Վիրավորված Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը կայուն ծանր է - Mediamax.am

7627 դիտում

Վիրավորված Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը կայուն ծանր է


Պավել Մանուկյանը
Պավել Մանուկյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել երեք վիրավոր՝ մեկ ոստիկան եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանն ասել է, որ Պավել եւ Արամ Մանուկյանները վիրահատվել են, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Գիշերը լրագրողների հետ ճեպազրույցում բժիշկն է ասել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ հետվիրահատական բարդությունները հաղթահարելու ուղղությամբ:

 

Պավել Մանուկյանը ստացել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներ, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով, Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։  Երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ միացված են արհեստական շնչառության սարքին:

 

Վիրավոր ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա գտնվում է հիվանդասենյակում:

 

Գիշերը Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը»:

 

«ՊՊԾ գնդի տարածքում  տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամ Մանուկյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- հաղորդել էր ՀՀ ոստիկանությունը:

 

Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակի մասին ոստիկանությունը նոր տեղեկություններ չի հաղորդել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին