«Գազպրոմը» Վրաստանի, Իրանի եւ ՀՀ-ի հետ նոր տարբերակ է քննարկում - Mediamax.am

6486 դիտում

«Գազպրոմը» Վրաստանի, Իրանի եւ ՀՀ-ի հետ նոր տարբերակ է քննարկում


«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոմը» ուսումնասիրում է Իրանի հետ գազի փոխանակային մատակարարում կազմակերպելու հարցը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, դեկտեմբերի 8-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Լյուքսեմբուրգում բանակցել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:

 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարման հարցը՝ Վրաստանի տարածքով տարանցումը դիտարկելիս, նա ասել է. «Այո, այդ հարցը քննարկվել է. այս պահին մենք իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակային գործարքների հարցերը»:

 

Մեդիամաքսը  հիշեցնում է, որ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 11-ին ասել էր, որ Վրաստանը «ամենայն հավանականությամբ, կսկսի գազ գնել Իրանից»: «Հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը Վրաստան մատակարարվի: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, այն կմատակարարվի», - ասել էր Իվանիշվիլին:

 

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկատվությունը, «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանը կարծիք է հայտնել, որ Վրաստանը գնելու է «վիրտուալ» իրանական գազ:

 

«Սխեման կարող է այսպիսին լինել. Վրաստանը գազի գնման մասին պայմանագիր է կնքելու Իրանի հետ, ու այդ «իրանական գազը» թողնելու է Ռուսաստանին՝ այն մասից, որ մատակարարվում է Հայաստան: Փոխարենը Իրանը նույն քանակությամբ գազ է մատակարարելու Իրան-Հայաստան գազատար, եւ այդ գազը վաճառվելու է Հայաստանում որպես ռուսական գազ: Իսկ ռուսական գազը Վրաստանում, համապատասխանաբար, վաճառվելու է որպես իրանական», - ասել է Սեւակ Սարուխանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին