«Ավրորա»-ն նոր կրթաթոշակ կտրամադրի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի - Mediamax.am

9130 դիտում

«Ավրորա»-ն նոր կրթաթոշակ կտրամադրի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ:

«Ավրորա» նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում:

 

«Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան եւ փառքի հասավ:

 

Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»,- հայտարարել են նրանք:

 

«Ավրորա»-ում հիշեցրել են, որ առաջին իսկ օրվանից Ազնավուրը նախաձեռնության կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը:

 

«Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւ բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին