Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են հալեպահայերի խնդիրը - Mediamax.am

6968 դիտում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են հալեպահայերի խնդիրը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանում մեկնարկել է թվով 10-րդ «ՆԱՏՕ-ի Շաբաթը»:

«ՆԱՏՕ-ի Շաբաթվա» մեկնարկը տրվել է Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում, որը եւս նշում է իր հիմնադրման տասնամյակը:

 

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին կենտրոնում խոսել են ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

 

Ոիլյամ Լահյուն ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, քանի որ բխում է երկու կողմերի շահերից:

 

Նա տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած հայկական պատվիրակության հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի ճգնաժամը:

 

«Մենք գիտենք, որ Հայաստանը մոտ 20 հազար փախստական է ընդունել Սիրիայից վերջին տարիների ընթացքում: Տեղյակ ենք նաեւ, որ Սիրիայում, մասնավորապես, Հալեպում, բավական թվով հայեր են մնում, եւ Հայաստանում անհանգստացած են նրանց ճակատագրով», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ «ՆԱՏՕ-ի Շաբաթը» կարեւոր է իրադարձություն է, «քանի որ հնարավորություն է ընձեռում հայ հասարակությանը ներկայացնել ՆԱՏՕ-ՀՀ գերազանց համագործակցությունը, որի մասին ոչ բոլորն են տեղյակ»:

 

Գագիկ Հովհաննիսյանը եւ Մհեր Իսրայելյանը ներկայացրել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պատմությունը եւ ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է զարգացնել գործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին