Երեւան: Մեդիամաքս: IDeA հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթեւի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։
Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։
Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։
Լուսանկարը` IDeA
«Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ բարերարների այն խմբի շնորհիվ, ովքեր համախմբվել են IDeA հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շուրջ։ Առանց նրանց ջանքերի այս սրբազան գործը հնարավոր չէր լինի իրագործել։ Այս ուրախալի օրը հնարավոր դարձավ նաեւ շինարարների, նախագծող ճարտարապետների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա խոյացող պարսպի վրա։ Անցած դարում եկեղեցին երկու անգամ տուժել է. 1931 թվականին վնասվել է երկրաշարժից, իսկ 1968-ին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։
Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը սերտ համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ: 2016 թվականի օգոստոսին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մշակույթի նախարարության կողմից եկեղեցու վերականգնման պլանի հաստատումից հետո, մեկնարկել էին վերականգնման աշխատանքները։
Լուսանկարը` IDeA
Աշխատանքների արդյունքում վերականգնվել եւ նախնական տեսքի է բերվել եկեղեցու թմբուկը եւ գմբեթը, փոխվել են եկեղեցու ծածկասալերը, քարտեզագրվել են եկեղեցու ճաքերը։ Ամբողջությամբ վերանորոգվել է եկեղեցու առաջին հարկաբաժինը եւ տանիքը։ Լուծվել է եկեղեցու ջրահեռացման եւ ջրամեկուսացման խնդիրը, որի պատճառով առաջ տեղումներից գոյացած ջրերը լցվում էին եկեղեցու առաջին հարկ՝ առաջացնելով նոր ճաքեր։
«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերից է։ Այն գործարկվել է 2008 թ․-ին՝ համադրելով ավանդական բարեգործությունը, հանրօգուտ ներդրումները, ինչպես նաեւ տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումները։ Տաթեւի վանական համալիրի վերականգնումը «Տաթեւի վերածնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչն է: Բացի վերականգնման աշխատանքներից եւ վանական համալիրի շուրջ գտնվող ենթակառուցվածքների զարգացումից, ծրագիրը նպատակ է հետապնդում պահպանել Տաթեւի վանքի մշակութային ժառանգությունը ու նպաստել համալիրում հոգեւոր կյանքի զարթոնքին»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
Վերականգնման աշխատանքներին զուգահեռ IDeA հիմնադրամը գործընկեր գերատեսչությունների հետ շարունակում է Տաթեւի վանքը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտի նախապատրաստումը։ Այս աշխատանքին կցվել են ոլորտի առաջատար մասնագետներ եւ միջազգային փորձագետներ։
Լուսանկարը` IDeA
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել եւ վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:
Հոկտեմբերի 16-ին լրացել է նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում կառուցված «ՏաԹեւեր» ճոպանուղու գործունեության ութերորդ տարեդարձը։ «ՏաԹեւեր» ճոպանուղու գործունեության ամբողջ շահույթն ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը։
Շահագործումից ի վեր ճոպանուղու ծառայություններից օգտվել է ավելի քան 750 հազար մարդ, իսկ Սյունիքի տարածաշրջանում բացվել է ավելի քան 25 հյուրատուն եւ հյուրանոց։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: