Նորարարական տաքսի ծառայություն. համակարգը թույլ է տալիս գնահատել վարորդին - Mediamax.am

exclusive
4149 դիտում

Նորարարական տաքսի ծառայություն. համակարգը թույլ է տալիս գնահատել վարորդին


Լուսանկարը` Photolure


Ուշացած տաքսի ու անբարեխիղճ վարորդ: Ահա այն հիմնական գործոնները, որոնք դրդել են «ՋՋ լաբարաթորիզ» ընկերությանը ստեղծել ggTaxi ծառայությունը: Օգտվել կարելի է կամ ինտերնետի, կամ սմարթֆոնների համար ստեղծված ծրագրի միջոցով: Գրանցված 50 անհատ տաքսու վարորդների ծառայությունից պատվիրատուն ոչ միայն օգտվում է, այլեւ գնահատելու եւ իր գնահատականներով անբարեխիճ վարորդին համակարգից հեռացնելու հնարավորություն ունի: Պատվիրատուն կարող է նաեւ նշել, թե ինչպիսին է ցանկանում, որ լինի վարորդը, ինչ մեքենայով, քանի նստատեղով եւ այլն:

 

«Ծրագիրը թույլ է տալիս GPS-ի միջոցով հետեւել, թե երբ կմոտենա մեքենան: Հնարավոր է նույնիսկ հաշվիչ չլինի, բայց սմարթֆոնի հավելվածը հաշվում է ճանապարհն ու ներկայացնում սակագինը»,- մամուլի ասուլիսին հայտնել է ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

 

Սկզբնական շրջանում նպատակ են ունեցել ներգրավել մեծ տաքսի ծառայությունները, սակայն դիմել են միայն անհատները: Ծառայությունում գրանցված վարորդները հիմնականում երիտասարդ են, տարեց միայն երկու վարորդ ունեն: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլորը հարցազրույցի փուլ են անցնում, եւ խիստ ընտրություն է կատարվում: Համակարգում գրանցումն անվճար է, միայն թե ամեն մի պատվերից վարորդը պետք է վճարի 100 դրամ:

Համակարգում գրանցված անհատ վարորդ Տիգրան Իսկանդարյանն արդեն 5 ամիս է աշխատում է այս տարբերակով:

 

«Առավելությունները շատ են. պատվիրատուն տեսնում է՝ վարորդն ուր հասավ, նույնը՝ վարորդը, ավելի քաղաքակիրթ տարբերակ է, մեր վարորդներն էլ բարձր մակարդակով աշխատում են: Գնահատելու մեխանիզմը շատ ճիշտ է, ես շատ լավ եմ նայում դրան»,- Մեդիամաքս-ին ասել է նա:

 

Մեկ այլ վարորդ՝ Կարո Դավոյանն էլ նշել է, որ գոհ է աշխատանքի այս ձեւից. «Դիսպետչեր չկա, ծրագրով կարողանում ենք գտնել շենքը, փողոցը, տունը: Մինչեւ Վրաստան պատվեր եմ ունեցել: Մոտ 6 ամիս է համակարգի մեջ եմ: Միշտ մտածում եմ, որ լավ ծառայություն մատուցեմ, դժգոհություններ չլինեն: Պետք է հաճախորդին սիրալիր վերաբերվել եւ բարեխիղճ լինել»:

 

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, այս համակարգն այնքանով է լավ, որ անհատները կանոնավոր աշխատանք կունենան:

 

«Օնլայն տարբերակը լավ է, որովհետեւ քարտեզի վրա ցույց է տալիս, թե որտեղ է մեքենան, երբ կհասնի: Եթե ծառայությունը արագ սպասարկելուն ծառայի, հրաշալի կլինի: Հաճախ է լինում, որ զանգում ես, ասում են՝ 10 րոպեից, բայց 40 րոպեից են մոտենում: Սա հանգեցրել է նրան, որ մարդիկ չեն պատվիրում, փողոցից են տաքսի գտնում: Վարորդներին գնահատելու հնարավորությունն էլ է կարեւոր, քանի որ այդպես ծառայությունն ավելի լավը կլինի, իրենք զգոն կլինեն»,- ասել է նա:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին