Երեւան: Մեդիամաքս: 2014թ. վերջի դրությամբ Հայաստանում մտահոգության առարկա հանդիսացող անձանց` փախստականների, փախստականի նման կարգավիճակում հայտնվածների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ապաստան հայցողների ընդհանուր թիվը կազմել է 17 922:
Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ)՝ այսօր հրապարակած «Աշխարհը պատերազմում. գլոբալ միտումներ-2014» համաշխարհային զեկույցի տվյալները:
ՄԱԿ-ի համաձայն՝ Հայաստանում կա 3190 փախստական եւ փախստականի նման կարգավիճակ ունեցող 14 450 անձ, որոնց ճնշող մեծամասնությունը Սիրիայից գաղթած էթնիկ հայեր են: Ըստ զեկույցի՝ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց եւ ապաստան հայցողների թիվը կազմում է համապատասխանաբար՝ 206 եւ 71:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2014թ. վերջում աշխարհում պատերազմների, հակամարտությունների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով ընդհանուր փախստականների եւ տեղահանված անձանց թիվը հասել է 59,5 մլն-ի՝ նախորդ տարվա 51,2 մլն-ի համեմատ: Սա նշանակում է, որ աշխարհում ամեն 122-րդ մարդը փախստական է կամ տեղահանված:
Զեկույցում նշվում է, որ 2014թ. Թուրքիան դարձել է ամենամեծ թվով փախստականներ ընդունող պետությունը (1,59 մլն): Թուրքիային հաջորդում են Պակիստանը (1,51 մլն), Լիբանանը (1,15 մլն), Իրանը (982 հազ.), Եթովպիան (659,5 հազ.) եւ Հորդանանը (654,1 հազ.):
Ամենամեծ թվով մարդիկ հեռացել են Սիրիայից (3,8 մլն), Աֆղանստանից (2,5 մլն) եւ Սոմալիից (1,1 մլն): Ինչ վերաբերում է հայրենիք վերադարձած փախստականներին, ապա նրանց թիվը կազմում է 126,8 հազ., ինչը վերջին 31 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:
«Սարսափելի է, որ, մի կողմից, մեծանում է հակամարտություններ հրահրողների անպատժելիությունը, իսկ մյուս կողմից՝ ավելի ակնհայտ է դառնում միջազգային հանրության՝ համատեղ ուժերով աշխատելու անկարողությունը՝ պատերազմների դադարեցման եւ խաղաղության պահպանման եւ կառուցման ուղղությամբ»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: