Ֆինանսական օմբուդսմենը եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն» կհամագործակցեն - Mediamax.am

5438 դիտում

Ֆինանսական օմբուդսմենը եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն» կհամագործակցեն


ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն» այսօր համաձայնագիր են ստորագրել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ հաճախորդների շահերի պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը, համաձայնագիրը նախատեսում է տեղեկատվության փոխանակում, հասարակության իրազեկում, ԱՊՊԱ հաճախորդների շահերի պաշտպանության համատեղ միջոցառումների կազմակերպում: 

 

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՊՊԱ ներդրման ընթացքում գրասենյակը ստացել է բազմաթիվ հեռախոսային բողոքներ եւ 29 գրավոր դիմում-բողոք:

 

«Առկա է ԱՊՊԱ մասին մարդկանց թույլ իրազեկվածության խնդիրը, քանի որ քաղաքացիների շատ պահանջներ չեն համապատասխանում մեր գրասենյակի գործունեության ձեւաչափին»,- ասել է Փիրուզ Սարգսյանը:

 

Վահան Ավետիսյանն ասել է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ Բյուրոն կստանա օպերատիվ տեղեկատվություն ԱՊՊԱ կանոնների խախտման վերաբերյալ եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի: 

 

Բյուրոյի տնօրենն ասել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների սեփականատերերի շուրջ 83%-ը արդեն ձեռք է բերել ԱՊՊԱ վկայագիր:

 

Պատասխանելով խոշոր հատուցումներ ստանալու նպատակով վարորդների կողմից հնարավոր խարդախումների մասին Մեդիամաքսի հարցին` Վահան Ավետիսյանն ասել է, որ եղել են ճանապարհատրանսպորտային պատահարի /ՃՏՊ/ սցենարը փոխելու փորձեր, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել: Նրա խոսքերով, ԱՊՊԱ մասին օրենքը լիովին հնարավորություն է տալիս դադարեցնել խարդախությունները:

 

«2013 թվականից ուժի մեջ է մտնում բոնուս-մալուս համակարգը, որը կարգավորելու է ապահովագրավճարների ծավալը եւ վարելու է վարորդների ապահովագրական պատմությունը: Ես բոլորին կոչ եմ անում զերծ մնալ խարդախություններից, թեեւ ներկայումս Հայաստանում դրա հետ կապված լուրջ խնդիրներ չկան»,- ասել է Բյուրոյի տնօրենը:

Մեր ընտրանին