Բերքաբերի երիտասարդները ճանապարհի հարցով դիմել են վարչապետին - Mediamax.am

exclusive
13599 դիտում

Բերքաբերի երիտասարդները ճանապարհի հարցով դիմել են վարչապետին


Լուսանկարը` Արա Խուդավերդյանը

Լուսանկարը` Արա Խուդավերդյանը

Լուսանկարը` տրամադրել են նամակի հեղինակները

Լուսանկարը` տրամադրել են նամակի հեղինակները

Լուսանկարը` տրամադրել են նամակի հեղինակները

Լուսանկարը` Արա Խուդավերդյանը


Տավուշի մարզի սահմանապահ Բերքաբեր գյուղի մի շարք երիտասարդներ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանինˋ գյուղ տանող ճանապարհի վերանորոգման հարցով:

 

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է նամակի հեղինակներից Դավիթ Պապյանըˋ նշելով, որ կառավարության ղեկավարից ակնկալում են գյուղի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկիˋ 3 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման ֆինանսավորումը:

 

Նամակում, մասնավորապես, նշվում է.

 

«Բերքաբեր գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, բոլոր տները գտնվում են հակառակորդի դիպուկահարների տեսադաշտում ու պարբերաբար վնասներ կրում, իսկ գյուղի վարելահողերի մի մասն ականապատ են, մի մասը նշանառության կամ հակառակորդի տիրապետության տակ: Չնայած այդ պայմաններինˋ մենք որոշել են մնալ մեր հայրենի գյուղում, մեր ապրուստը ստեղծել այստեղ ու կերտել մեր ապագանˋ հույսով, որ մի օր խաղաղություն կհաստատվի: Բերքաբերում կան շատ խնդիրներ, սակայն, մեր կարեւորագույն խնդիրը շարունակում է մնալ գյուղ բերող 3 կմ երկարությամբ ճանապարհը, որը հանդիսանում է համայնքը Նոյեմբերյան-Իջեւան մայրուղուն կապող միակ միջոցը: Ճանապարհը սպասարկում է նաեւ ՀՀ զինված ուժերին եւ միակն է, որ տանում է դեպի սահմանային դիրքեր: Սակայն, անկախացումից ի վեր այն չի վերանորոգվել եւ գտնվում է անմխիթար վիճակում, ինչը տեսանելի է նաեւ նամակին կից լուսանկարներում:

 

Դիմում ենք Ձեզˋ ակնկալելով ֆինանսավորել ճանապարհի վերակառուցումը: Ինքներս պատրաստ ենք կամավոր ներգրավվել ու մասնակցել վերակառուցման աշխատանքներինˋ որպես աջակցություն մեր համայնքին ու մեր երկրին»:

Լուսանկարը` տրամադրել են նամակի հեղինակները

Դավիթ Պապյանը նշում է, որ նամակն արդեն ուղարկել են վարչապետին: Այն ստորագրվել է գյուղի երկու տասնյակից ավել երիտասարդի կողմից:

 

«Մենք դրական արձագանք ենք ակնկալում կառավարության ղեկավարից: Սա համայնք-պետություն համագործակցության նոր ձեւաչափ է, որը, կարծում ենք, կողջունվի ու աջակցություն կստանա: Բերքաբերը միշտ լինելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին գիծը: 3 կմ ճանապարհն անցնելու համար մեզանից պահանջվում է 30 րոպե: Եթե սահմանին իրավիճակը սրվի ու գյուղից երեխաններին, կանաց դուրս հանելու խնդիր լինի, մենք դա արագ կազմակերպել չենք կարող»,- նշել է մեր զրուցակիցը:

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Բերքաբերի երիտասարդները սեփական միջոցներով նախաձեռնել էին գյուղ տանող ճանապարհի փոսերի խճապատումը:

Լուսանկարը` Արա Խուդավերդյանը

«Տեսնում ենք, որ պետական միջոցներ չեն տրամադրվում, ստիպված մենք ենք մեր համեստ ներդրումն անումˋ ով ինչով կարողանում է: Փորձում ենք մեղմել խնդիրը, բայց, ռազմավարական նշանակության ճանապարհի դեպքում, այդ համեստ միջոցներով արվածի վրա հույս դնել չի կարելի»,- եզրափակել է Դավիթ Պապյանը:

 

Պատրաստեցˋ Սիրանուշ Եղիազարյանը

Լուսանկարները տրամադրել են նամակի հեղինակները եւ Արա Խուդավերդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին