Երեւան: Մեդիամաքս: UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:
Ընդհանուր առմամբ, Ազգային կոմիտեն ստացել էր 2015-2017 թթ. UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումը անցնում է գաղտնիության պայմաններում. ընտրական հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր եւ այլն):
Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդներ ստացել էին Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էին 56 թեկնածուներ: Վերջնական փուլում նրանք խմբերով են աշխատել (մասնակցել են բանավեճին եւ կատարել են ստեղծագործական առաջադրանքը), անցել են տարբեր թեմաներով երկու հարցազրույց եւ կատարել են գրավոր առաջադրանք:
Ընտրության բոլոր փուլերին մասնակցել են ընտրական հանձնաժողովի 19 անդամներ, որոնց թվում էին UWC քոլեջների շրջանավարտներ, UWC միջազգային գրասենյակի անդամներ, կրթության ոլորտի մասնագետներ ու հոգեբաններ: Վերջնական փուլում յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է ընտրական հանձնաժողովի վեց անդամների կողմից:
UWC շրջանակներում կատարվող ընտրության հիմնական առանձնահատկություններից է need-blind admission համակարգը, որը թույլ է տալիս մասնակցին գնահատել անկախ նրա ընտանիքի ֆինանսական հնարավորություններից: Ապագա ուսանողի վճարունակությունը ուսումնասիրվում է միայն նրանից հետո, երբ նա ընտրվում է UWC քոլեջներից մեկում սովորելու համար: Սովորելու մտադրությունը հաստատած թեկնածուներին, ովքեր հավակնում են կրթաթոշակի (ուսման գրանտի), ֆինանսական գնահատման ձեւ է ուղարկվում: Գրանտերը տրամադրվում են «demonstrated need» համակարգով, այսինքն` ընտանիքի հասույթները հաստատող տվյալների ու փաստաթղթերի հիման վրա: Քանի որ կրթաթոշակային հիմնադրամի միջոցները սահմանափակ են, demonstrated need համակարգը թույլ է տալիս գրանտեր տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, եւ ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:
Վերջին փուլի արդյունքներով ընտրվել են 21 երիտասարդներ Երեւանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Dilijan College-ում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդերլանդների UWC քոլեջներում:
****
2016–2018 թթ. ուսման համար դիմումների ընդունելությունը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դիմումի ձեւն ու լրացման կանոնները, ինչպես նաեւ ընտրության չափանիշները, ժամկետներն ու ընդունելության ընթացակարգերը ներկայացված են գտնել www.am.uwc.org կայքում: Ս.թ. մայիսի 16-ին UWC Dilijan քոլեջում բոլոր ցանկացողների համար կանցկացվի Բաց դռների օր՝ տեղեկատվությունը մասնակցության մասին հասանելի է այս հղումով:
Դիմումների ընդունումն ու թեկնածուների ընտրությունը իրականացնում է անկախ մարմինը՝ UWC Հայաստանի ազգային կոմիտեն: Ընտրական հանձնաժողովը ձեւավորվում է UWC-ի կողմից, նրա կազմում ընդգրկվում են նաեւ տարբեր երկրներում գտնվող UWC դպրոցների շրջանավարտներ: Որպես կանոն, քոլեջները ընդունում են թեկնածուներին՝ ազգային կոմիտեների խորհրդատվության վրա հիմնվելով: Այնուամենայնիվ, քոլեջները իրենց են վերապահում են յուրաքանչյուր ուսանողի դեպքում վերջնական որոշման կայացման իրավունքը:
UWC-քոլեջների ընդունելությունը կատարվում է բացառապես մրցութային հիմունքներով: Նախապատվություն է տրվում տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին, անկախ նրանց ծագումից: Ընտրության նման համակարգը հավասար հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից, լեզվից ու ծնողների ֆինանսական հնարավորություններից: Այն նաեւ հնարավորություն է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող երիտասարդների, ովքեր տարբեր մշակույթներ են ներկայացնում:
****
2014–2016 թթ. UWC դպրոցներում սովորելու համար Հայաստանի UWC ազգային կոմիտեն ընտրել էր 22 հոգու: Նրանցից մեծ մասը սովորում են գրանտների հաշվին, որոնք տրամադրվել են քոլեջների, RVVZ ու IDeA հիմնադրամների հիմնադիրների եւ այլ բարերարների կողմից :
2015–2017թթ. UWC քոլեջներում ուսանելու դիմումներ կարող էին ներկայացնել Հայաստանի այն քաղաքացիները, ում տարիքը ուսման մեկնարկի պահին, այսինքն` 2015 թ. օգոստոսի վերջին, կլինի 16-ից ոչ պակաս եւ 18-ից ոչ ավել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: