Աճեմօղլու եւ Ռոբինսոն. Ինչպե՞ս են պոպուլիստները հաղթում - Mediamax.am

exclusive
5881 դիտում

Աճեմօղլու եւ Ռոբինսոն. Ինչպե՞ս են պոպուլիստները հաղթում


Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն

Դարոն Աճեմօղլուն Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Ջեյմս Ռոբինսոնը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է: Նրանք համահեղինակել են «Ինչու են պետությունները ձախողում» աշխատությունը:

 

Միջին դարերում իտալական քաղաք-պետությունները ֆինանսների, առեւտրի եւ տեխնոլոգիաների ոլորտում նորարարության տեսանկյունից գլխավորում էին եվրոպական «կոմերցիոն հեղափոխությունը»: Այնուհետ, սակայն, տարօրինակ բան պատահեց: Օրինակ, 1264 թվականին Ֆերարայի ժողովուրդը որոշեց, որ մեծանուն Լորդ Օբիցոն պետք է լինի քաղաքի կառավարիչ-ղեկավարն ու մշտական լորդը: Անսպասելիորեն, ժողովրդավարական հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ:

 

Իրականում, այդ ժամանակ տեղի ունեցածը հազվադեպ երեւույթ չէր Հյուսիսային Իտալիայի համար: Ինչպես Նիկոլո Մաքիավելին «Տիրակալը» աշխատության մեջ բացատրում է՝ մարդիկ, տեսնելով, որ չեն կարողանում դիմագրավել ազնվականությանը, սկսում են աջակցել մեկին, որպեսզի պաշտպանված լինեն հենց այդ մարդու հեղինակությամբ: Այս ամենի եզրակացությունն այն է, որ մարդիկ կհրաժարվեն ժողովրդավարությունից, եթե անհանգստանան, որ վերնախավը կսկսի վերահսկել իր ինստիտուտները:

 

Միջնադարյան Իտալիայի ինստիտուտները զիջեցին այն ամենին, ինչը մենք հիմա անվանում ենք պոպուլիզմ. այն է՝ հակաէլիտարիստական, հակապլյուրալիստական եւ բացառման ռազմավարությանը՝ հիմնված դժգոհ անձանց կոալիցիայի վրա: Այս մեթոդը բացառիկ է, որովհետեւ հիմնված է կոնկրետ «մարդկանց վրա», որոնց շահերն անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն էլիտայից, այլեւ մնացած բոլորից: Այս ամենը հաշվի առնելով՝ Միացյալ Թագավորությունում Նայջլ Ֆարելը խոստացավ, որ «Լքել»-ին կողմ քվեարկելը 2016 թվականին հաղթանակ կլինի «իրական մարդկանց համար»: Դոնալդ Թրամփը նույն տարի քարոզարշավի ժամանակ նշում էր, որ «այլ մարդիկ նշանակություն չունեն»: Նմանապես, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն հաճախ խոսում է gente de bien (լավ մարդկանց) մասին: 

 

Կա երկու ակնհայտ պատճառ, թե ինչու է պոպուլիզմը վատ: Առաջինն այն է, որ դրա հակապլյուրալիստական եւ բացառող տարրերը քայքայում են ժողովրդավարության հիմնական ինստիտուտները եւ իրավունքները: Երկրորդ, այն նպաստում է քաղաքական ուժի չափազանց շատ կենտրոնացմանն ու ապաինստիտուցիոնալիզացիային, ինչը հանգեցնում է հանրային բարիքների ցածր ապահովման եւ տնտեսական գործունեության անբավարար ցուցանիշների:

 

Այնուամենայնիվ, պոպուլիզմը կարող է գրավիչ քաղաքական ռազամավարություն դառնալ երեք պայմանների առկայության դեպքում: Առաջինը, էլիտայի գերիշխանության մասին պնդումները պետք է լինեն բավարար չափով ճշմարտանման, որպեսզի մարդիկ հավատան դրանց: Երկրորդ, որպեսզի մարդիկ աջակցեն ռադիկալ այլընտրանքներին, գոյություն ունեցող ինստիտուտները պետք է կորցրած լինեն իրենց լեգիտիմությունը կամ ձախողած լինեն նոր մարտահրավերներին դիմակայելու իրենց հնարավորություններում: Եվ երրորդ, պոպուլիստական ռազմավարությունը պետք է թվա իրականանալի՝ չնայած իր բացառիկ բնույթին:

Դարոն Աճեմօղլուն Դարոն Աճեմօղլուն

 

Այսօր աշխարհում կարելի է հանդիպել այս բոլոր երեք պայմաններին: Վերջին 30 տարիների ընթացքում գոյություն ունեցող անհավասարությունը ցույց է տալիս, որ տնտեսական աճից անհավասարաչափ կերպով շահել է միայն փոքր էլիտան: Սակայն խնդիրն այստեղ միայն եկամտի եւ հարստության անհավասար բաշխման մեջ չէ: Կասկածներ կան, որ գոյություն ունեցող սոցիալական տարբերությունն էլիտայի եւ այլոց մինչեւ ավելի է մեծացել:

 

Տնտեսական եւ սոցիալական այսպիսի անհավասարություններն իրենց անդառնալի հետքն են թողնում քաղաքական ներկայացվածության վրա: Ամերիկացի քաղաքագետ Լարրի Մ. Բարթելսը նշում է, որ մինչ օրենսդիրները շարունակաբար պաշտպանում են հարուստների շահերը, խեղաթյուրումը նրանց դուրս է թողնում քաղաքական մրցակցությունից: Ժան Կլոդ Յունկերը, Լյուքսեմբուրգի վարչապետ եղած ժամանակ, հետեւյալ կերպ էր բնութագրում Եվրոպայի խորհրդում որոշումների ընդունման գործընթացը. «Մենք ընդունում ենք որոշումներ, այնուհետեւ հրապարակում դրանք եւ սպասում որոշակի ժամանակ՝ հետեւելով, թե ինչ է տեղի ունենալու: Եթե աղմուկ չի բարձրանում... քանի որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում՝ ինչ որոշում է ընդունվել, մենք շարունակում ենք քայլ առ քայլ այնքան ժամանակ, մինչեւ որ հասնում ենք կետի, որտեղից հետադարձի ճանապարհ չկա»: Այսպիսի էլիտարիստական տրամաբանությունը, ի սկզբանե, խոցելի է պոպուլիզմի համար:

 

Որպես ապաինստիտուտցիոնալիզացնող ռազմավարություն՝ պոպուլիզմը գրավում է նրանց, ովքեր հիասթափված են գոյություն ունեցող իրողություններից: ԱՄՆ-ում լայն տարածում ունեցող այն ընկալումը, թե ինստիտուտները ձախողում են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, անհավասարությունը, 1970-ականներից սկսած՝ քայքայում են հանրային վստահությունը հիմնական ինստիտուտների նկատմամբ: 2008-ի ֆինանսական ճգնաժամի կանխատեսումը ձախողելուց հետո ԱՄՆ քաղաքական գործիչները ներկայում պայքարում են՝ կանոնավորելու եւ հարկման ենթարկելու նոր «մեգա  ընկերություններին», ինչպիսիք են Ամազոնը եւ Ֆեյսբուքը: Տեսակետ կա նաեւ, որ նրանք ձախողել են գլոբալիզացիայի հարցում եւ «Չինական շոկի» հետեւանքների առումով՝ տեղական աշխատաշուկաներում: Նմանապես, աշխատաշուկայի շարժունակության աճը եւ փախստականների ճգնաժամը Եվրոպայում դիտարկվում են որպես իրողություններ,  որոնք գերազանցում են ԵՄ ինստիտուտների կարողությունները: 

 

Նոր մարտահրավերներին անհաջող կերպով դիմակայելուց զատ՝ ինստիտուտները եւ քաղաքական գործիչները ձախողել են իրենց սեփական գաղափարներում: Օրինակ, Բրեքսիթի հանրաքվեում «Լքել» արշավի գաղափարախոսությունը մեծապես կենտրոնացած էր ԵՄ-ից տնտեսական ծախսերի պատճառով դուրս գալու վրա: Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ հանրային կարծիքն արտահայտող հարցումները ցույց էին տալիս, որ քվեարկողների անհանգստությունները մեծապես կապված են միգրացիայի եւ այլ խնդիրների հետ: 

 

Ի վերջո, որպեսզի պոպուլիզմն ընկալելի լինի, քաղաքական գործիչներն իրենք պետք է ընկալեն այն՝ որպես կենսական ռազմավարություն: Ընդհանուր առմամբ, հայտարարելը, որ «այլ մարդիկ նշանակություն չունեն», մեծ աջակցություն ստանալու հարցում լավագույն ձեւը չէ: Այսպիսով, նույնիսկ երբ կառուցվածքային գործոնները նպաստավոր են դրա համար, պոպուլիզմը կարող է հաջողել միայն կոնկրետ հանգամանքներում: Թրամփի պարագայում, ԱՄՆ-ում կուսակցական ինտենսիվ բեւեռացումը նշանակում է, որ նա կարող է հույսը դնել մարգինալ կամ ոչ կայուն ընտրազանգվածի վրա, որովհետեւ գիտի, որ Հանրապետականները, անկախ ամեն ինչից, կքվեարկեն իր օգտին: Ավելի ընդհանուր առումով, պոպուլիզմը կարող է հաղթել, երբ այսպես կոչված «այլ մարդիկ» սահմանվեն շատ նեղ առումով կամ էլ պարզապես կազմեն շատ փոքր թիվ՝ եւ այն պայմանով, որ նրանք դեռեւս կարող են ներկայացվել որպես սպառնալիք:

 

Պոպուլիզմը հաղթահարելու համար պետք է հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք այդ ռազմավարությանը տալիս են կենսունակություն: Այդ գործընթացը սկսվում է այն գիտակցումից, որ պոպուլիզմը կարող է առաջանալ միայն այն պարագայում, երբ կան տնտեսական եւ սոցիալական խնդիրներ, որոնք ազդում են ընտրազանգվածի լարվածության վրա: Նաեւ պետք է անկեղծ լինել, որ գոյություն ունեն քաղաքացիության վերաբերյալ մրցակցային եւ վիճելի տեսակետներ, որոնք պետք է քննարկել, այլ ոչ թե անտեսել:

 

Ի վերջո, մենք ավելի շատ ժողովրդավարության եւ ներկայացուցչականության կարիք ունենք, այդ թվում՝ միգուցե հանրաքվեների, որպեսզի քվեարկողները հասկանան, որ իրենց անհանգստությունները լուրջ են ընկալվում: Քաղաքական խավը պետք է նոր ուղիներ գտնի. կառավարությունը պետք է ավելի ներկայացուցչական լինի հասարակության համար: Օրինակ, Հնդկաստանում խորհրդարանում հատկացված տեղերի եւ այլ պաշտոնների համար կան կաստային հիմքով քվոտաներ: Այլ երկրներ եւս կիրառում են նույն մեխանիզմը՝ գենդերային հիմքով տեղաբաշխումների համար: Պատճառներ չկան, թե ինչու ԱՄՆ-ն կամ Եվրոպան չկարողացան կիրառել նմանատիպ միջոցներ:

 

Mediamax.am ներկայացնում է սույն հոդվածը որպես Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ գործընկեր:

 

Copyright: Project Syndicate, 2019.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին