Արեւմտահայերենն արդեն առանձին լեզվական կոդ ունի - Mediamax.am

2038 դիտում

Արեւմտահայերենն արդեն առանձին լեզվական կոդ ունի


Լուսանկարը` Wikipedia


Երեւան: Մեդիամաքս: Արեւմտահայերենն այլեւս առանձին լեզվական կոդ ունի:

««Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արեւմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողություն ունեցան։ SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թվականի հունվարի 30-ին արեւմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել», - ասված է ««Վիքիմեդիա Հայաստան»-ի հաղորդագրության մեջ:

 

«Լեզվի անկումը կանխելու նպատակով Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնվել. դրանցից մեկը էլեկտրոնային ռեսուրսների՝ այդ թվում Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումն է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ։ Արեւմտահայերենի առանձին լեզվական կոդ չունենալու պատճառով առցանց տիրույթում պարբերաբար խնդիրներ էին առաջանում: Օրինակ, Հայերեն Վիքիպեդիայում մեկ թեմայի վերաբերյալ ստեղծվում է երկու հոդված՝ մեկը արեւելահայերեն, մյուսը՝ արեւմտահայերեն, սակայն առանձին կոդ եւ առանձին տիրույթ չունենալու պատճառով արեւմտահայերեն հոդվածները հայտնվոււմ էին արեւելահայերեն հոդվածների հետ միեւնույն էջում՝ թույլ չտալով ընթերցողներին տեղեկանալ արեւմտահայերեն հոդվածի գոյության մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

«Վիքիմեդիա Հայաստանը» եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամն առանձին լեզվական կոդ ստանալու գործընթացը նախաձեռնել են 3 տարի առաջ, երբ արեւմտահայերենով ազատ բովանդակության խթանման նպատակով համագործակցություն սկսեցին։ Դրա շրջանակներում արեւմտահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ Վիքիպեդիայում արեւմտահայերենով բովանդակություն են ստեղծում։

   

Բացի «Վիքիմեդիա Հայաստանից» եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամից, այս գործընթացքում ներգրավվել են նաեւ Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության բաժինը, այլ գիտակրթական հաստատություններ եւ Սփյուռքի շատ համայնքների ներկայացուցիչներ, որոնք խնդրագրով 2016 թվականի ամռանը դիմել են SIL International-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին