«Թատերական Լոռի»-ն, Թումանյանի 150-ամյակը եւ «Ցեղի ֆիզիոլոգիան» - Mediamax.am

3177 դիտում

«Թատերական Լոռի»-ն, Թումանյանի 150-ամյակը եւ «Ցեղի ֆիզիոլոգիան»


Հրաչյա Պապինյանը
Հրաչյա Պապինյանը

«Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», «Շունն ու կատուն». Թումանյանի ստեղծագործություններից դրվագներ են պատկերում Ալավերդիի Գեղարվեստի դպրոցի սաները՝ «համբարձում յայլա»-ի հնչյունների ներքո: Ամեն բան թումանյանական է, Թումանյանով լցված:

 

Սեպտեմբերի 24-ին Սանահինի պատմական կամրջի մոտ բացվել է «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

 

Փառատոնի բացումը նշանավորվել է Երեւանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Հեքիաթներ» ներկայացմամբ՝ ըստ Թումանյանի հեքիաթների: Նախորդ՝ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված փառատոնին նույնպես բացման պատիվը այս թատրոնին էր տրված:

 

Թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության եւ «Թատերական Լոռի» փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Նվարդ Ասատրյանի խոսքով՝ փառատոնին մասնակից թատերախմբերից Մալյանի անվան թատրոնի ներկայացումն է առավել համահունչ եղել փառատոնի թեմատիկային, այն է՝ Աղասի Այվազյանի 5 պատմվածքների հիման վրա բեմադրված «Ցեղի ֆիզիոլոգիան» բեմադրությունը: Բացի այդ, բեմադրությունը բազմաթիվ փառատոններում գլխավոր մրցանակների է արժանացել:

 

Մինչ ներկայացման մեկնարկը, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը բեմ է հրավիրել «Թատերական Լոռի»-ի հիմնադիրներ Ռուբեն Հակոբյանին ու Վալերի Պարանյանին՝ ներկայացնելու փառատոնի ստեղծման պատմությունն ու հնչեցնելու մեկնարկն ազդարարող ավանդական զանգը:

 

Փառատոնը սկիզբ է առել Լոռու Ակներ գյուղից: Առաջին անգամ այն անցկացվել է 1979թ. նոյեմբերի 5-ին՝ «Թատերական արվեստի օրեր» անվամբ: Սկզբում այն միավորել է ինքնագործ թատերախմբերին, հետո արդեն՝ փառատոնով սկսել են հետաքրքրվել ու մասնակցության ցանկություն հայտնել պրոֆեսիոնալ թատրոնները:

 

Հայաստանի համար դժվարին տարիներին անգամ փառատոնը չի ընդհատվել, իսկ 2012-ից «Թատերական Լոռին» միջազգային փառատոնի կարգավիճակ է ստացել:

 

«Թատերական Լոռի» փառատոնին այս տարի կմասնակցում է 21 թատերախումբ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից եւ առաջին անգամ՝ Ֆրանսիայից:

 

Թումանյանի ստեղծագործությունները կհնչեն 5 լեզվով: Վերջին տարիներին ներկայացումները, Ալավերդիից բացի, անցկացվում են մարզի այլ քաղաքներում նույնպես՝ Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:

 

Փառատոնն այս տարի մրցութային չէ եւ կտեւի 11 օր:

Հրաչյա Պապինյանը Հրաչյա Պապինյանը

 

Փառատոնային օրվա հաջորդ կարեւոր իրադարձությունը հուշասյան բացման  արարողությունն էր Ալավերդու պղնձաձուլարանի՝ «Էյ Սի Փի» ընկերության բակում: «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը պատմել է մի հուշագրություն, որն էլ գործարանի տարածքում հուշաքար տեղադրելու առիթ է դարձել:

 

«Թումանյանը 1912 թվականին հայ գրականության մեծերի հետ այցելել է Ալավերդի, եղել Սանահինի պատմական կամրջի տարածքում, որտեղ ֆրանսիացիներ են բնակվելիս եղել: Մտավորականները հյուրընկալվել են մի ընտանիքում, ուր թեյի սեղանի շուրջ  քննարկել են այդ օրերին Եվրոպայում լարված դրությունն ու հասունացող պատերազմական իրավիճակը: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշվել է, որ Թումանյանը ժողովուրդների բարեկամության թեմայով ելույթ ունենա պղնձագործների առաջ»,- ասել է փառատոնի տնօրենը՝ հավելելով, որ այս իրադարձության մասին առնվազն 4 հուշագրություն կա:

 

Փառատոնի մշտական աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Ալավերդու համայնքապետարանը, «Վալլեքս» ընկերությունների խումբը, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպությունը: Փառատոնին ռուսական թատրոնների մասնակցությանն աջակցում են «Ռուսկի միր» հիմնադրամն ու Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը:

 

Միջոցառմանը մասնակցել են Վանաձորի կամերային երգչախումբն ու «Հորովել» երգի-պարի անսամբլը, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների եւ Դհոլահարների համույթները, Պարի թատրոնը: Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ են ներկայացրել Ալավերդու քաղաքային թատրոնի դերասանները:

 

Տաթեւիկ Ճուղուրյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ավագյանի եւ Վահե Աղամյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին