Հասան Ջեմալը՝ ցեղասպանության, վախերի եւ ապագայի մասին - Mediamax.am

4783 դիտում

Հասան Ջեմալը՝ ցեղասպանության, վախերի եւ ապագայի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիվիլիթաս հիմնադրամի հրավերով Հայաստան է ժամանել հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն է:

 

2012 թ. Հասան Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որտեղ նկարագրել է իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն: Դեկտեմբերի 11-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Հասան Ջեմալի  գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը ներկա է գտնվել միջոցառմանը եւ գրի առել Հասան Ջեմալի մտքերը:

 

 

Ազգայնականությունը խաղաղության թշնամին է

 

«Ինձ այստեղ են բերել իմ սիրելի Հրանտ Դինքի ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է: Նրա մեծ ցավը պատճառ դարձավ, որպեսզի ես գրեմ այս գիրքը: Ես հաճախ եմ ասում՝ ցավերը հասունացնում են եւ՛ մարդկանց, եւ՛ ժողովուրդներին: Իմ սիրելի բարեկամ Հրանտը կյանքով վճարեց, բայց կարողացավ հասարակության մեջ «տեղաշարժել կարեւոր քարերը», ինչի օգնությամբ կարող ենք հաղթահարել թուրքերի եւ հայերի պատմական ցավը: Նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին: Դինքը կարողացավ ցեղասպանության ցավը եւս մեկ անգամ զգացնել տալ մեզ: Նա բացեց իմ սրտի դուռը դեպի հայերի ապրած վիշտը: Հրանտն ազատ արձակեց իմ գերի ընկած միտքը եւ օգնեց ըմբռնել, որ ցանկացած տեսակի ազգայնականություն խաղաղության թշնամին է: Այն համաճարակի նման է: Հայոց ցեղասպանության հիմքում հենց  թուրքական ազգայնականությունն էր ընկած»:  

 

Մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը

 

«Մենք պարտավոր ենք պատմությունն ազատել գիշերային սարսափից: Մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը: Այս վախը շատ տարածված է իմ երկրում՝ Թուրքիայում: Եկե՛ք չվախենանք անցյալից, չթողնե՛նք, որ անցյալը բռնի մեր փեշերից, եւ պատմությունը մեզ պատանդ դարձնի: Պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ: Պատմության կանխակալ մտքերից ազատվելով՝ անցյալը կհիշենք ոչ թե ատելությամբ, այլ ցավով: Հրանտ եղբայրս մեկ մոմ վառեց այս ճանապարհին, հիմա հերթը մերն է:  

 

Ես հասկանում եմ, որ առանց ձեր ցավը կիսելու եւ հասկանալու, հնարավոր չէ ապագա կերտել: Երբ գրում էի այս գիրքը, ես այն չէի գրում որպես Ջեմալ փաշայի թոռ: Եթե նման կարծիք կա, այն սխալ է: Մի կողմ թողնենք իմ ընտանեկան պատկանելիությունը, պատմական բեռը: Ես գրեցի այս գիրքը, քանի որ, որպես մտածող մարդ, ցանկանում էի հասկանալ, թե ի՞նչ է Օսմանյան կայսրության պատմությունը: Ես սկսեցի ամեն ինչ հարցականի տակ դնել: Ես սկսեցի կասկածի տակ դնել այն պատմությունը, որը մենք սովորում ենք դպրոցում եւ համալսարանում: Ես կասկածներ ունեի թուրքական պաշտոնական թեզի վերաբերյալ: Հասկացա, որ այն հորինված, սուտ պատմություն է: Երբ սովորում էի քաղաքագիտության ֆակուլտետում, նկատում էի, որ մի բան այն չէ այս պատմության հետ, եւ սկսեցի հետազոտել ոչ միայն քրդական հարցը, այլեւ 1915թ.-ի, հետո նաեւ 1930-ականներին Դերսիմի կոտորածները: 1915 թ.-ի մասին խոսելը իսկապես մեծ գլխացավանք կարող էր առաջացնել, եւ Հրանտ Դինքը գիտեր դա, բայց նա «անհանգստացրեց» մարդկանց այդ հարցով, եւ իրենից հետո մենք հասկացանք, որ Ցեղասպանության հարցը ոչ միայն անցյալի, այլեւ այսօրվա եւ վաղվա խնդիր է: Հրանտի մահն էր պատճառը, որ ես սկսեցի ավելի լավ հասկանալ, թե ինչ է Ցեղասպանության ցավը: Ես, որպես անձ, փորձեցի ավելի մանրամասն ծանոթանալ այս հարցին, ինչը հեշտ չէր: Ես պարտք ունեի Հրանտին, եւ սա այդ պարտքն էր: Տեր եմ կանգնում իր հիշողությանը: Թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսության ուղիները պետք է բացվեն: Մարդիկ պետք է ճանաչեն միմյանց»:

 

Թուրքերը պետք է առերեսվեն, իսկ հայերը՝ բուժվեն

 

«Թուրքական հասարակությունը, պետությունը պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբ մենք կկարողանանք առերեսվել պատմության հետ, այն ժամանակ միայն մեր հողերում խաղաղություն կտիրի, եւ մենք կդառնանք հասուն ժողովուրդ: Կրկին պիտի հիշեմ Հրանտ Դինքին, ով ասում էր. «Պատմության ձեռքում գերի չմնալու համար թուրքերը պետք է առերեսվեն, իսկ հայերը՝ բուժվեն»: Սա շատ կարեւոր է:  Հայերի եւ թուրքերի միջեւ մեծ պատեր կան: Այդ պատերն առկա են թե սահմանին, թե մեր սրտերում: Բայց այս պատերի ստեղծման համար կան պատճառներ՝ անցյալի ցավերը, թուրքական պետականության մեծ սխալները եւ այլ բազմաթիվ գործոններ: Բայց այսօր հայերն ու թուրքերը պետք է փորձեն քանդել այս պատերը, եւ հասարակական կազմակերպությունները օգնում են մեզ այս հարցում: Ես համոզված եմ, որ սա ազդեցություն կունենա նաեւ պետության եւ քաղաքական գործիչների վրա»:

 

Զգում եմ գենետիկորեն փոխանցվող թուրքական ազգայնականությունը

 

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակին չորս ու կես ամիս է մնացել: Ես չգիտեմ, թե ի՞նչ է պատրաստվում անել թուրքական պետությունը: Երբ լրագրության մեջ որոշակի տարիքի ես հասնում, դժվար է դառնում լսել այն, ինչի մասին խոսվում է վարագույրից այն կողմ: Ես շատ եմ քննադատում նախագահ Էրդողանին: Սակայն, այս տարվա ապրիլին իմ հոդվածներում ես գրեցի, որ կարեւորում եմ Էրդողանի կողմից հայերին ցավակցական ուղերձ հղելու քայլը: Ես այն դրական որակեցի: Սա Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ նման  բարձր մակարդակով արված առաջին ելույթն էր, սակայն, այն, իհարկե, թերություններ ուներ: Ինձ համար այդ ուղերձը մտածողության փոփոխություն չէր պարունակում: Ես դեռ զգում եմ գենետիկորեն փոխանցվող թուրքական ազգայնականությունը, որը չի վերացել, եւ այս հարցում ես ունեի քննադատական մոտեցում: Ժամանակը ցույց տվեց, որ ես սխալ չէի, քանի որ կարճ ժամանակ անց Էրդողանն ասաց՝ «Կներեք, ինձ հայ են անվանում»: Այստեղ հակասական բաներ են նկատվում: Հրանտ Դինքի սպանությունից հետո էլ Էրդողանն ասաց, որ դա անձնական թշնամանքի հողի վրա կատարված սպանություն էր: Սրանից ելնելով՝ ես այդքան էլ լավատես չեմ այն հարցում, թե ինչ կանի Թուրքիան հարյուրամյակին ընդառաջ: Սակայն եթե նա ցավակցական ուղերձով է հանդես եկել, ուրեմն կկարողանա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին որոշակի քայլեր անել եւ մի փոքր առաջ կգնա իր ցավակցական ուղերձից: Կարող է պատահե, սակայն 1915թ.-ի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելը Թուրքիա պետության կողմից շատ հեռավոր քայլ է: Նախքան ներողություն խնդրելը, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը, պատմության դասագրքեր վերանայելը Թուրքիան, որպես պետություն, պետք է շատ ճանապարհ անցնի»:

 

Հասան Ջեմալի մտքերը գրի է առել Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին