«Զվարթնոցի» համահեղինակի՝ շենքի փրկության նախագիծը - Mediamax.am

exclusive
41986 դիտում

«Զվարթնոցի» համահեղինակի՝ շենքի փրկության նախագիծը


Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան


«Զվարթնոց» օդանավակայանի շենքի համահեղինակ, ճարտարապետ Ժորժ Շեխլյանը, որն այժմ Ֆրանսիայում է բնակվում, շենքի հետագա պահպանման եւ օգտագործման երեք նախագիծ է մշակել: Մեդիամաքսը ճարտարապետին խնդրել է ներկայացնել իրեն առավել հոգեհարազատ տարբերակը եւ մեկնաբանել հին մասնաշենքի էստակադան քանդելու որոշումը:

 

Մեր զրույցի ընթացքում Ժորժ Շեխլյանը բազմիցս ասել է, որ մեկ հոդվածի շրջանակում հնարավոր չէ պատշաճ կերպով ներկայացնել առաջարկները եւ ինքը ցանկանում է անձամբ գալ Երեւան եւ հանրությանը ներկայացնել իր գաղափարները: Ճարտարապետն ակնկալում է, որ պատկան մարմինները կկազմակերպեն իր այցը:

 

Ժորժ Շեխլյանը կարծում է, որ Կլոր շենքի պահպանման համար նախ հարկավոր է, որ կոնցեսիոները հրաժարվի նոր մասնաշենքը դեպի ձախ ընդլայնելու ծրագրից: Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը պետք է մրցույթ կազմակերպի եւ հին մասնաշենքը վաճառի որեւէ բիզնեսմենի՝ պայմանով, որ շենքը կամրացվի եւ կշահագործվի:

 

«Այդպես Հայաստանում կգործի երկու օդանավակայան: Հին շենքը կարող է ներքին թռիչքների համար օգտագործվել»,- ասել է ճարտարապետը:

 

Ժորժ Շեխլյանն իր նախագծերի ֆիլմային տարբերակն է պատրաստել, որը, ինչպես ինքն է ասում, ավելի հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես է նախատեսում շենքի զարգացումը:

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

«Ես հորդորում եմ պատկան մարմիններին, որպեսզի ինձ եւս հրավիրեն եւ մասնակից դարձնեն քննարկումներին, ես նախագծի՝ միակ ողջ մնացած հեղինակն եմ: «Զվարթնոցի» համար պետական մրցանակ են տվել ինձ, բայց հիմա հաշվի չեն առնում իմ կարծիքը»,- ասել է նա:

 

Մեդիամաքսին տրամադրած գլխավոր հատակագծի համաձայն՝ շենքի զգալի հատվածը (ինքնաթիռների համար 8 կայանատեղով) հատկացվում է միջազգային, իսկ 2 կայանատեղի՝ տեղական ավիաուղիների համար: Ճարտարապետը տարածք է հատկացրել նաեւ Բարձրաստիճան ուղեւորների համար (VIP): Բուն աշտարակը, ըստ նախագծի, օգտագործվելու է ադմինիստրատիվ նպատակներով, ինչպես նաեւ նախատեսվում է հյուրանոցային, զվարճանքների եւ առեւտրային համալիրի կառուցում:

 

Անդրադառնալով կոնցեսիոների մաստեր պլանին, Ժորժ Շեխլյանը նկատել է, որ դրանով նախատեսվում է մակերեսը 5000քմ. ընդլայնել: Կոնցեսիոների առաջադրանքի համաձայն՝ այդ դեպքում ուղեւորափոխադրման թողունակությունը կհասնի տարեկան 4 մլն-ի:

 

Ճարտարապետը նշել է, որ օդանավակայանում այժմ գոյություն ունի ճանապարհման նորակառույց 5 ելք, իսկ մաստեր պլանով նախատեսվում է դրանք հասցնել 10-ի՝ 7 ուղեկամրջակով ու 3 ուղեսանդուղքով:

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

«Իրենք ներկայացրել են զարգացման հեռանկարային տարբերակը, որով կոմպոզիցիա չի ստացվում: Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Կլոր շենքի շուրջն արդեն 10 ելք կա, եւ նոր մասնաշենքի առջեւ եղած ելքերի հետ միասին դրանց թիվը հասնում է 16-ի: Էլ ինչո՞ւ են ցանկանում նորը կառուցել: Թող եղածն ամրացնեն եւ օգտագործեն, դա ավելի քիչ ծախսատար ու ժամանակատար կարող է լինել, քան նորերի կառուցումը: Բիզնես պլանի մեջ գրված է, որ 101,1 մլն դոլար է պահանջվում նոր ելքերի կառուցման համար, իսկ հին մասնաշենքն ուժեղացնելու համար՝ առավելագույնը 15-20 մլն: Տեսեք ինչ ահռելի տարբերություն է: Բացի այդ, այդքան գումար ծախսելուց հետո իրենք ավելի քիչ կայանատեղեր են ստանալու, քան այժմ գոյություն ունի»,- մանրամասնել է նա:

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

«Զվարթնոցի» օդանավակայանի Կլոր մասնաշենքի պահպանման համար, ըստ համահեղինակի, լավ տարբերակ կարող է լինել նաեւ ժամանակին Կառավարության ներկայացրած առաջարկը, ըստ որի՝ հին մասնաշենքի տարածքը կարող էր թանգարանային նպատակներով օգտագործել՝ տեղում հուշարձանների մանրակերտեր ցուցադրելու համար:

 

Սա, Ժորժ Շեխլյանի կարծիքով, զբոսաշրջային մեծ նշանակություն կարող է ունենալ, եւ այդ դեպքում էստակադան հարկավոր է բուն շենքին մոտենալու համար: 

Ինչպե՞ս պետք է որոշվի «Զվարթնոցի» հին մասնաշենքի հետագա ճակատագիրը:

Ժորժ Շեխլյանը շեշտում է, որ այս օդանավակայանը մեր երկրի դեմքն է, իսկ նոր մասնաշենքի նմանները բազմաթիվ են աշխարհում:

Լուսանկարը` Էսքիզը՝ Ժորժ Շեխլյան

«Ես մտահոգություն ունեմ, որ Էստակադան քանդելուց հետո կանցնեն բուն աշտարակին: Դա սուտ է, թե մեզ ընդառաջ են գնում, միայն էստակադան են քանդում, իսկ բուն աշտարակը պահվելու է: Իրենք, շենքը քանդելով, պարզապես ցանկանում են տիրանալ տարածքին, իսկ այժմ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում: Առանց էստակադայի աշտարակն էլ ո՞ւմ է պետք: Էստակադայի քանդման ժամանակ չի բացառվում, որ կվնասեն բուն աշտարակը: Սա հնարավոր է քանդողների անփութության դեպքում: Այս մտահոգությունը տեղին է»,- ասել է նա:

 

Ժորժ Շեխլյանը միեւնույն ժամանակ նկատում է, որ եթե արտաքին օղակը, նոր մասնաշենքի հետ, որպես օդանավակայան է պահպանվում, ապա էստակադան պահելն անիմաստ է: Նման շահագործման դեպքում Էստակադան չեն կարող օգտագործել, ինչը նշանակում է, որ եթե անգամ սեյսմիկ առումով ամրակայելու համար գումարներ ծախսեն, բայց չօգտագործեն, արտաքին կլոր օղակը նորից մնալու է անձրեւների տակ եւ քայքայվի:

 

Մարի Թարյան

Էսքիզները՝ Ժորժ Շեխլյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին