«Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Երեւանի գրասենյակում անցնում են Երեւան ժամանած կինոգործիչների վարպետության դասերը: Հուլիսի 13-ին այն վարեց ռուսաստանցի ռեժիսոր Վիտալի Մանսկին, ով փառատոնի շրջանակներում ներկայացրեց Հյուսիսային Կորեայի մասին պատմող իր «Արեւի լույսի ներքո» վավերագրական ֆիլմը:
***
Թվային տեխնոլոգիաները հիմնովին փոխեցին վավերագրական կինոն: Երբ 60-ականներին 16-միլիմետրանոց տեսախցիկ հայտնվեց, որը ձայնը փոխանցելու հնարավորություն ուներ, վավերագրական կինոյի նոր ուղղություն հիմնադրվեց, որ կոչվում էր «կինոճշմարտություն»՝ cinema verite.
***
Այսօր լավ բջջային հեռախոս ունեցողը, կարծես, հոլիվուդյան ստուդիայի սեփականատեր լինի: Մեծ հաշվով, այսօր նկարահանման գրեթե բոլոր հնարավորություններն ու հնարքները մարդու ափի մեջ են:
***
Սցենարն ու իրականությունը անհամատեղելի ենք: Նկարահանման հենց սկզբից ամբողջ լարվածությունը հենց իրական իրադարձություններն են որոշում: Ընդ որում, իրական կինոն հավակնում է փաստի անկողմնակալ փաստի ամրապնդմանը: Իրական կինոն իրականության պատճեն չէ, իսկ առանց սցենարի կինոն պարզապես անհնար է:
***
Նկարահանման ընթացքում բարոյական սահմանափակումներ լինել չեն կարող, արգելք կարող է սահմանել միայն օրենսդրությունը: Մնացած բոլոր հարցերը պիտի լուծվեն մոնտաժի ընթացքում: Երբ պատմությունն ամբողջովին նկարահանված է, երբ գիտես բոլոր զարգացումները եւ ավարտը, միայն այդ ժամանակ է պետք անցնել բարոյական հարցերին: Եթե «Արեւի լույսի ներքո» ֆիլմի նկարահանման ընթացքում մտածեինք բարոյական կողմի մասին, ուրեմն ոչինչ էլ չէինք նկարահանի: Բայց երբ նյութն արդեն սեղանին էր, մենք լրջորեն քննարկում էինք, թե որ կադրերը կարող են վնասել մեր հերոսներին: Հյուսիսային Կորեայում, հավատացեք, հետեւանքները կարող են շատ լուրջ լինել:
***
Հյուսիսային Կորեայում այնպիսի տպավորություն է, որ 1953 թվականին Ստալինը չի մահացել: Մենք էլ էինք այդպես ապրելու, եթե Ստալինը չմահանար, կամ էլ իշխանությունը փոխանցեր որդուն կամ թոռանը: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Ստալինը ղեկավարում էր երկիրը, մեր նախնիները դիմադրում էին, նրանք գիտեին, թե ազատությունն ինչ բան է: Իսկ Հյուսիսային Կորեայում ոչինչ չկա, նույնիսկ վախ չկա:
Հյուսիսային Կորեայի կինոյի պատմության ողջ ընթացքում էկրանին գոնե մեկ անգամ համբույր չի ցուցադրվել: Միայն մի համբույր կա՝ կինն ու իր ամուսինը, ամպրոպի ժամանակ կանգնած են, կինը բարձրացնում է անձրեւանոցն ու թաքցնում է դեմքը: Ենթադրվում է, որ նրանք համբուրվում են:
***
Մենք կարող ենք ազատ լինել, իսկ եթե կորցնում ենք ազատությունը՝ հիմնականում սեփական կամքով է լինում: Խորհրդային տարիներին մենք պարտադիր շքերթների էինք գնում, բայց հետո աղջիկների հետ այգում գինի էինք խմում, տանը՝ խոհանոցում նստում ու խոսում էինք: Այսինքն, այդ զուգահեռ կյանքն ունեինք:
Ազատությունը՝ կանաչ տերեւ է, որ միշտ գտնում է իր ճանապարհը: Ես ազատ մարդու կյանք եմ վարում, անկախ նրանից, թե ովքեր են շրջապատում ինձ: Ազատ եղեք եւ ոչինչ չեք կորցնի:
Լենա Գեւորգյան
Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: