«Լիդիան»-ը բացատրել է դատարան դիմելու պատճառները - Mediamax.am

7353 դիտում

«Լիդիան»-ը բացատրել է դատարան դիմելու պատճառները


Արմեն Ստեփանյանը
Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` «Լիդիան Արմենիա»


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը մեկնաբանել է հրապարակումներն այն մասին, որ ընկերությունը դատի է տվել որոշ ակտիվիստներին:

«Նախկինում ես անձամբ միշտ դեմ եմ եղել դատական կարգով նույնիսկ զրպարտությանը արձագանքելուն: Տարիներ շարունակ Լիդիանի եւ Ամուլսարի ծրագրի հասցեին հնչել է ամեն տեսակի զրպարտություն: Ընդ որում, սա վերաբերվում է բոլոր ոլորտներին: Այս մարդկանցից շատերը տարիներ շարունակ բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական եւ իրենց մասնագիտական ոլորտը չհանդիսացող թեմաներով հանրությանը մատուցել են ակնհայտ կեղծիք:  Տարիներ շարունակ մենք առաջնորդվել ենք լայնախոհության ու հանդուրժողականության սկզբունքով, որ ակտիվիստը պարտավոր չէ տիրապետել գիտական փաստերի,  կարող է լինել անտեղյակ եւ կարող է արտահայտել իր տեսակետները, եթե նույնիսկ դրանք կեղծ են, եւ չեն համապատասխանում իրականությանը: Ես միշտ գերադասել եմ համբերատար նորից ու նորից ներկայացնել ճշմարտությունը եւ հերքել ակտիվիստների կողմից Ամուլսարի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը», - Մեդիամաքսին ասել է Արմեն Ստեփանյանը:

 

«Սակայն մեր այս լայնախոհությունը հայաստանյան իրականության մեջ չի գնահատվում: Եթե ընկերությունը համբերատար ներկայացնում է իր դիրքորոշումը, դատի չի տալիս, չի աղաղակում, ոմանք ենթադրում են, որ ագրեսիվ եւ բարձր խոսացողները ճիշտ են: Նույնիսկ մեր աջակիցները հաճախ ասում են, ինչո՞ւ դատի չեք տալիս զրպարտություն տարածողներին: Այսօր մեր իրավաբանները մի քանի հայց են ներկայացրել Լիդիանի հասցեին զրպարտություն ու եւ գործարար համբավը արատավորող տեղեկատվություն տարածող անձանց դեմ: Կարծում եմ, մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց ասածների համար՝ նախ եւ առաջ հանրության առաջ: Մենք միշտ պատասխանատու ենք եղել մեր բոլոր ասածների համար: Մեր ընդդիմախոսներից ակնկալում ենք առնվազն նույնը՝ ելնելով հանրության իսկ շահերից», - եզրափակել է «Լիդիան Արմենիա»-ի փոխնախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին