Երեւանը Վիքի նախագծերում՝ աշխարհի 15 լեզուներով - Mediamax.am

3652 դիտում

Երեւանը Վիքի նախագծերում՝ աշխարհի 15 լեզուներով


Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia

Լուսանկարը` wikimedia


Մայիսի 10-12-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Վիքին սիրում է Երեւանը» նախագծի շրջանակում անցկացրեց  միջազգային ԳԼԱՄ ֆորում (GLAM - Galleries, Libraries, Archives, Museums  - պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ)։ Ֆորումի ընթացքում  Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից ժամանած  մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են ԳԼԱՄ նախագծերի հաջողության փորձն իրենց երկրնրում:ԳԼԱՄ նախագծերը նպատակ ունեն մշակութային տարբեր հաստատություններն ավելի հասանելի դարձնել Վիքիպեդիայում եւ Վիքիտվյալներում:

 

«Վիքմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմում է, որ «Վիքին սիրում է Երեւանը» նախագիծն իրականացվում է Երեւանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում եւ նպատակ ունի Հայաստանի մշակութային կազմակերպությունների օժանդակությամբ Վիքիմեդիա Հիմնադրամի առցանց նախագծերում հարստացնել Երեւանի մասին տեղեկատվությունը։

 

«Քանի որ մեզ մոտ թանգարանների հետ համագործակցությունը չէր ստացվում, մտածեցինք, որ սա լավ առիթ է հրավիրել թանգարանների ներկայացուցիչներին՝ շփվելու տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ: Մեր հյուրերը պատմում են, թե իրենց երկրներում ինչ եղանակներով են թանգարանների նմուշներն ավելի հասանելի եւ ներկայանանալի դարձրել»,- ասում է Սուսաննա Մկրտչյանը:

 

«Վիքմեդիա Հայաստանը» տարբեր երկրների Վիքիմեդիա գրասենյակների օգնությամբ հունիս ամսին կազմակերպում է խմբագիրների մրցույթ: Հունիսին աշխարհի բոլոր Վիքիպեդիաներում պետք է հոդվածներ թարգմանվեն Երեւանի մասին: Ամենալավ թարգմանությունների հեղինակներն աշխարհի տարբեր երկրներից  կհրավիրվեն Երեւան՝ մասնակցելու «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումներին:

Լուսանկարը` wikimedia

 «Ուզում ենք Վիքիպեդիայում բոլոր լեզուներով ունենալ բովանդակություն Երեւանի թանգարանների, փողոցների եւ պատմության վերաբերյալ: Մեզ համար կարեւոր է, որ հենց թանգարանները մեզ տրամադրեն տեղեկատվություն Երեւանի մասին, ինչը կթարգմանվի 15 լեզուներով: Բոլոր Վիքիպեդիաներին տրամադրելու ենք հոդվածների ցանկը թարգմանության համար: Առաջին 15 տեղերը գրաված լեզուների թարգմանիչները կժամանեն Հայաստան: Այս նախաձեռնությունն իսկապես ոգեւորել է Վիքիմեդիա հիմնադրամին եւ տարբեր երկրների Վիքիմեդիա գրասենյակներին: Համոզված ենք, որ սիրով կթարգմանեն մեր բովանդակությունը»,- ասում է «Վիքմեդիա Հայաստան»-ի ղեկավարը:

 

Սուսաննա Մկրտչյանը նշում է, որ իրենք Երեւանի բոլոր թանգարանների, գրադարանների, արխիվների ներկայացուցիչներին հրավիրել են համագործակցելու, բայց, ցավոք, ոչ բոլորն են արձագանքել:

 

«Նրանք այս ֆորումի միջոցով ծանոթանում են, թե ինչ նոր գործիքներ կան, որ կարող են ավելի ներկայանալի դարձնել իրենց հաստատությունը: Սա հնարավորություն է բոլոր թանգարանների համար հասանելի դառնալ բազմաթիվ լեզուներով: Ֆորումի ժամանակ եղավ մի զեկույց, որը պատմում էր թանգարանային նմուշների կողքին QR կոդերի մասին: Երբ այցելուն սքանավորում է QR կոդը, Վիքիպեդիայում տեսնում է նմուշի մասին տեղեկատվություն իր լեզվով»,- ասում է նա:

 

Ֆորումին մասնակցում էր նաեւ ԳԼԱՄ հիմնադիր Լիամ Վիաթը, որը Մեդամաքսին պատմել է, թե ինչպես է ստեղծվել ԳԼԱՄ շարժումը: Նա 2008թ. Ավստրալիայում աշխատում էր մշակութային օնլայն պարբերականի համար: Աշխատանքի ընթացքում դժվարություններ էին առաջանում որոշ նկարների հասանելիության հետ կապված:

Լուսանկարը` wikimedia

«Գիտեի, որ տեղի թանգարանների ինֆորմացիայի մեծ մասը թվայնացված է, եւ երբեմն ինձ հաջողվում էր օնլայն տիրույթում գտնել որեւէ նմուշի լուսանկարւ, սակայն չէի կարողանում ստանալ թույլտվություն այդ լուսանկարն օգտագործելու համար: Դա ոչ այնքան տեխնիկական, որքան գրադարանների, թանգարանների վարած քաղաքականության եւ բյուրոկրատիայի խնդիր էր: Վիքիպեդիայում իմ կամավորության փորձից գիտեի, թե որքան մեծ է տաբերությունն այս երկու համայնքների միջեւ: Մշակութային հաստատություններն այդ ժամանակ շատ փակ էին եւ խիստ վերահսկողություն կար, մյուս կողմից էլ վիքիպեդիստները մշակույթի փորձագետների կարծիքը չէին կարեւորում: Ես հասկացա, որ այս խմբերն իրարից սովորելու շատ բան ունեն»,- պատմում է ԳԼԱՄ հիմնադիրը:

 

Լիամ Վիաթի կարծիքով՝ Վիքիպեդիայում գեղանկարների թվայնացումը համագործակցության մի փոքր բնագավառ է:

 

«Թանգարաններն ունեն փորձագետներ, որոնք կարող են աշխատել Վիքի խմբագիրների հետ մշակութային հոդվածները հարստացնելու ուղղությամբ: Դա կօգնի նաեւ թանգարաններին, քանի որ նրանց կայքերում բովանդակությունը թարգմանվում է միայն անգլերեն, իսկ Վիքիպեդիայում նրանց բովանդակությունը կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով: Մշակութային հաստատությունների պատասխանատվութունն է տեղեկատվության հասանելիության ապահովումը: Մարդիկ սկզբում տեսնում են որեւէ նմուշի նկար, հետո գտնում են դրա վերաբերյալ ինֆորմացիա եւ ավելին իմանալու ձգտումն է նրանց տանում թանգարաններ: Իսկ եթե հաստատությունը փակ լինի, նրա նմուշների մասին ոչ ոք չի էլ իմանա եւ այցելուներն էլ քիչ կլինեն»,- ասում է նա:

 

ԳԼԱՄ հիմնադիրը կարծում է, որ եթե թանգարանն ունի որեւէ արժեքավոր նմուշ, ապա նրա պատասխանատվության ներքո է գտնվում այն պահպանելը: Բայց, պահպանելուց բացի, թանգարանն ունի դրանով կիսվելու, կրթելու, բացատրելու եւ աշխարհին դրա մասին պատմելու պարտականություններ:

 

«Թանգարանները վախենում են, որ կկորցնեն իրենց հեղինակությունը եւ վերահսկողությունն այդ նմուշի նկատմամբ, բայց, սովորաբար, հակառակն է տեղի ունենում. նրանք ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերում: Օրինակ, Մոնա Լիզայի նկարը շատ հայտնի է, նկարի մասին հազարավոր հրապարակումներ կան, սակայն միլիոնավոր մարդիկ շարունակում են այցելել թանգարան այն տեսնելու համար»,-ասում է Լիամ Վիաթը:

 

«Վիքմեդիա Հայաստանը» համագործակցության հաջող փորձ ունի Երեւանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Առաջին փորձը եղել է կենտրոնում ներկայացված ցուցանմուշների լուսանկարների վերբեռնումը եւ կենտրոնի մասին պատմող հոդվածի թարմացումը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ներկայացուցիչ Մարիա Հովսեփյանը նշում է, որ դրանով չեն սահմանափակվելու եւ տեղադրելու են հոդվածներ նաեւ ցուցադրությունների, արվեստանմուշների եւ տարբեր նախաձեռնությունների մասին:

Լուսանկարը` wikimedia

«Սա հրաշալի նախաձեռնություն է: Ուրախ եմ, որ «Վիքմեդիա Հայաստանը» կապ է հաստատել Երեւանի թանգարանների հետ եւ քայլ է արել, որ թանգարաններն ավելի ներգրավված լինեն Վիքիպեդիա հարթակում բովանդակություն ստեղծելու մեջ: Թանգարանների հանրահռչակման գործունեությունը չպետք է սահմանափակվի թանգարանի ներսում, այն պետք է այդ շրջանակներից դուրս գա: Այս թվային դարաշրջանում ճիշտ չէ Վիքիպեդիայում տեսանելիություն չունենալը: Կարեւոր է ոչ միայն հոդվածների տեղադրումը, այլ նաեւ Վիքիտվյալներում թանգարանային նմուշների թվայնացումը»,- ասում է նա:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին