«Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով: Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա»:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իր այս տեսլականը հոկտեմբերի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հայկական սփյուռքի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը՝ Նյու Յորքի Հանրային գրադարանի նախկին տնօրեն, Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահ Վարդան Գրեգորյանը:
Վարդան Գրեգորյանը ծնվել է 1934 թվականին Իրանում՝ Թավրիզ քաղաքում: Տեղափոխվելով ԱՄՆ` գերազանցությամբ ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ մասնագիտանալով պատմության եւ հումանիտար գիտությունների ոլորտում:
1981 թ. Վարդան Գրեգորյանը դարձավ Նյու Յորքի հանրային գրադարանի ղեկավարը: Այդ պաշտոնից նրա հեռանալու կապակցությամբ «Նյու Յորք Թայմս»-ը գրել էր. «Գրեգորյանը տվեց մեզ Ֆլորենցիան, Աթենքը եւ Կարթագենը, եւ մենք խոնարհվում ենք նրա հոյակերտ ընծաների առջեւ»:
1988 թվականին Վարդան Գրեգորյանը գլխավորեց Բրաունի համալսարանը, այնուհետեւ դարձավ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահը:
2004 թվականին Վարդան Գրեգորյանը արժանացավ ամերիկյան ամենաբարձր քաղաքացիական պարգեւին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը նրան շնորհեց «Ազատության» մեդալը:
Վարդան Գրեգորյանը հոկտեմբերի 11-ին պաշտոնապես բացված UWC Dilijan College-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ներկայացնում ենք հատվածներ Ամերիկյան համալսարանում Վարդանի Գրեգորյանի ելույթից.
Կրթության մասին
«Յուրաքանչյուր ուսուցիչ, ում դասերին հաճախել եմ, ինձ համար դարձել է առաջնորդ, մենթոր, ով անպայման ուզում էր, որպեսզի հաջողության հասնեմ: Իմ ուսուցիչներն իրենց առջեւ խնդիր էին դրել՝ անել այնպես, որ ես հաջողության հասնեմ: Յուրաքանչյուր սովորող անձնավորության մեջ կա մի բան, որը պետք է բացահայտել, արթնացնել նրա մեջ սերը դեպի կրթությունը: Բախտս բերել է, քանի որ ողջ կյանքից ընթացքում անծանոթ, օտար մարդիկ հոր կերպարի դեր են կատարել ինձ համար, ինչպես օրինակ Սիմոն Վրացյանը»:
Ազնվության մասին
«Տատիկս ասում էր՝ ունեցածդ ամեն ինչ սակարկելի է. արտաքինդ կասկածելի է, խելքդ կասկածելի է, բայց թույլ չտաս, որ երբեւէ ինչ-որ մեկը կասկածի տակ դնի քո ազնվությունը: Եթե ազնվությունից զրկվես, կզրկվես ամեն ինչից, սնանկ կլինես: Հնարավոր է՝ լինես հարուստ, բայց ոչինչ չունենաս»:
Գրադարանի մասին
«Երբ հրաժարվեցի Փենսինլվանիայի համալսարանից եւ աշխատանքի անցա Նյու-Յորքի հանրային գրադարանում, ինձ ասում էին, որ գրադարանը սնանկանալու է մեկ տարվա ընթացքում: Ինձ հարցնում էին՝ ինչի՞դ է դա պետք: Բայց գրադարանը ինձ համար շատ թանկ վայր է: Այն ժողովրդավարության վկայություն է եւ քաղաքակրթության ԴՆԹ-ն»:
Հարստության մասին
«Հարուստ մահացողը մահանում է պատվազուրկ: Ուրեմն նա այնքան երեւակայություն չի ունեցել, որպեսզի ներդնի իր գումարները հասարակության համար: Քանի կենդանի ես, պետք է ներդրումներ կատարես հանուն քո հասարակության եւ ազգի: Այս դասը քաղել եմ Դեյլ Կարնեգիից»:
Կրթության, սփյուռքի եւ տեղացի գործարարների մասին
«Հայաստանը պետք է խորապես երախտապարտ լինի ԱՄՆ հայկական համայնքին ՝ Հայաստանում Ամերիկյան համալսարան հիմնելու համար: Սակայն Հայաստանը չպետք է միայն ստացող լինի: Հայաստանը պետք է շենացվի ներսից՝ տեղացի գործարարների ներդրումներով: Նրանք պետք է օգնեն հայաստանյան համալսարաններին: Մենք սիրում ենք կրկնել, որ հայ ժողովուրդը սիրում է գիրքը, իր մշակույթը, ճարտարապետությունը, սակայն գործնականում այդ սերը չենք կիրառում: ԱՄՆ-ում բարեգործությունը պարտադիր պայման է: Եթե մարդ հարուստ է եւ բարեգործություն չի անում, դա ամոթ է: Հիանալի կլիներ, եթե Հայաստանում ասեին, որ, այո՛, սփյուռքն արել է իր անելիքը, ես էլ իմ հերթին կանեմ գործի իմ բաժինը, քանի որ սա մեր երկիրն է: Քսան տարվա անկախությունից հետո այս երկրում ստեղծված հարստությունը պետք է կրկին ներդրվի այս երկրում»:
«Նրանք, ովքեր անուշադրության են մատնում կրթությունը, գիտահետազոտական հաստատությունները, բուհերը, դավաճանում են երկիրը: Ցավալի է տեսնել, որ մեր գիտնականները լավ չեն վարձատրվում: Մեր ազգը բավական հարուստ է ՝ մեզ նման բան թույլ չտալու համար: Մենք պետք է պարծենանք, որ Մեսրոպ Մաշտոցի, անկախության համար զոհվածների արժանի հետնորդներն ենք»:
Հայրենիքը շենացնելու մասին
«Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շենացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել մեր տարածաշրջանը: Հիմա այլեւս սրան արդարացում չկա: Մենք պետք է ներդրումներ անենք մեր երկրում»:
Վարդան Գրեգորյանի մտքերը գրի է առել Եկատերինա Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: