Լույս է տեսել «100 տարի… Իրական պատմություններ» գիրքը - Mediamax.am

5320 դիտում

Լույս է տեսել «100 տարի… Իրական պատմություններ» գիրքը


Կարեն Բեքարյանը
Կարեն Բեքարյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել «100 տարի… Իրական պատմություններ» գրքի շնորհանդեսը:

Գրքում ուղղակի շարադրանքով՝ առանց խմբագրման, տեղ են գտել շուրջ 50 իրական պատմություններ, որտեղ Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգները պատմում են այն մասին, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարեւանները կամ ընկերները:

 

Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության եւ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով: Գրքի պատրաստումն ու լույսընծայումն իրականացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության օժանդակությամբ՝ «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում:

 

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ այս նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում:

 

«Ցեղասպանությունը վերապրած հայերի թվում կան մարդիկ, ում կյանքը փրկվել է թուրք հարեւանի, ընկերոջ, իրադարձությանն ականատես հասարակ թուրք մարդու կողմից: Ծրագրի նպատակն էր բարձրաձայնել այս մասին, որպեսզի արված լավ քայլը չմոռացվի: Խնդիր կար ի ցույց դնելու արդար հիշողության բոլոր սեգմենտները»,- ասել է Կարեն Բեքարյանը:

 

Թուրքիայում ծրագրի գործընկերը Tursu.tv production ընկերության ջանքերով Հայոց ցեղասպանության վերապրածների իրական պատմությունները թուրքերեն լեզվով հրապարակվել են Թուրքիայի 8 խոշոր ԶԼՄ-ներում՝ Taraf, Zaman, Radikal, Demokrat haber, Evrensel, Yurt, T24 լրատվամիջոցներում:

 

«Թուրքիայի հանրության ներսում առկա տաբուների պատճառով այս պատմությունները հասու չէին թուրքական հասարակության լայն զանգվածներին: Այս պատմությունների հրապարակման շնորհիվ փորձ արվեց փոխադարձ վստահության կամուրջ կառուցել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ»,- նկատել է Կարեն Բեքարյանը:

 

Ծրագրի թուրք գործընկեր, T24 լրատվամիջոցի սյունակագիր Արիս Նալջն այսօր Երեւանում ասել է, որ պատմությունների անփոփոխ հրապարակումը թուրքական ԶԼՄ-ներում ապացուցեց՝ Թուրքիայում անհնար ոչինչ չկա:

 

«Մենք ներկայացրել ենք, թե ինչ են այսօր մտածում վերապրածների ժառանգները: Այժմ՝ 2015 թ.-ի շեմին,  շատ հետաքրքիր կլինի լսել, թե ինչ են մտածում այն թուրքերի ժառանգները, ովքեր Ցեղասպանության ժամանակ փրկել են հայերին»,- ասել է Արիս Նալջը:  

 

Գիրքը տպագրվել է հայերեն, թուրքերեն, անգլերեն լեզուներով: Գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը Ստամբուլում կայացել է դեկտեմբերի 16-ին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին