարի ծրագրի համար, դրանից հետո հնչում են կարծիքներ, որ ELARD-ի ներկայացուցիչները իրականում բացասական գնահատական են տալիս:
2019 թվականի փետրվարից մինչեւ ապրիլ Մեդիամաքսը փորձել է տեղեկատվություն ստանալ ELARD-ի եւ վերջինիս փորձառության մասին, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր ELARD-ը հայկական մեդիայում ամենահիշատակվող անուններից է, որոշեցինք ներկայացնել մեր մի քանի հրապարակումների առանցքային հատվածները:
Փաստ 1
2018թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն, եւ կարեւոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից»:
Փաստ 2
2018 թվականի նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն հայտնել էր միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու միջազգային մասնագիտական ընկերություն:
Փաստ 3
2019թ. փետրվարի 21-ի կառավարության նիստում որոշվեց ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $ 396 900-ը փոխանցել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:
Փաստ 4
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, 2019թ. փետրվարի 21-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, ասել էր.
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
«Նման գործընթացները սովորաբար տեւում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք: Նախապատրաստական գործընթացը հաղթահարել ենք չորս ամսվա ընթացքում, իսկ փորձաքննության եզրակացությունը ELARD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 12-ից 16 շաբաթների ընթացքում»:
Փաստ 5
2019թ. փետրվարի 21-ին, տեղեկանալով, որ ընտրված ընկերությունը ELARD-ն է, որոշեցինք կապ հաստատել վերջինիս հետ եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալ:
Այդ հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այս հղումով Ամուլսարը, Քննչական կոմիտեն եւ ընտրված ELARD-ը. 7 դրվագ:
Կայքում նշված հասցեով նամակ ուղարկեցինք՝ նշելով, որ ցանկանում ենք հարցազրույց վարել ELARD-ի ներկայացուցչի հետ:
Շատ արագ պատասխան նամակ ստացանք ELARD ընկերության բնապահպանական հարցերով տնօրեն Ռիկարդո Խուրիից, որը պատրաստակամություն հայտնեց զրուցել Մեդիամաքսի հետ: Ճշտող նամակ ուղարկեցինք՝ նախընտրո՞ւմ է հեռախոսով զրուցել, թե գրավոր հարցեր ստանալ եւ գրավոր պատասխանել: Պարոն Խուրին առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել:
Փաստ 6
Մեր գրավոր հարցերը ստանալուց մի քանի ժամ անց Ռիկարդո Խուրին պատասխան նամակը
«Շնորհակալ եմ ձեր հարցերի համար: Ես ստուգեցի Քննչական կոմիտեի հետ, եւ բոլոր մեդիա հարցումները պետք է ուղղել իրենց press@investigative.am հասցեով: Ինչ վերաբերում է կայքին, ես մեր հաղորդակցային թիմին հանձնարարել եմ հեռացնել բոլոր հոդվածները/լուրերը, որոնք վերաբերում են այս գործին»:
Փաստ 7
Փետրվարի 22-ին նամակ ուղարկեցինք Քննչական կոմիտե՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն որեւէ սահմանափակում է սահմանել ELARD ընկերության՝ հայաստանյան մամուլի հետ շփումների համար:
2. Եթե նման սահմանափակում գոյություն ունի, արդյո՞ք այն տարածվում է նաեւ այն հարցերի պատասխանների վրա, որոնք վերաբերում են ELARD ընկերության փորձառությանը եւ նախկինում իրականացված աշխատանքներին:
Լուսանկարը` Քննչական կոմիտե
Փաստ 8
Փետրվարի 26-ին ստացանք ենք Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կ. Հովհաննիսյանի գրությունը, որը կարող եք ամբողջությամբ կարդալ այս հղումով Քննչական կոմիտեն արձագանքել է ELARD-ի մասին մեր հարցմանը:
Փաստ 9
Այդ պատասխանը ստանալուց հետո եւս մեկ անգամ ծանոթացանք Քննչական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է, որ նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է ներկայացնի վերջին 2 տարվա ընթացքում նման պահանջների հետ համադրելի բնույթի եւ բարդության առնվազն (10) նախագծերի ցանկ (ներառյալ հաճախորդների անունները / կապի մանրամասները):
Լուսանկարը` Քննչական կոմիտե
2019թ. մարտի 23-ին նոր հարցում ուղարկեցինք Քննչական կոմիտե՝ խնդրելով ներկայացնել Elard-ի կողմից նախկինում իրականացված 10 նախագծերի ցանկը:
Փաստ 11
2019թ. մարտի 29-ին ստացանք Քննչական կոմիտեի պատասխանը, որում, մանսավորապես, ասված էր.
«Ի պատասխան Ձեր՝ 25.03.2019թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից պահանջվող նյութերը կցված են քրեական գործին եւ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:
Փաստ 12
2019թ. ապրիլին երեք հարց ուղղեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին.
- Ինչո՞ւ է մամուլը զրկված հնարավորությունից տեղեկանալ մրցույթում հաղթած ընկերության՝ նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների մասին:
- Արդյո՞ք վարչապետը անկախ է համարում ընկերությանը, որը հրաժարվում է պատասխանել լրատվամիջոցի այն հարցերին, որոնք որեւէ առնչություն չունեն Հայաստանում հարուցված քրեական գործի հետ:
- Արդյո՞ք Քննչական կոմիտեն վարչապետին ներկայացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության նախկինում իրականացված աշխատանքները:
Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության գրության մեջ առաջին երկու հարցերը փաստացի մնացել էին անպատասխան (մեր կարծիքով, մրցույթում հաղթած ընկերության փորձառության մասին տեղեկատվությունը չի կարող նախաքննության տվյալ համարվել), իսկ երրորդը հարցի պատասխանը որեւէ նոր տեղեկություն չէր պարունակում եւ հանդիսանում էր Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված տեղեկատվության ամփոփում:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: