Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում բացվել է Երվանդ Քոչարի էսքիզով ստեղծված «Մայրություն» քանդակը:
Քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է «Մարդու պտղաբերության կենտրոնի» հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին:
Քանդակը ստեղծել է Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր եւ նկարիչ Ռուբեն
Քոչարը:
Այսօր նա պատմել է, որ ժամանակին Էդուարդ Համբարձումյանին է ցույց տվել 1927 թվականին Փարիզում Երվանդ Քոչարի նկարած էսքիզը եւ բժշկի մոտ գաղափար է առաջացել արձան պատրաստել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես չէի ցանկանում նման մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա, սակայն Էդուարդ Համբարձումյանը պնդեց, որ կատարեմ այս գործը», - ասել է Ռուբեն Քոչարը:
Էդուարդ Համբարձումյանի կարծիքով, այս քանդակը մարմնավորում է մայրության եւ տիեզերքի կապը:
«Ես մեծ խորհուրդ եմ տեսնում նրանում, որ այսուհետ այս արձանն է ողջունելու մեր կենտրոնի այցելուներին, որոնք գալիս են մեզ մոտ մայրանալու հույսով», - նկատել է Էդուարդ Համբարձումյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա պատմել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում «Մարդու պտղաբերության կենտրոնի» աշխատակիցների ջանքերով լույս աշխարհ են եկել շուրջ 1 000 երեխաներ:
«Մայրություն» քանդակը տեղադրված է «Մարդու պտղաբերության կենտրոնի» տարածքում՝ Նոր Նորք, Մոլդովական փ., 41/7 շ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: