Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Հոգեպարար արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առընթերակցությամբ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի եւ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարեց եկեղեցու օծման արարողությունը` նորակառույց տաճարը կոչելով Սուրբ Աստվածածնի անունով:
Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց Նովոսիբիրսկի եւ Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին` նրա ներկայությունը նկատելով իբրեւ խոսուն վկայություն Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական ջերմ կապերի:
Նորին Սրբությունը իր օրհնությունը եւ բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին եւ թեմի հոգեւոր դասին, ովքեր նախանձախնդրորեն ծառայում են ի խնդիր Ռուսաստանի Դաշնությունում մեր ժողովրդի հոգեւոր կյանքի շինության ու պայծառության:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը նորաօծ տաճարին ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան: Հայրապետական օրհնության գրեր հանձնվեցին նաեւ եկեղեցու կառուցմանը իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց:
Նորին Սրբությունը Նովոսիբիրսկի եւ Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայեց պանակե` առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարեւոր այս իրադարձության առիթով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: