7-օրյա հեքիաթ՝ անապահով երեխաների համար - Mediamax.am

exclusive
5674 դիտում

7-օրյա հեքիաթ՝ անապահով երեխաների համար


Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Էվրիկ Ղազարյանը
Էվրիկ Ղազարյանը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Ջոկատավար Անին
Ջոկատավար Անին

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

12-ամյա Նարգիզը
12-ամյա Նարգիզը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

11-ամյա Սեւակը
11-ամյա Սեւակը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Շաղիկ Մարուխյանը
Շաղիկ Մարուխյանը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Լուսանկարը` Վորլդ Վիժն


Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակն ամռան ամիսներին մեկշաբաթյա հեքիաթ է ստեղծել առավել խոցելի եւ անապահով ընտանիքների երեխաների համար՝ նրանց կտրելով առօրյա գորշ գույներից եւ ամառային հանգիստը կազմակերպելով ճամբարում:

 

Կազմակերպության ծրագրերում գրանցված երեխաներից 3200-ն ամռան մեկ շաբաթն անցկացրել է Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում: Օգոստոսի վերջին շաբաթը Վարդենիսի տարածաքային զարգացման ծրագրում գրանցված 10-12 տարեկան 340 երեխաներինն էր: Մեդիամաքսն այցելել է ճամբար ու ծանոթացել նրանց մեկ օրվան:

 

8:00

 

Վերկաց եւ դեպի շարահրապարակ՝ մարմնամարզության: Ճամբարում սպորտով զբաղվել ու ակտիվ կամ ինտելեկտուալ խաղեր խաղալ բոլորն են սիրում:

 

11-ամյա Սեւակի գլխում մարմնամարզության ընթացքում այս օրերին յուրացրած նոր գիտելիքներն են պտտվում. կրկնում է, որ ոչինչ չմոռանա: Նրան հատկապես խաղերն ու երգերն են տպավորել: Խաղերից ամենաշատը գլուխկոտրուկներն է հավանել: Սեւակը երազում է բժիշկ դառնալ ու փորձել է հնարավորինս շատ նոր գիտելիքներ յուրացնել, որպեսզի լավ սովորի եւ հասնի իր երազանքին: Տղան սիրում է սպորտով զբաղվել, ինչի հնարավորությունը եւս ճամբարում ունեցել է:

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Վարժանքներից հետո երեխաները շտապում են հարդարել սենյակները. 6-19-տեղանոց սենյակներում երեխաների հետ քնում են ջոկատավարները։ Այնուհետեւ իջնում են նախաճաշի: Խոհանոցից տարածվում է համեղ նախաճաշի հոտը:

 

«Այստեղ շատ համեղ ուտելիքներ են պատրաստում»,- ասում է Սեւակն ու հիշում, որ կարեւոր բան է բաց թողել. «Չմոռանամ ասել, որ շատ եմ սիրում ջոկատավարներին եւ մեր ընկեր Ռուզիկին, որը շատ բարի է»:

 

«Փիսիկների» ջոկատավար Անին ասում է, որ ամեն ինչ անում են՝ երեխաների օրը հագեցած դարձնելու համար. «Օրակարգն այնպես է կազմված, որ երեխաներին հարմար եւ օգտակար լինի: Մեր ջոկատում շատ երեխաներ կան, որ լավ նկարում են, նկարները փակցրել ենք տաղավարում: Ամեն օր մի թեմայի շուրջ են նկարում: Երեխաները հատկապես սիրում են տարբեր ջոկատների հետ մրցումներ անցկացնել, ինչից շատ են ոգեւորվում»:

 

10:00

 

Առաջիկա երկու ժամը հոգեւոր դաս է, որին ջոկատները մաս-մաս են մասնակցում։

 

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երկու սարկավագ երեխաներին ներկայացնում են Քրիստոնեության խորհուրդը:

 

«Արդեն մեկ շաբաթ է՝ ինչ ճամբարում, երեխաների խաղերին զուգահեռ, մեկ ժամ հոգեւոր դասեր ենք անցկացնում: Ներկայացնում ենք, թե ով է քրիստոնյան, բացատրում ենք եկեղեցու խորհուրդները: Երեխաները շատ հետաքրքրված են, բազմաթիվ հարցեր են ուղղում մեզ, մասնակցում են քննարկումներին: Այնքան մեծ է հետաքրքրությունը, որ գրեթե բոլոր երեխաները հարցեր են ունենում հոգեւոր ասպարեզից»,- ասում է Տիգրան սարկավագ Երոյանը:

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Հոգեւոր դասերը Սեւակին եւս շատ հետաքրքիր են, ասում է՝ կարեւոր բաներ է սովորել. «Հոգեւոր դասերին շատ հարցերի պատասխաններ ստացա: Ամենակարեւորը միտքը, որ միշտ կհիշեմ՝ Աստված բոլորիս սիրում է, նա է ստեղծել մեզ, եւ մենք հավասար ենք նրա առաջ»:

 

Սարկավագները Մանկական Աստվածաշնչից հոգեւոր թեմաներով նյութեր են առանձնացնում, որոնք փոխանցում են ջոկատավարներին: Վերջիններս փոքրիկ բեմականացումներ են պատրաստում երեխաների հետ եւ երեկոյան ներկայացնում դրանք:

 

12:00

 

Երեխաների պաշտպանության բլոկից «Խաղաղության ուղի» խաղերի ժամն է: Այս խաղերին, ինչպես ասում է Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի Գեղարքունիքի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Էվրիկ Ղազարյանը, ջոկատավարները հատուկ պատրաստվել են։ Ձեռնարկից ամեն օր մեկ խաղ են անցնում, որոնք մերձեցնում է երեխաներին, անկաշկանդ մթնոլորտ ստեղծում, որպեսզի ճանաչեն միմյանց ու մտերմանան։

 

«Ընթացքում ինտելեկտուալ խաղեր են անցկացվել դպրոցի առարկայական հարցերով կամ հոգեւոր թեմաներով։ Երեխաները հատկապես մեծ հաճույքով են մասնակցում ազգային երգ ու պարի դասերին։ Այստեղ սպորտն ու գիտելիքը հավասար են: Նշեմ նաեւ, որ ճամբարում լողավազան կա, որտեղ երեխաների անվտանգությունն ապահովում են փրկարարները»,- ասում է Էվրիկ Ղազարյանը:

12-ամյա Նարգիզը 12-ամյա Նարգիզը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

12-ամյա Նարգիզի համար ճամբարում անցկացրած օրերն անմոռանալի են: Նրա խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ սիրով կշփվի ցանկացած հնարավորության դեպքում:

 

«Ժամանակակից պարեր ենք սովորել, ես արդեն կարողանում եմ գեղեցիկ պարել: Ինձ հետ լավ հիշողություններ եմ տանում ու կկարոտեմ ընկերներիս»,- ասում է նա:

 

13:00

 

Բոլորը դեպի խոհանոց: Խոհարարների պատրաստած համեղ ճաշերից ոչ ոք չի հրաժարվում, հատկապես, որ գիտեն, թե որքան ջանք են թափել նրանք: Երեխաները պատմում են, որ խոհարարները, երբեմն, շեղվում են սահմանված սննդակարգից եւ փոքրիկ անակնկալներ մատուցում: Օրերս նրանք մեծ պիցցաներ են պատրաստել 300 երեխայի համար, ինչը փոքրիկներին շատ է ուրախացրել: Ջրի հարցը եւս հոգացել են. որպեսզի ջրի փոփոխության պատճառով խնդիրներ չառաջանան, երեխաները շշալցված եւ մաքուր ջուր են խմում:

 

Ճաշից հետո ճամբարականներն անցնում են հանգստի. ոմանք հեռուստացույց են դիտում, նամակներ գրում իրենց հովանավորներին։

Շաղիկ Մարուխյանը Շաղիկ Մարուխյանը

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Հովանավորներին, թեեւ անձամբ չեն ճանաչում, սակայն նամակների միջոցով հասցրել են մտերմանալ: Հենց այդ մարդկանց շնորհիվ է իրականություն դառնում այս հեքիաթը:

 

Ճամբարում բոլոր երեխաները հավասար են, եւ այդ հավասարությունը պահելու համար ջանք չի խնայվում անգամ ամենաչնչին հարցերում:

 

Վորլդ Վիժնի գրասենյակը ընդհանուր օգնություն է ստանում՝ հագուստի, խաղալիքների տեսքով, որը բաժանում են տարբեր առիթներով: Ինչպես նշում է Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի Գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը, իրենք չեն շրջում տներով եւ բաժանում այդ օգնությունը:

 

«Փորձը ցույց տվեց, որ այս ճամբարները նաեւ որակյալ եւ նոր հագուստը երեխաներին բաժանելու լավագույն առիթն են: Կան երեխաներ, որ առանց փոխնորդի են գալիս, բայց այդ հագուստի շնորհիվ այստեղ բոլորը հավասար են, չկա մեկ երեխա, որ մաշված ու հին հագուստ կրի»,- ասում է նա:

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Շաղիկ Մարուխյանն ընդգծում է նաեւ, որ ճամբարում երեխաների անվտանգությունն ապահովված է: Այստեղ մշտապես բժիշկ եւ բուժքույր կան, որոնք պատրաստ են ցանկացած պարագայում բուժօգնություն ցուցաբերել:

 

16:00

 

Վերջին օրվա երկրորդ կեսը մի փոքր տարբերվում է նախորդների օրակարգից: Այս ժամից արդեն սկսում են պատրաստվել խարույկին, պարային բեմադրություններն են փորձում։ Ջոկոտավարներն ընթացքում ընտրել են առավել աչքի ընկածներին, որոնց հետ էլ ներկայացնում են բեմադրությունները։

 

18:00

 

Ընթրիքին հաջորդում է տորթի հյուրասիրություն եւ փոքրիկ հրավառություն։ Խարույկի մոտ ջոկատներն իրենց երգն ու պարն են ներկայացնում։ Երեխաները շվիով կատարում են Վորլդ Վիժն կազմակերպության հիմնը, հատուկ ուղերձներ նկարում, որոնք հետագայում փակցվում են ճամբարի մասնաշենքերի պատերին։

 

Մոմավառությամբ եւ աղոթքով բացվում է խարույկը վառելու արարողությունը, դրսում օդապարիկներ են բաց թողնում:

Լուսանկարը` Վորլդ Վիժն

Ամփոփելով ծրագիրը՝ Շաղիկ Մարուխյանը նկատում է, որ ամառային ճամբարներ են կազմակերպում 2002-ից, եւ գլխավոր նպատակը ծրագրերում ներառված առավել խոցելի երեխաներին իրենց կյանքի ընթացքում պիտանի նոր գիտելիքներ ստանալու, միմյանց հետ շփվելու հնարավորություն ընձեռելն է:

 

«Երեխաները նոր ընկերներ են ձեռք բերում, նորմալ սնունդ եւ հագուստ են ստանում: Սա նրանց առօրյայից կտրելու, նրանց կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու փորձ է: 15 տարվա մեր գործունեությունը ցույց տվեց, որ որքան էլ ծրագրեր ենք իրականացնում, աշխատում ենք իրենց հետ երկարատեւ, այս 7-10 օրերի ճամբարը նրանց կյանքում շատ բան է փոխում: Մենք ունեցել ենք երեխաներ, ովքեր մասնակցել են առաջին ճամբարներին եւ հիմա կամավորներ են դարձել ու մասնակցում են նորերին: Նրանք հասուն ջոկատավարներ են դարձել, փաստորեն ձեռք են բերել ղեկավարման հմտություններ ու երեխաների հետ շփվելու փորձ: Սա մեզ համար լավ ապացույց է, որ ճամբարները դրական ազդեցություն ունեն»,- նշում է նա:

 

Շաղիկ Մարուխյանը վստահեցնում է, որ ծրագիրը պարտադիր շարունակելու են՝ չնայած լուրջ ֆինանասական խնդիրներին: Կազմակերպության ներկայացուցիչներն այս խնդրի լուծման հարցում ակնկալում են նաեւ հայաստանցի բարերաների աջակցությունը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Վորլդ Վիժնի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին