Ապրիլի 12-16 Երեւանում անցկացվող «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակներում Հայաստան են այցելել հինգ Նոբելյան դափնեկիրներ: Մեդիամաքսը զրուցել է նրանցից երկուսի հետ:
Էյիթի Նեգիսի (Ei-ichi Negishi)
Ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935-ին: Հայտնի է այսպես կոչված Նեգիսիի ռեակցիայի բացահայտման համար: Ամերիկայի Պերդյու համալսարանի (Ինդիանա նահանգ) պատվավոր պրոֆեսոր է: Նոբելյան մրցանակ ստացել է 2010-ին` քիմիայի ոլորտում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում: Երբ ինձ հրավիրեցին մասնակցելու «Նոբելյան օրեր»-ին, մտքումս ասացի՝ Հայաստանն այն վայրն է, ուր ես պետք է անպայման այցելեմ՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում այդ երկրի շուրջ: Կինս չափազանց մտահոգված էր վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններով, եւ նա անգամ դեմ էր իմ այցին: Բայց ինձ համոզեցին: Հայաստանն այն բացառիկ վայրերից է, որտեղ իսկապես անվտանգ է: Ես ինձ լիովին ապահով եմ զգում այստեղ:
Ինձ տարիներ առաջ պատմել էին Արարատ լեռան մասին: Շատ եմ ցանկանում այն տեսնել: Բայց իմ այցի գլխավոր նպատակն է խթան հաղորդել երիտասարդ գիտնականներին»:
Դան Շեխտման (Dan Shechtman)
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսրայելացի ֆիզիկոսն ու քիմիկոսը 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի կեղծ բյուրեղների բացահայտման համար:
«Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ եղել եմ ձեր երկրում մոտ 20 տարի առաջ: Քաղաքն աննկարագրելիորեն փոխվել է վերջին տարիներին: Ես սիրում եմ հայերին: Դուք բաց եք, տաղանդավոր եք, ընկերասեր: Ես վստահ եմ, որ այս հանդիպումները լավ առիթ են երիտասարդների շրջանում կրթությանն եւ գիտության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով: Սա չափազանց կարեւոր է, քանի որ Հայաստանի, ինչպես եւ մյուս բոլոր երկրների ապագան կախված է լավ կրթված, ձեռներեց մարդկանցից:
Ես կցանկանամ շրջել Հայաստանով: Ինձ իսկապես դուր են գալիս հայկական խաչքարերը: Դրանք բացառիկ են ամբողջ աշխարհում: Ինձ հետաքրքրում են մարդիկ, հայկական ճարտարապետությունը: Նախորդ այցից շատ ժամանակ է անցել, կարելի է թարմացնել տպավորությունները»:
Եկատերինա Պողոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: