UWC Դիլիջան քոլեջի շենքը BREEAM հավաստագրի է արժանացել - Mediamax.am

9511 դիտում

UWC Դիլիջան քոլեջի շենքը BREEAM հավաստագրի է արժանացել


UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում
UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում

Լուսանկարը` Danil Kolodin/IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն է, որն արժանացել է միջազգային հեղինակավոր BREEAM (BRE Environmental Assessment Method) վարկանիշային համակարգի հավաստագրի՝ գնահատվելով շենքերի էկոլոգիական արդյունավետության «լավ» մակարդակով:

BREEAM-ը շենքերի եւ շինարարական աշխատանքների էկոարդյունավետության գնահատման հայտնի վարկանիշային համակարգ է, որի մեթոդաբանությամբ հաշվի է առնվում շենքի նախագծման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությունը եւ «կանաչ չափանիշների» պահպանությունը: BREEAM-ի հավաստագիրն աշխարհում ընդունվում է որպես շենքերի էկոլոգիական որակի լավագույն ցուցանիշ:

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ BREEAM-ի մեթոդաբանության համաձայն՝  գնահատվել են UWC Դիլիջան քոլեջի շենքի կանաչ տանիքի ու պատերի լուծումները, շենքերի կառավարման համակարգը, ինչպես նաեւ հաշվի են առնվել էներգաարդյունավետությունը, առողջության վրա ազդեցությունը,  ջրամատակարարման ենթակառուցվածքները, կենսագործունեության անվտանգությունը, էկոլոգիան, հողօգտագործման, աղտոտվածության, թափոնների վերաօգտագործման հարցերը:

 

UWC Դիլիջան քոլեջի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

 

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

 

Քոլեջի կառուցումն իրականացրել են հետեւյալ ընկերությունները. «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Հայաստան)՝ նախագծի պատվիրատու, «Tim Flynn Architects» (London)՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, «RD քոնսթրաքշըն մենեջմենթ» (Ռուսաստան)՝   գլխավոր կապալառու եւ գլխավոր նախագծող:

 

2014թ. ամռանն ավարտվել  է նախագծի իրականացման առաջին փուլի շինարարությունը (մոտ 37,5 հազ. քմ ընդհանուր շենքային եւ 43 հազ. քմ բարեկարգված տարածքով)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին