Ռուբեն Վարդանյան. Վերջին պատերազմը պարտադրում է բաց խոսել - Mediamax.am

98799 դիտում

Ռուբեն Վարդանյան. Վերջին պատերազմը պարտադրում է բաց խոսել


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo


«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «100 կյանք» նախագծի եւ «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը հայաստանցիներին կօգնի աշխարհին այլ կերպ նայել:

 

Այս մասին Ռուբեն Վարդանյանն ասել է ապրիլի 21-ին՝ ATV հեռուստատեսության «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ Մարկ Գրիգորյանին տված հարցազրույցում:

 

«Այնպես է ստացվել, որ վերջին տասնամյակներին ավելի շատ պահանջում ենք ուրիշ ազգերից, որպեսզի ճանաչեն Ցեղասպանությունը։ Այդ տեսանկյունից հիմա նման մրցանակի առկայությունը ճիշտ է, մենք հիմա ոչ միայն պահանջում ենք, այլեւ ուրիշներին ենք ինչ-որ բան տալիս։ Դա մեզ ավելի ուժ կտա՝ մեր նպատակներին հասնելու համար։

 

Ես հուսով եմ, որ մեր ջանքերը կօգնեն ավելի լավ հասկանալ, որ «Ավրորան» հայերի հետ շատ ուղիղ կապ ունեցող մրցանակ է։ Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մեր ազգը, որը Ցեղասպանություն է ապրել եւ հասկանում է, թե որքան ցավալի է դա, 100 տարի անց ուժեղացել է այնքան, որ չնայած մեր ներքին կյանքի շատ չլուծված հարցերին, պատրաստ է աշխարհին օգնել այդ հարցի շուրջ խոսել, մրցանակ շնորհել այդ մարդկանց, ովքեր այսօր են փրկում ուրիշներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Մեդիամաքսը գրի է առել հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած մտքերը:

 

Հայրենիքի միավորումից բացի ուրիշ ճանապարհ չունենք

 

Հայրենիքի միավորումից բացի ուրիշ ճանապարհ չունենք: Ազգերին երկու բան է պահում` հպարտություն, որ դու այդ ազգի ներկայացուցիչն ես, եւ ազգիդ սպառնացող վտանգը: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք հպարտ ենք նրանով, որ այդպիսի տղերք ունենք, որ կանգնած են սահմանին եւ պատրաստ են իրենց կյանքը տալ Հայաստանի ապագայի համար:

 

Մենք հպարտություն զգացինք հայ տղաների, հայ ազգի համար: Ամենակարեւորն է՝ հասկացանք, որ մեր հարցը մենք ենք լուծելու, ոչ մեկ մեզ համար դա չի անելու: Մենք հասկացանք, որ կամ կմիանանք եւ կփոխենք ինչ-որ բաներ մեր ուժով, մեր խելքով, կամ էլ մեր հպարտությունը կանցնի եւ դժգոհության կվերափոխվի, ինչը շատ վտանգավոր բան է:

 

Այս քառօրյա պատերազմը սառը ցնցուղի պես մեզ տալիս է հնարավորություն, որ միանանք, հասկանանք, խոսենք եւ որոշում կայացնենք միասին, ոչ թե միմյանց հակաճառելով: Այս շանսը պիտի օգտագործենք մինչեւ վերջ:

 

Առանց լուրջ փոփոխությունների դժվար կլինի կառուցել հզոր ու հպարտ Հայաստան

 

Մենք կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների առջեւ։ Առաջին եւ ամենակարեւոր հարցն անկախ Հայաստանի ապագան եւ հայ ազգի ընդհանուր զարգացման ծրագիրն է։

 

Մենք, որպես ազգ, ապրում ենք տարբեր երկրներում, հաջողված համայնքներ, մարդիկ ունենք: Միեւնույն ժամանակ, 25 տարի անկախ ենք, եւ 25 տարի անց հարց է ծագում՝ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ի՞նչ Հայաստան ենք ուզում կառուցել։

 

Վերջին պատերազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ չպատասխանելով այդ հարցերին, չգնալով շատ լուրջ փոփոխությունների, շատ դժվար կլինի կառուցել հզոր ու հպարտ Հայաստան։

 

Ես այստեղ չեմ ապրում, բայց որպես հայ մարդ, որը իր կյանքը կապում է հայ ազգի ապագայի հետ, կարծում եմ, որ ամենակարեւոր հարցը, որ պիտի լուծենք, այն է, թե ինչպիսի՞ պետություն ենք ուզում կառուցել եւ ինչպիսի Հայաստան ենք տեսնում ապագայում։

 

Այսօրվա Հայաստանն ապրում է փակ միջավայրում, որտեղ մարդիկ հաջողությունների են հասնում տարբեր մոնոպոլիաներ ստեղծելով, որտեղ քիչ կամ շատ հպանցիկ են հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։

 

Սովոր չենք, որ ինքներս կարող ենք մեր հարցերը լուծել, սովոր չենք հաղթողի եւ ուժեղի տեսակետից մտածել։ Ցավոք, մեր անկախությունը սկսվեց երկրաշարժից, պատերազմից եւ շրջափակումից, եւ իսկապես այն տարիներին շատ ծանր դրություն էր։

 

Իհարկե, օգնությունը շատ կարեւոր է, բայց այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Օգնությունը տարբեր երկրներից եւ սփյուռքից բերել է նրան, որ մենք չենք սովորել ինքներս ինչ-որ բան տալ, այլ ցանկանում ենք, որ միշտ մեզ տան։

 

Այսօրվա մոդելում անհնար է, որ սփյուռքահայ եւ հայաստանցի գործարարները կարողանան միասին աշխատել: Այսօրվա մոդելը հնարավորություն չի տալիս, որ

օտարները կամ այլ երկրներում ապրող հայերը գան այստեղ եւ դյուրին պայմաններում գործ սկսեն եւ հաջողության հասնեն։

 

Խնդիրներից մեկն այն է, որ խաղի օրենքները տարբեր են տարբեր մարդկանց համար: Երբ կա ոչ թափանցիկ միջավայր, դժվար է ստեղծել հետաքրքիր կապ սփյուռքի եւ Հայաստանի գործարարների միջեւ։

 

Հարցն ավելի շատ մտածելակերպի մեջ է՝ ինչպե՞ս ենք մենք նայում ինքներս մեզ: Նայում ենք որպես մի երկրի, որը մնում է իր խնդիրների մեջ կամ փորձում ենք դառնալ մի վայր, որտեղ մարդիկ կկարողանան գալ, ներդրումներ անել եւ աշխատել։

 

Մեր հաշվարկով, Հայաստանը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու համար պետք է 15 տարվա ընթացքում տարեկան 500 մլն դոլար գումար ներդրվի Հայաստանում։ Մեր կատարած այլ հաշվարկի ահամաձայն, տարեկան 300-ից 500 մլն դոլար Հայաստանում շրջանառվում է «սեւ տնտեսության» մեջ կամ ներդրվում է այնպիսի ոլորտներում, որոնք միջոցների արդյունավետ վերադարձ չեն ապահովում:

 

Մոդելի բացումը ենթադրում է նույնական խաղի կանոններ բոլորի համար, երբ բոլորը պետք է հարկեր մուծեն: Այսօր ունենք իրավիճակ, երբ մարդիկ հարկեր չեն մուծում, չմուծված հարկերի մի մասով «բարեգործություն» են անում, մարդիկ էլ ասում են՝ «ինչ լավ բարեգործ է»:

 

Վերջին պատերազմը մեզ ստիպում է բաց խոսել

 

Ապրիլյան պատերազմը մեզ հնարավորություն է տվել, որ բաց խոսենք, այլ տարբերակ չկա: Սեւին պիտի ասենք՝ սեւ է, սպիտակին` սպիտակ: Այլեւս հնարավորություն չունենք «փափուկ» ձեւով ինչ-որ բաներ անել:

 

Մի օրինակ բերեմ: Այսօր պետք է թռիչք իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը: Այդ ընկերության 51 տոկոսի բաժնետերը ատամնաբույժ է, իսկ ավիաընկերություն ստեղծելու համար պետք է առնվազն 8-10 մլն դոլարի ներդրում:

 

Ատամնաբույժը ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրում ողջ կյանքի ընթացքում չի կարող այդքան փող աշխատել: Բոլորը հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, բայց այդ ընկերությունը 2 ամսում ստանում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ թույլտվությունները: Զարմանում ես, թե ինչ լավ երկիր է Հայաստանը, որտեղ ատամնաբույժը երկու ամսում կարող է ավիաուղիներ բացել:

 

Բայց եթե լուրջ ենք նայում, առանց կատակելու, դա շատ լուրջ հարց է: Ինչո՞ւ է կառավարությունը թույլ տալիս, որ առանց ֆինանսական միջոցների առկայության հիմնավորման ինչ-որ մեկը ավիաուղիներ հիմնի: Չէ՞ որ դա առաջին հերթին մարդկանց անվտանգության հարց է: Պարզ է, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո կրկին սնանկ է ճանաչվելու այդ ընկերությունը:

 

Կարող է, չափազանցում եմ, որովհետեւ էմոցիոնալ մարդ եմ, բայց վերջին պատերազմը մեզ հնարավորություն չի թողել «կիսաճիշտ» խոսել: Հնարավորություն չի տալիս չխոսելու, օրինակ, այն մասին, թե ինչու էլիտայի երեխաները բանակում չեն ծառայում:

 

21-րդ դարը մեր դարն է

 

Մենք ունենք մեծ առավելություն՝ ես դա ասել եմ շատ անգամ: 21-րդ դարը մեր դարն է, հայ ազգի դարն է: Առաջին անգամ հարստությունը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքան հող կամ նավթ ունես, այլ ինչքան խելոք մարդ ունես: Դա է ամենակարեւորը:

 

Մենք հնարավորություն ունենք օգտագործելու ոչ միայն մեր երկրի հարստությունը, այլեւ մեր ազգի հարստությունը եւ ազգի կապերը: Դարերով դա օգտագործել ենք՝ երբ հայ գործարարները աշխատում էին Սինգապուրում կամ Ֆրանսիայում, ուրիշ ազգությունները պարզապես չէին ճամփորդում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին