Ցույցերը Հայաստանում. hայացք Ռուսաստանից - Mediamax.am

4695 դիտում

Ցույցերը Հայաստանում. hայացք Ռուսաստանից


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի հայտնի լրագրողներն այսօր Երեւանում մեկնաբանել են երեւանյան վերջին իրադարձությունները, մասնավորապես, էլեկտրաէներգիայի դեմ թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերը, ինչպես նաեւ այդ դեպքերի լուսաբանումը Ռուսաստանում:

Ռուսաստանցի լրագրողները Հայաստանում են՝ «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն եւ այժմեականություն » երիտասարդ լրագրողների մրցույթի շրջանակում:

 

Մեդիամաքսը ներկայացնում է նրանց կարծիքները:

 

Ալեքսանդր Գուրնով, Russia Today հեռուստաալիքի քաղաքական տեսաբան

 

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երեւանում, ռուսական լրատվամիջոցները բավական միակողմանի են լուսաբանում: Ցույց են տալիս միայն բուն իրողությունները՝ առանց իրական վիճակի մասին խորքային պատկերացում ունենալու: Դա հեռուստադիտողների կողմից ավտոմատ կերպ ընկալվում է որպես վրացական եւ ուկրաինական դեպքերի կրկնություն: Եթե վերցնենք տպագիր մամուլը, ապա մի կողմից` որոշ թերթեր գրում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լիովին տրամաբանական է, իսկ մյուսներն ասում են, թե ամեն տարի թանկացումներ լինում են, ինչո՞ւ միայն հիմա բարձրացավ բողոքի ալիք:

 

Բնականաբար, փորձում են ամեն ինչում ամերիկյան հետք տեսնել: Այդ ամենից ստիպված ենք եզրակացնել, որ Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարություններում իրավիճակը շատ մտահոգիչ է ու նուրբ՝ հավասարակշռության տեսակետից, եւ այն կարող է խախտվել ցանկացած պահի, ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Այդպես ենք մենք ընկալում Հայաստանում տեղի ունեցող իրողությունները:

 

Մոսկվայի բնակիչներին անհանգստացնում են այդ դեպքերը, մարդիկ մտահոգված են: Ռուսները մշտապես դիտարկել են Ուկրաինան որպես Ռուսաստանի մի մաս: Նրանք մինչեւ հիմա չեն կարող հավատալ, որ 40 մլն ռուս մարդ իրեն Ուկրաինայի քաղաքացի է համարում եւ դարձել է ռուսների ոխերիմ թշնամի: Իսկ դա, ցավոք, այդպես է: Դրա համար, բնական է, որ մարդկանց անհանգստացնում են հայաստանյան դեպքերը: Մենք համարում ենք հայերին հետխորհրդային տարածքում մեզ ամենամոտ ժողովուրդներից մեկը: Այժմ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու Երեւանում, արդյոք հնարավո՞ր է նման բան լինի նաեւ Հայաստանում:

 

Ռոման Բաբայան, «ՏՎ Ցենտր» ալիքի «Ձայնի իրավունք» ծրագրի հաղորդավար

 

Իսկապես, Ռուսաստանում մարդիկ շատ անհանգստացած են երեւանյան իրադարձություններով: Երբ նրանք գրում կամ հարցնում են սոցցանցերում Երեւանի դեպքերի մասին, ապա հիմնական միտքը հետեւյալն է. բոլորի հոգին ցավում է, մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանում կրկնվեն Ուկրաինայի դեպքերը: Երկու տարի Ուկրաինայի իրադարձություններին հետեւելուց հետո ռուսաստանցիների մեծ մասն ատում է «Մայդան» կոչված երեւույթը, որովհետեւ մենք մարդկանց մի տեսակ «վերաֆորմատավորման», «վերակոդավորման» ականատեսն ենք դառնում: Եթե Իվան Իվանովիչ անունով մեկը հանկարծ սկսում է իրեն «սուրբ ուկրաինացու» պես պահել եւ ասում է, որ Ուկրաինայի բոլոր անցյալ ու ապագա խնդիրների մեղավորը Ռուսաստանն է, դա առնվազն տարօրինակ է: 

 

Ռուսաստանցիները հետեւում էին այդ բոլոր զարգացումներին եւ չէին կարողանում հավատալ տեսածին: Իսկ երբ հավատացին, ապա սարսափեցին: Եվ երբ հանկարծ ինչ-որ բան սկսեց կատարվել Երեւանում, նրանք վախեցան, որ հայերը հանկարծ չկրկնեն նույն սխալը եւ իրենց երկիրը չկործանեն: Երբ Ռուսաստանի ժողովուրդը տեսավ, որ Հայաստանում ինչ-որ բան է տեղի ունենում, մարդիկ, առաջին հերթին, հայերի համար անհանգստացան, քանի որ, անկեղծ լինենք, որոշ դրվագներ հիշեցնում էին Կիեւի դեպքերը: Հայաստանյան դեպքերը ցանկացած ռուսաստանցի որպես սեփական ցավ է ընկալում:

 

Բոլորը հիանալի գիտեն՝ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, եւ ինչո՞ւ են մարդիկ դուրս եկել փողոց: Բայց հարցեր էլ կան: Ինչպե՞ս կարող է ավելցուկով էներգիա արտադրող երկիրն ամեն տարի բարձրացնի սակագները: Հասկանալի չէ՝ ինչո՞ւ իշխանությունները չեն բացատրում մարդկանց, թե ինչով է հիմնավորված սակագնի բարձրացումը: Մի քանի հարց կա, թե որոշ ընկերությունների ղեկավարությանը, եւ թե տեղի իշխանություններին: Թեեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Գազպրոմ Հայաստան» ռուսաստանյան ընկերությունները 100-տոկոսանոց դուստր ընկերություններ են, այնուամենայնիվ, դրանք հայկական իրավական անձեր են, եւ Հայաստանի իշխանությունները կարող էին մի քանի հարց տալ այդ ընկերությունների ղեկավարներին:

 

Երբ ես հետեւում եմ սոցցանցերում տեղի ունեցող քննարկումներին, եւ այնտեղ մարդիկ սկսում են վիճել, թե ով է ում ավելի պետք՝ Հայաստանը Ռուսաստանին, թե հակառակը, ապա ինձ թվում է, որ դա որեւէ տեղ չտանող ուղի է: Այս ճանապարհով որեւէ հարց չի լուծվի:

 

Լեոնիդ Մլեչին, «Ռուսաստանի հանրային հեռուստաալիքի» պատմահրապարակախոսական հաղորդումների բաժնի տնօրեն

 

Ես մեր հեռուստատեսության լրատվական հաղորդումների սիրահար չեմ երկու պատճառով: Նախ, մեր իշխանությունները հեռուստատեսությունը դիտարկում են որպես գործիք, եւ դա ամենակործանարար ազդեցությունն է գործում աշխատանքի որակի վրա: Եվ հետո, ռուսաստանյան հասարակությունը, որոշ իմաստով, գտնվում է հուզված, երբեմն գուցե հիստերիկ վիճակում, եւ դա հանգեցնում է իրավիճակը սառը դատելու անկարողությանը, ներքին կամ արտաքին թշնամիներ փնտրելուն:

 

Հայրենական հեռուստատեսությանը դա բերում է մասնագիտական հատկությունների կորստին: Մահանում են լրագրողական հիմնական երկու ժանրերը՝ հետաքննությունը եւ վերլուծությունը: Դա նշանակում է, որ մարդը,գործուղվելով ռեպորտաժ պատրաստելու համար, նախօրոք իմանում է, թե ինչից  է սկսելու, ինչ վերնագիր է ունենալու եւ ինչ է ցանկանում ասել: Իսկ դա մասնագիտական աշխատանքի խեղաթյուրում է: Դա մեր հայրենական հեռուստատեսության լրատվական ժանրի փորձանքն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին