Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դիմել են Փաշինյանին - Mediamax.am

2684 դիտում

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դիմել են Փաշինյանին


Լուսանկարը` Լիդիան Արմենիա


Երեւան: Մեդիամաքս: Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի եւ Եղեգնաձորի բնակիչները Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին եւ կառավարությանը:

Նամակում ասված է.  

 

«Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, եւ մենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբերմունքը՝ բնապահպանական խնդիրների եւ շրջակա համայնքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված եւ որակյալ աշխատանք,  բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։

 

 

Եթե մեր համայնքում, մեր սարում հայտնաբերվել է ոսկու պաշար, եւ դա երբեւիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք եւ պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետեւում է բոլոր չափանիշներին եւ ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը։ Ընկերության գործունեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսների նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքը աշխատանքի անվտանգության եւ առողջ կենսակերպի նկատմամբ։

 

 

Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները։ Մեր կյանքը փոխվում է այն դեպքում, երբ դեռ շահագործումը չի սկսվել, այլ միայն հետախուզական աշխատանքներ ու շինարարություն է իրականացվել։ Մենք գտնում ենք, որ մեզ համար մեծ հաջողություն է, որ մեր կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ, եւ դա որոշ մարդիկ թող չներկայացնեն, որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայնքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։

 

 

Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաեւ այլ մարզերից եկած անծանոթ մարդկանց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, եւ պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։ Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում Լիդիանից, քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հնարավորությունից։ Մենք սպասում ենք կառավարության արձագանքին, խնդրում ենք որոշում կայացնել, կատարել Ձեր խոստացած ստուգումները, եւ վերջնականապես փարատել այդ մտահոգությունները, որպեսզի մարդիկ չունենան ավելորդ մտահոգություններ եւ միամտաբար չմիանան հատուկ նպատակ հետապնդող այդ մարդկանց։

 

 

Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորագրյալներս, մեկ անգամ եւս խնդրում ենք լուծում տալ այս հարցին եւ թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող եւ լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքանչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին