Պոլսի հայ համայնքը պատրաստվում է պատրիարքի ընտրությանը - Mediamax.am

exclusive
2565 դիտում

Պոլսի հայ համայնքը պատրաստվում է պատրիարքի ընտրությանը


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայայը
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայայը

Լուսանկարը` Պոլսո պատրիարքարան

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

Լուսանկարը` REUTERS


Կոստանդնուպոլսի պատրիարքության 85-րդ գահակալի ընտրության գործընթացը սկսված է։ Ինչպես որոշված էր, սպասեցին մինչեւ անցնեն պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան քառասնօրեքը եւ սուրբ Հարության տոնը։ 

 

Ապրիլի 29-ին Կրոնական ժողովը որոշեց ընտրությունները սկսելու համար գրավոր դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան։ Հաջորդ օրն արդեն Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դիմումը հանձնեցին նահանգապետ Ալի Երլիքայային։ Նա խոստացել է՝ ներքին գործերի նախարարությունը կպատասխանի ամենակարճ ժամկետում։

 

«Նախկինում նահանգապետարանը պատրիարքարանի պահանջած ժամադրությունները ձգձգում էր, նամակները մնում էին անպատասխան։ Իսկ հիմա տեսնում ենք, որ հենց ժողովը կայացավ, հաջորդ օրը նահանգապետն անձամբ ընդունեց սրբազաններին, թեեւ տեղակալներից մեկն էլ կարող էր ընդունել։ Այդ բաները մեզ մոտ բավականին խորհրդանշական են, նրբանկատ հաշվարկվում է»,- Մեդիամաքսին ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։ 

 

Սա, ըստ խմբագրի, խոսում է թուրքական իշխանությունների դրական տրամադրվածության մասին։ Իսկ վերաբերմունքը փոխվել է, որովհետեւ հայ համայնքն ի վերջո միակարծիք է՝ Պոլսի պատրիարքի աթոռն այլեւս չի կարող թափուր մնալ։

 

Նախորդ պատրիարքի 11 տարի տեւած ծանր հիվանդությունը դժվար կացություն էր ստեղծել նաեւ պատրիարքության ու հայ համայնք համար։ Մեսրոպ պատրիարքի պարտականությունները կատարելու համար 9 տարի առաջ Արամ արքեպիսկոպոսն ընտրվեց ընդհանուր փոխանորդ։ Անգամ քննարկվում էր նոր պատրիարք ընտրելու տարբերակը, բայց համայնքն ու հոգեւոր դասն այս հարցի շուրջ տարակարծիք էին։ Պատրիարքական ընտրությունների անցկացումը դարձավ անխուսափելի 2019թ. մարտին՝ Մեսրոպ արքեպիսկոպոսի մահից հետո։

 

Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

Լուսանկարը` REUTERS

 

«Այլեւս շփոթ չկա։ Այն ժամանակ պատրիարքը ողջ էր,  եւ ժողովրդի որոշ մասը, հատկապես՝ հարուստ դասակարգը, ուզում էր, որ մինչեւ պատրիարքի մահը փոխանորդը շարունակի։ Պետությունն էլ այս տեսակետը պաշտպանող նամակներ էր ստացել եւ որոշել՝ թող այսպես շարունակվի, քանի դեռ պատրիարքը ողջ է։ Հիմա նոր պատրիարք ընտրելու խոչընդոտ չունենք»,-Մեդիամաքսին ասել է Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

 

Առաջին քայլը թուրքական իշխանություններին ընտրությունների մասին իրազեկելն է, այսպես ասած, «ի գիտություն»։ Պոլսի պատրիարքարանը Թուրքիայում հայ եկեղեցու եւ համայնքի փաստացի ներկայացուցիչն ու ղեկավարն է, եւ հոգեւոր ասպեկտից ոչ պակաս կարեւոր է պետության հետ հարաբերությունների կառուցումը։

 

«Պատրիարքական ընտրություններն այնպիսին են, որ պետք է բոլոր փուլերը համաձայնեցնել իշխանությունների հետ։ Սա թույլտվություն կամ միջամտություն չէ։ Ընտրված պատրիարքի ամբողջ առաքելությունը խորքում ենթադրում է աշխատանք, համագործակցություն պետության հետ։ Յուրաքանչյուր եկեղեցի մի ընտրատեղամաս է լինելու, ժողովուրդը քվեարկության պետք է գնա։ Եվ այդ քվեարկության անվտանգությունից սկսած մինչեւ շատ այլ հանգամանքներ պետք է համաձայնեցնել պետության հետ»,-պարզաբանում է Արա Գոչունյանը: 

 

Ապրիլի 29-ին Կրոնական ժողովը քննարկել էր պատրիարքի տեղապահ ընտրելու հարցը։ Այն առաջ էր քաշել Սահակ սրբազանը։ Ըստ նրա՝ եկեղեցական օրենքի համաձայն՝ Հայ եկեղեցու բոլոր 4 Նվիրապետական Աթոռների գահակալների վաճխանի կամ աթոռը թափուր մնալու դեպքում տեղապահ է ընտրվում։

 

«Տեղապահը դառնում է Աթոռի պահակը, մինչեւ ընտրության անցկացումը նա ստանձնում է գահակալի պատասխանատվությունը։ Իսկ փոխանորդը տեղապահի լիազորությունները չունի։ Տեղապահի ընտրությունը կարեւոր է, որովհետեւ հեղինակություն է պետք, որ այս ընտրությունները սահուն ընթանան»,-ասում է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։  

 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

Լուսանկարը` REUTERS

 

Կրոնական ժողովը, սակայն, որոշել էր պատրիարքական ընտրության գործընթացը սկսել առանց տեղապահ ընտրելու՝ փոխանորդի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ։

 

Արամ սրբազանի հետ խոսել չհաջողվեց, ասաց՝ օդանավում է, պատրաստվում է թռիչքի։ Ավելի վաղ նա Hyetert.org-ին ասել էր, որ ինքը տեղապահի ընտրությանը չի մասնակցելու.

 

«Առանց իմ մասնակցութեան, այսպիսի ընտրութիւն մը չի կրնար կատարուիլ։ Ուրիշ մը եթէ այս ուղղութեամբ քայլեր անել փորձէ, ատիկա ընդունելի ու վաւերական չի կրնար ըլլալ»։

 

2 տարի առաջ Պոլսի պատրիարք ընտրելու փորձեր արվեցին, տեղապահ ընտրվեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեքչյանը։ Ընտրությունից անմիջապես հետո Արամ Աթեշյանը ներկաներին էր հանձնել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում էր, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելը իրավականորեն անհնար է։

 

 

Մեկ տարի տեղապահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ Գարեգին Բեքչյանը հրաժարվեց եւ հեռացավ Պոլսից։

 

«Ինչ ափսոս, որ այս գործընթացը, որի թիրախում կարծես հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունները, սա երկարատեւ եւ ծրագրված արշավի արդյունք էր, որը սկսվեց տեղապահ ընտրվելուս առաջին իսկ օրվանից: Կրկին գործի դրվեցին տխրեցնող, ցավեցնող ինտրիգներ: Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»,- հրաժեշտի նամակում գրել էր Բեքչյանը:

 

Սահակ սրբազանը եւս փորձում է խնդիրը չխորացնել եւ քաոս չստեղծել։ «Արամ սրբազանի անտեղի միջամտությունները, աթոռը չթողնելու ձգտումները մի քիչ անհանգստություններ են ստեղծում համայնքում։ Եթե դա չլինի, խաղաղ կընթանա, հատկապես՝ իմ ջանքերով։ Հուսով ենք, որ Արամ սրբազանն էլ նույն խոհեմությունը կցուցաբերի եւ շատ չի առարկի փոխանորդի դրույթի վրա»,-ասում է Սահակ սրբազանը։

 

Լուսանկարը` REUTERS

 

Տեղապահի՞, թե՞ փոխանորդի պատասխանատվությամբ է անցկացվելու ընտրությունը․ վերջնական որոշումը թուրքական պետությանն է։ Քանի որ Պոլսի պատրիարքությունը կանոնադրություն չունի, ամեն ընտրության համար պետությունն ինքն է առաջարկում մեկանգամյա գործածության կանոնադրություն։ Դրանով է սահմանվում ընտրության ընթացակարգը։ Արա Գոչունյանն ու Սահակ եպիսկոպոսն ասում են՝ այդ կանոնադրությունը կազմվում է եկեղեցու Ազգային սահմանադրությանն ու Թուրքիայի օրենսդրությանը համապատասխան, եւ, սովորաբար, խնդրահարույց չի լինում։

 

Դիմումի պատասխանը ստանալուց հետո ստեղծվելու է Նախաձեռնարկ մարմին, որն էլ կազմակերպելու է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությունը եւ բոլոր թեկնածուների ընտրական քարոզչության համար հավասար պայմաններ է ապահովելու: Պատրիարքին ընտրում է եկեղեցականներից եւ աշխարհականներից բաղկացած Ընդհանուր ժողովը: 

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին