Դատական նոր կամուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ - Mediamax.am

2936 դիտում

Դատական նոր կամուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ


Դատական Խորհուրդների Եվրոպական միավորման նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ
Դատական Խորհուրդների Եվրոպական միավորման նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ

Լուսանկարը` Պաուլո Ֆերնանդո Պինտո Նոգեյրա Ֆիգուեյրեդոյի

Պորտուգալիայի դատական խորհրդի անդամ, վերաքննիչ դատարանի դատավոր, դոկտեր Ժոզե Մարիա Սոսա Պինտուի և Կոիմբրայի դատարանի նախագահ Իզաբել Նամորայի հետ
Պորտուգալիայի դատական խորհրդի անդամ, վերաքննիչ դատարանի դատավոր, դոկտեր Ժոզե Մարիա Սոսա Պինտուի և Կոիմբրայի դատարանի նախագահ Իզաբել Նամորայի հետ

Լուսանկարը` Պաուլո Ֆերնանդո Պինտո Նոգեյրա Ֆիգուեյրեդոյի


Լիսաբոնում վերջերս կայացած Եվրոպական Միության Դատական խորհուրդների եվրոպական միավորման (ԴԽԵՄ) հերթական վեհաժողովին մասնակցած ավելի քան երկու տասնյակ երկրների թվում առաջին անգամ եղել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Նա պատմել է Մեդիամաքս-ին Վեհաժողովի հռչակագրի, հնչած առաջարկների, գաղափարների եւ Հայաստանում եվրոպական լավագույն փորձը ներդնելու հեռանկարի մասին:

Վեհաժողովի կարեւորագույն քայլը 

 

Վեհաժողովում ներկայացվել է «Դատական իշխանության անկախության, հաշվետվողականության եւ որակի վերաբերյալ» տարեկան զեկույցը, ընդունվել «Դրական փոփոխության առաջնորդումը» խորագրով հռչակագիրը

 

Վերջին տարիներին ԴԽԵՄ-ը զարգացրել է դատական իշխանության անկախության եւ հաշվետվողականության շրջանակն ու տեսլականը, ինչպես նաեւ ինդիկատորների մի շարք, որոնցով հնարավոր է գնահատել դատական համակարգերի անկախությունն ու հաշվետվողականությունը: Անկախությունը որակյալ արդարադատության նախապայմանն է, որակյալ արդարադատությունը՝ վերջնանպատակ։ Մեր տեսլականն է ունենալ անկախ, հաշվետու եւ արդյունավետ դատական իշխանություն՝ բարձրորակ արդարադատություն ապահովելու համար: Զեկույցը ներառում է ԴԽԵՄ դիտարկումներն ու հանձնարարականները այս համատեքստում:

 

Լիսաբոնյան հռչակագրով Դատական խորհուրդներին կոչ է արվում ողջ Եվրոպայում նախաձեռնել եւ առաջնորդել դրական փոփոխության գործընթաց` անկախ, հաշվետու եւ բարձրորակ դատական իշխանություն եւ համակարգ կայացնելու տեսլականով: Ներգրավել շահառուներին եւ ամրապնդել դատական իշխանության դերը պետական իշխանության մյուս ճյուղերի հանդեպ:

 

Հայկական իրականության համար արդի դրույթները

 

Հռչակագիրը, մասնավորապես, սահմանում է, որ դատական խորհուրդները պետք է ստանձնեն նոր դեր, թե՛ իրենց երկրների եւ թե՛ ավելի լայն առումով՝ արտահայտելով եւ բացատրելով անկախ եւ հաշվետու դատական իշխանության դերը իրավունքի գերակայությամբ կառավարվող պետության մեջ: 

 

Նշանակումների համար դատավորների ընտրելիս՝ ուշադրություն պետք է դարձվի թեկնածուների՝ փոփոխություններ ընդունելու եւ ժամանակակից մոտեցում որդեգրելու պատրաստակամությանը: Եվ, վերջապես, Խորհուրդները պետք է հանդիսանան կամուրջ դատավորների եւ գործադիր իշխանության միջեւ՝ առաջարկված բարեփոխումների առնչությամբ:

 

ԵՄ ԴԽԵՄ-ը հատուկ կարեւորում է արդարադատության թվայնացման գործընթացը, եւ ԲԴԽ-ների մարտահրավերներից է դատավորներին գործընթացին ավելի մոտ դարձնելը: 

 

Թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ՝ իրենց դրական փորձով մետ հետ կիսվեցին Պորտուգալիայի, Անգլիայի, Լիտվայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի ԲԴԽ-ների ներկայացուցիչները։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Անգլիայի եւ Պորտուգալիայի գործընկերների հետ՝ մշտադիտարկման համակարգի և ԲԴԽ – դատավորներ էլեկտրոնային կապն ապահովող ծրագրային գործիքների մշակման և ներդրման ուղղություններով համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ։ 

 

Ուշագրավ է, որ մեր համեմատ եվրոպական դատարաններում թղթաշրջանառությունը մի քանի անգամ պակաս է, իսկ անգլիական դատարաններում այն հասցված է զրոյի։ Դատավորներն օգտվում են դյուրակիր համակարգիչներից, եւ դատական գործընթացները տեղի են ունենում էլեկտրոնային եղանակով։ Բանավոր լսումներում լայնորեն կիրառվում են հեռահաղորդակցության միջոցները։ Այս ամենն ինքնանպատակ չէ, այլ գործի քննության ժամկետները կրճատելու և գումար խնայելու միջոց։ 

 

ԲԴԽ հայաստանյան ներկայացուցչի առաջարկը 

 

Հաշվի առնելով գիտելիքների ամորտիզացման արագ տեմպերը, եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տարբեր մասնագիտացման մեր դատավորներին վերապատրաստման ենթատեքստում ինտեգրել միջազգային մասնագիտական կառույցներին, ինչպիսին է օրինակ սնանկության գործեր քննող դատավորների և մասնագետների կազմակերպությունը` INSOL-ը: 

 

Կարեւոր շեշտադրումներ ԶԼՄ-ների հետ փոխգործակցության ներկապնակում

 

ԴԽԵՄ-ի դիտարկմամբ, դատական իշխանության նկատմամբ դեռեւս ցածր է հանրային վստահությունը, մինչդեռ ԶԼՄ-ների ազդեցությունը դատավորների որոշումների վրա մեծանում է: Այս գործոնն արդի է շատ երկրների պարագայում։

 

ԴԽԵՄ-ի 2018-2021թթ. ռազմավարական նպատակներից է աջակցել դատական իշխանությանը՝ հանրությանն ավելի տեսանելի եւ հասկանալի դառնալ, առաջնահերթություն է սահմանվել` դատական իշխանության պրոակտիվ, լուսավորչական վարքագծի պատշաճ իրացումը:

 

Բոլոր այս քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը։ Այն կենտրոնական դեր ունի եվրոպական դատական խորհուրդների արժեքային համակարգում քանզի դրանով է պայմանավորված դատական իշխանության անկախությունը: 

 

Ուսանող-կամավորականները դատարաններում 

 

Լիսաբոնյան վեհաժողովում մասնակից բոլոր երկրները ներկայացրին դրական փոփոխությունների առաջնորդության իրենց հայեցակարգերը։ ԴԽԵՄ անդամների քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչվեց Լիտվայի բարձրագույն դատական խորհրդի  ներկայացրած «սոցիալապես պատասխանատու և բաց դատարան» հայեցակարգը։ Այն ուսանող-կամավորականների դատարաններում հերթապահություն իրականացնելու և դատարանից օգտվողներին աջակցելու մասին է: Կամավորները դիմավորում են դատարան այցելած վեճի կողմերին, զրուցում նրանց հետ, ուղեկցում համապատասխան բաժիններ, խորհրդատվություն են տրամադրում պարզ հարցերում, օգնում են գտնել նիստերի դահլիճները, զբաղեցնում երեխաներին, եթե կողմը երեխայի հետ է եկել: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է հոգեբանական աջակցություն մասնագետի կողմից:

 

Հրավեր Հայաստան

 

Վեհաժողովի շրջանակներում հանդիպեցի նաեւ ԴԽԵՄ նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ եւ գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ եւ նրան փոխանցեցի ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։ 

 

Անակնկալ էր պարզել, որ Հոլանդիայի Կենտրոնական Վերաքննիչ դատարանի նախագահն ու ԲԴԽ անդամն ազգությամբ հայ, Հոլանդիայում հայտնի իրավաբան Թաքվոր Ավետիսյանն է։ Աշնանն արդեն կկայանա նրա պաշտոնական այցը Հայաստան, որպես Հոլանդիայի դատական իշխանության ներկայացուցիչ։ 

 

Հոլանդական առաջատար փորձը հատկապես կարևոր է դատական իշխանության կողմից բյուջետային հայտի ձևավորման հարցում, որը հիմնված է արդարադատության ծախսատարության հաշվարկի վրա` ըստ յուրաքանչյուր դատարանի և գործի տեսակի։ Սա նոր հայեցակարգ է, որի շուրջ հայկական ԲԴԽ-ն ներկայումս իրականացնում է խորը վերլուծական աշխատանք։    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին