Այսօր լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակը:
Կոմիտասը՝ Սողոմոն Գեւորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, բայց նաեւ երգեր էր հորինում եւ օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաեւ կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրել է մորը, երբ նույնիսկ մեկ տարեկան չէր։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա էր վերցրել տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվել է տեղի չորսամսյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել Բուրսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
Նա հիանալի երգում էր, եւ պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվեց սարկավագ։1893-ին նա ավարտեց ճեմարանը, ապա նրան շնորհվեց աբեղայի աստիճան եւ տրվեց 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվեց երաժշտության ուսուցիչ։
Կոմիտաս վարդապետը
Լուսանկարը՝ http://www.komitas.am կայքից
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծեց երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ժողովրդական երգեր մշակեց, գրեց իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվեց վարդապետի հոգեւոր աստիճանով:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվեց պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում էր Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր եւ երաժշտության պատմության դասախոսություններին:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադարձավ Էջմիածին եւ ձեռնամուխ եղավ իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխեց երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծեց ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջեց Հայաստանի շատ վայրերում՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարեց երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվեց նաեւ գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրելով հայ ժողովրդական եւ հոգեւոր մեղեդիները, աշխատելով հայկական խազերի վերծանման վրա: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող եւ պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսեց խորհել նաեւ երաժշտական խոշոր, մոնումենտալ ձեւերի մասին: Մտադրվում էր ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում էր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
1910 թ-ին Կոմիտասը թողեց Էջմիածինը ու մեկնեց Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:
1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաեւ Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես եղավ հայ ժողովրդի բնաջնջմանը։ Ու թեեւ ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացավ եւ նրան տեղափոխեցին հոգեբուժարան։
Կոմիտաս վարդապետի արձանը
Լուսանկարը՝ Photolure
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ այնտեղ գրեթե քսան տարի անցկացնելով։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին մեծն Կոմիտասի կյանքը ընդհատվեց։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան եւ հողին հանձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: