Օգոստոսի կեսերին, երբ Արամ Խաչատրյան համերգասրահի շենքից կախվեց մեծ պաստառը՝ աշխարհահռչակ Ջոն Մալկովիչի դեմքով, շատերը մտածեցին՝ ի՞նչ է անելու հոլիվուդյան աստղը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ՝ նույն բեմում:
Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը նվագախմբին եւ Մալկովիչին միավորելու է Ալֆրեդ Շնիտկեի երաժշտությունն ու Էռնեստո Սաբատոյի գրականությունը:
Այս նախագիծը ներկայացվել է տարբեր երկրներում, եւ Հայաստանի երիտասարդական նվագախումբը Հոլիվուդի լեգենդի հետ համագործակցելու առիթներ ունեցել է: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասում է, որ Մալկովիչը լավ գիտի Հայաստանի պատմությունը, եւ հանդիպումների ընթացքում միշտ խոսել են նրա՝ Հայաստան գալու մասին:
Հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դերասանն ու երաժիշտներն օգնելու են իրար՝ հանդիսատեսին հասցնելու երկու ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտն ու Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից մի հատված՝ «Հաղորդագրություն կույրերի մասին» (էկրանին հայերեն թարգմանությամբ):
«Նվագախումբ, երաժիշտներ եւ Ջոն Մալկովիչ, ուրիշ ոչինչ: Թատրոնի կոնցեպտուալ ոչ մի էֆեկտ չենք օգտագործում: Մալկովիչն ինքը հենց թատրոնն է: Սեուլում այս պրոեկտի համաշխարհային պրեմիերայի ժամանակ դահլիճն ընդհանրապես չէր լուսավորվում, ոչ ոք չգիտեր՝ Ջոնն ինչ է անելու: Բայց նրա աուրան այնքան ուժեղ է, որ երբ դուրս եկավ բեմ, բոլորը զգացին, որ նա դահլիճում է»,- Մեդիամաքսին պատմել է Սերգեյ Սմբատյանը:
Ասում է՝ նվագախմբի համար մեծ ձեռքբերում է, որ Հոլիվուդի ամենամեծ ու պահանջված աստղերից մեկը գալիս է Հայաստան ոչ որպես հյուր, այլ մասնագետ՝ ներկայացնելու իր նախագիծը: Մալկովիչը Հայաստան կժամանի ելույթից մեկ օր առաջ: Նվագախմբի հետ աշխատելու փորձ ունի, երկար նախապատրաստվելու կարիք չկա:
«Բեմում ապրող, մտածող, ստեղծող մարդը միշտ անկանխատեսելի է, բայց Ջոն Մալկովիչի նման թիմակից գործընկեր ունենալը մեծագույն փորձառություն է: Դուք տեսնում եք, թե նա ինչպես է կարողանում այդ պահին բեմում ստեղծել այն արժեքը, որը մարդկանց գերում է, դուր է գալիս: Շատ ուրախ եմ, որ Հայաստան ենք հրավիրել մի նախագիծ, որը ժամանցային արվեստ չէ: Շատ կուզեմ, որ մարդիկ գան համերգի ոչ թե Մալկովիչին բեմին տեսնելու համար, այլ հասկանալու այն կարեւոր ասելիքը, որ Ջոնը փորձում է հաղորդել»,- ասում է Սերգեյ Սմբատյանը:
Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնին հայաստանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա ունկնդրելու Սերժ Թանգյանի «Օրկա» սիմֆոնիա թիվ 1-ը: Սիմֆոնիայից մի հատված այս ապրիլի 24-ին կատարել էր Համահայկական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Թանգյանն աշխարհում հայտնի եւ ամենամեծ արտիստներից է: Եթե նա որոշել է ստեղծագործություն գրել սիմֆոնիկ նվագախմբի կամար, շատ կարեւոր է, որ մեր երիտասարդները, որոնք ակտիվ հետեւում են Թանգյանի արվեստին, տեսնեն, որ նա շատ մեծ ուշադրություն է դարձնում դասական երաժշտությանը: Այդպիսով կարող ենք ցույց տալ, որ դասական երաժշտությունը նույնպես կարող է հետաքրքիր լինեն մարդկանց», - ասում է Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավարը:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: