Բացվել է Արեւմտահայերեն Վիքիպեդիան - Mediamax.am

3108 դիտում

Բացվել է Արեւմտահայերեն Վիքիպեդիան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արեւմտահայերեն Վիքիպեդիան արդեն իր առանձին հարթակն ունի Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։ 

 

2014 թվականից ի վեր Արեւմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել էին 150-ից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր արդեն առկա են 7500-ից ավել արեւմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արեւելահայերեն Վիքիպեդիայում եւ շուտով կտեղափոխվեն Արեւմտահայերեն Վիքիպեդիա։ 

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արեւմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը եւ հովանավորել նախագծի միջոցառումները։

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել եւ մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը եւ դրանով իսկ արեւմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարեւոր ներդրում ունենալը։

 

«Շնորհավորում ենք Արեւմտահայերեն Վիքիպեդիայի համայնքին եւ արեւմտահայերեն խոսող մեր հայրենակիցներին: Սա արեւմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է  արեւմտահայերենը պահպանելու  եւ զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու եւ ստանալու լեզու», - ասել է Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

 

 

«Վիքիպեդիան կարեւոր հարթակ է, որտեղ արեւմտահայերենը կարելի է գործածել զանազան ձեւերով՝ կարդալով, խնբագրելով, բարելավելով եւ ստեղծելով արեւմտահայերեն հոդվածներ: Ուրախ ենք, որ մեր աջակցությունը արդյունավետ հիմքերի վրա է։ Հույս ունենք, որ լեզվին տիրապետող բոլոր անհատներն այս առիթը կօգտագործեն համացանցում արեւմտահայերեն բովանդակությունը զարգացնելու համար», - ասել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը:

 

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018 թվականի հունվարի 30-ին SIL International-ի կողմից: Լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արեւմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաեւ այն կարող է խթանել համացանցում արեւմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին