Yandex ընկերությունների խումբը հայտնել է, որ խմբի կառավարիչ տնօրեն է նշանակվել 1981 թվականին Երեւանում ծնված Տիգրան Խուդավերդյանը։ Մեդիամաքսը Տիգրան Խուդավերդյանի՝ տարբեր տարիներին տված հարցազրույցներից առանձնացրել է նրա կյանքին եւ մասնագիտական գործունեությանը վերաբերող ուշագրավ դրվագներ եւ փորձել «կառուցել նրա դիմանկարը»։
«Կլիշեներից» զերծ կրթության կարեւորության մասին
37-ամյա Տիգրան Խուդավերդյանը 1998թ․-ին ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը՝ ֆիզմաթ ուղղվածությամբ։ Դպրոցական տարիներին, ինչպես ասում է Տիգրանը, մասնագիտության ընտրության հարցում տատանվում էր մաթեմատիկոսի, ծրագրավորողի ու ֆիզիկոսի միջեւ, եւ ընտրությունը կանգ է առել վերջինի վրա։
Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում՝ մասնագիտանալով ցածր ջերմաստիճանների եւ գերհաղորդականության ֆիզիկայում։
«Համոզված եմ, որ բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է, ընդ որում՝ ոչ թե կաղապարված, այլ հիմնարար կրթությունը։ Այսօր հաճախ կաղապարներ են սովորեցնում, եւ եթե իրավիճակը դուրս չի գալիս այդ կլիշեներից, մարդը հաջողության է հասնում։ Իսկ կյանքում, երբ տարբեր նախագծերով ես զբաղվում, կարիք է լինում ոչ ստանդարտ որոշումներ կայացնել։ Ուստի հարկավոր են գիտելիքներ, որոնք պատասխանում են ոչ թե «ի՞նչ անել», այլ «ինչպե՞ս» եւ «ինչո՞ւ» հարցերին։ Բարձրագույն կրթությունը էությունը հասկանալու, համակարգային մտածելու եւ գործելու կարողություն է տալիս»,- ասում է Տիգրան Խուդավերդյանը։
Ինչ վերաբերում է լրացուցիչ կրթությանը, ապա նա կարծում է, որ լավագույն հավելյալ կրթությունը փորձն է. «Պետք է կարողանալ ընկալել եւ ճիշտ մեկնաբանել այն»։
Աշխատակիցների եւ ղեկավարների միջեւ պատերի մասին
2004թ․-ին Տիգրան Խուդավերդյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել. գիրք է հրապարակել եւ ինտերնետ-խանութ ղեկավարել։ Արդեն 2006թ․-ից նա աշխատել է Yandex-ում։ Տիգրանը ղեկավարել է Yandex.Browser եւ Yandex.Navigator ծառայությունները, իսկ 2015թ․-ին՝ դարձել Yandex.Taxi-ի գլխավոր տնօրենը: 2018թ․-ին՝ Yandex եւ Uber օնլայն տաքսիների միավորումից հետո, Տիգրանը գլխավորել է նոր ընկերությունը:
Yandex-ում աշխատանքային միջավայրի մասին խոսելիս Տիգրանը նշում է, որ գրասենյակի open space կառուցվածքը կորպորատիվ մշակույթի կարեւոր մաս է։
«Եթե ղեկավարը շրջափակվում է պատերով, նրա եւ աշխատակիցների միջեւ կոնկրետ «պատնեշ» է առաջանում, ինչը արգելակում է բիզնեսի զարգացումը եւ թույլ չի տալիս օպերատիվ որոշումներ կայացնել»,- 2016թ․-ին տված իր հարցազրույցներից մեկում ասում է Տիգրան Խուդավերդյանը։
Հաջողությունների մասին
Տիգրան Խուդավերդյանը հայտնվել է World Economic Forum-ի 2019 թվականի Young Global Leaders ցուցակում։
Ամեն տարի թարմացվող ցանկում ընդգրկվում են մինչեւ 38 տարեկան մարդիկ, ովքեր իրենց ոլորտում խոշոր հաջողությունների են հասել. մարդիկ, ովքեր կարողանում են նոր, ոչ ստանդարտ որոշումներ կայացնել եւ աշխարհը փոխելու պոտենցիալ ունեն։

Լուսանկարը` TASS
Ֆորումի կայքում գրված է, որ «Yandex-ում մի շարք հաջողված նախագծերից հետո Տիգրան Խուդավերդյանը ստանձնել է Yandex.Taxi-ի ղեկավարումը եւ բանակցել ընկերության անկախ կառուցվածքի շուրջ՝ Uber-ի հետ գործարքում»։
Անօդաչու տեխնոլոգիաները տաքսի ծառայություններում օգտագործելու մասին
РБК-ին տված հարցազրույցում Տիգրան Խուդավերդյանը, խոսելով անօդաչու տեխնոլոգիաները տաքսի ծառայություններում օգտագործելու մասին, ասում է, որ ժամանակ է հարկավոր ապացուցելու, որ անօդաչու տեխնոլոգիաներն ավելի լավն ու ապահով են, քան մարդիկ։
«Երբ կապացուցվի, որ մարդը ճանապարհատրանսպորտային վթարի է ենթարկվում ամեն 1 մլն կիլոմետրին, իսկ անօդաչուն՝ 1 մլն ու 1-րդ կիլոմետրին, այդ պահից անօդաչուն կհամարվի ավելի լավը։ Ռուսաստանում գործընթացը ավելի շատ ժամանակ կպահանջի՝ մի շարք պատճառներով, բայց 10-ից 20 տարվա հարց չէ եւ հուսով եմ, որ մենք եւ մեր ծնողները կտեսնենք դա»,- ասում է նա։
Ուժեղ եւ թույլ կողմերի մասին
Ուժեղ եւ թույլ կողմերից խոսելիս՝ Տիգրան Խուդավերդյանն ասում է, որ իր բնավորության միաժամանակ ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կողմը համարում է ալարկոտությունը.

Լուսանկարը` Vedomosti
«Թույլ կողմ է, որովհետեւ դրա պատճառով գործերը հետաձգում եմ։ Իսկ ուժեղ է, որովհետեւ փորձում եմ բարդ մարտահրավերների համար պարզ լուծումներ գտնել։ Անընդհատ մտածում եմ, ինչպես ավելի արագ եւ պարզ անել գործը եւ հասնել արդյունքի»։
Լուսանկարչության եւ ժամացույցների նկատմամբ սիրո մասին
Տիգրանի գլխավոր հոբբին լուսանկարչությունն է. «Ես նկարում եմ մարդկանց եւ բնությունը։ Նույնիսկ փոքրիկ «դրոն» ունեմ։ Երազում եմ շատ ճամփորդելու հնարավորության մասին»։
Տիգրանի մյուս հետաքրքրությունը ժամացույցներն են։ Ընկերոջ հետ նա զբաղվում է ձեռքի հազվագյուտ ժամացույցների արտադրությամբ։
«Մենք գտնում ենք հայտնի բրենդերի հազվագյուտ ժամացույցներ, վերականգնում ենք դրանց մեխանիզմները՝ օգտագործելով օրիգինալ պահեստամասերի 99%-ը եւ ստեղծում անհատական կորպուս»,- իր հարցազրույցներից մեկում պատմում է Տիգրանը։
Նա նաեւ սպորտով է զբաղվում.սիրում է լեռնային դահուկներ ու սեղանի թենիս։ Ասում է՝ առաջինը հետաքրքիր շփում եւ ժամանց է ապահովում, իսկ երկրորդը սովորեցնում է մտածել։
Պատրաստեց Մարի Թարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: