Կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայ երեխաներին - Mediamax.am

9126 դիտում

Կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայ երեխաներին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունը պատրաստ է պատշաճ ձեւով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող հայազգի երեխաների եւ դպրոցականների համար:

Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Իրավիճակը Սիրիայում շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք, քիչ չեն նաեւ զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է  օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետեւանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետեւանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան նշել էի, որ կառավարությունը պատրաստ է պատշաճ ձեւով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների եւ դպրոցականների համար»,- ասել է վարչապետը:

 

«Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան մարմիններին կառավարության հաջորդ նիստում հանգամանալից տեղեկություն տալ իրավիճակի մասին», - հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին